Լրահոս
Օրվա լրահոսը

Անրի Ռենո. «Որքան Հայաստանը լինի ֆրանկոֆոն, այնքան ավելի ուժեղ կզգա իրեն ամբողջ աշխարհում»

Նոյեմբեր 01,2013 15:34

Այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովն անցկացվում է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովի շրջանակներում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան իր խոսքում ասաց, որ գիտաժողովը կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) աջակցությամբ` Ֆրանկոֆոնիայի և գլոբալիզացիայի ուսումնասիրության ինստիտուտի հետ համագործակցաբար: «Այն նպատակ ունի ներկայացնելու ֆրանսերենի ու ֆրանսերենով դասավանդման դերը մեր տարածաշրջանում՝ բազմալեզվության խթանման գործում, բացահայտել մարտահրավերներն ու տարածաշրջանում դասավանդումը զարգացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս միջոցառումն իրականացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի` որպես լիիրավ անդամ անդամակցությունն արժևորելու համատեքստում»,- հավելեց ռեկտորը:

Գիտաժողովին ելույթ ունեցան մասնակիցներ Ռումինիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ալբանիայից և այլ երկրներից: Նրանցից յուրաքանչյուրը, կարևորելով ֆրանսերենի տարածումն ամբողջ աշխարհում, ներկայացրեց իր երկրում գործող ֆրանսիական ուսումնական հաստատությունների առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու խնդիրները:

Գիտաժողովից հետո լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ՀՖՀՀ-ի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան, Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի նախագահ Միշել Գիյուն, ՖՄԿ-ի կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի գծով պատասխանատու Ֆիլիպ Կանտրեն և ուրիշներ:
Հարցին, թե անդամակցությունը ՖՄԿ-ին ի՞նչ է տալիս Հայաստանին, Անրի Ռենոն պատասխանեց. «Դա շատ կոնկրետ հարց է: Հայաստանը, փաստորեն, միացել է 170 երկրներից բաղկացած մի ցանցի, այսինքն` ՄԱԿ-ին անդամակցող երկրների մեկ քառորդին: Եվ պարոն Մոնտուան էլ կարող է հաստատել, որ անդամակցությունը շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև ՀՖՀՀ-ն միացել է համալսարանական մի ցանցի, որը բաղկացած է 800 անդամներից: Պետք է նշել նաև, որ անդամակցությունը ՖՄԿ-ին Հայաստանի համար շատ կարևոր ու լուրջ նշանակություն ունի գրեթե բոլոր բնագավառներում` մշակութային, տնտեսական, քաղաքական և այլն: Կարծում եմ` որքան Հայաստանը լինի ֆրանկոֆոն, ֆրանսախոս, այնքան ավելի բաց կլինի աշխարհի համար և այնքան ավելի ուժեղ կզգա իրեն ամբողջ աշխարհում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930