Լրահոս
Օրվա լրահոսը

Կպաշտպանվեն քնած մարդկանց իրավունքները` կառավարություն ներկայացրած նախագծով

Դեկտեմբեր 12,2013 16:17 Share

Այսօր կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի`«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու առաջարկին: Ըստ առաջարկվող նախագծի,գովազդի հեռարձակման ժամանակ պետք է սահմանափակել ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումը եւ սահմանել նորմ, այդ ուժեղացումը արգելելու եւ իրավական հետեւանքներ ունենալու համար:

Կառավարությունը թեեւ հավանություն տվեց, սակայն, ըստ էության կառավարության համար այնքան էլ պարզ չէր, թե ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումն ինչ է, ուստի նաեւ առաջարկեց հստակեցնել այդ հասկացությունը:

Մինչ կառավարությունը պատգամավորից հստակ ձեւակերպում կստանա, Aravot.am-ը զրուցեց պարոն Պողոսյանի հետ եւ հստակեցրեց, թե `ինչ նկատի ուներ պատգամավորը:

Օրինակ, ինչպես բացատրեց պատգամավորը, երբ դուք հանգիստ նստած հեռուստացույցի դիմաց ու որեւէ հաղորդում եք դիտում, մեկ էլ հանկարծ այն ընդհատվում է գովազդի բարձր ձայնով, եւ օրինակ` հնարավոր է մարդ վախենա, վեր թռնի, կամ քնած երեխա լինի տանը, իսկ գովազդային նման բարձր բացականչությունները կարող են բացասական ազդեցություն թողնել մարդկանց վրա:

Ընդ որում, այս խնդիրը հոգեբանների հետ քննարկելուց հետո է պատգամավորն այդ առաջարկությունը կատարել:

Պողոսյանի ներկայացմամբ` գովազդատուները կոմերցիոն իմաստով իրենց եկամուտի հետեւից են ընկնում, եւ ձայնային նման խորամանկություն կիրառելն էլ գովազդային հնարք է, որը իսկապես կարող է մարդուն գրավել, ինչպես օրինակ` «Մարդ 25 անգամ մի բանը լսում է` ցանկանում է, աչքը 27 անգամ տեսնում է`ցանկանում է, բայց շատ ժամանակ մարդկանց անհարմարություններ են պատճառում»:

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Թեւան Պողոսյանի առաջարկին հավանություն տալուց հետո ասաց` «Հետո ասում են, որ ընդդիմության նախաձեռնություններին բացասական կարծիք ենք միշտ տալիս»:

Այս առնչությամբ էլ պարոն Պողոսյանն ասաց` «Եթե նայենք վիճակագրությունը, ապա մեծամասամբ ընդդիմադիր պատգամավորների առաջարկություններին իսկապես բացասական եզրակացություն է տվել կառավարությունը: Ես եւս մեկ առաջարկ էի կատարել ամռանը. դեսպաններ նշանակելուց առաջ առաջարկել էի գան ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով ներկայանալ, ծանոթանալ եւ այլն, կարծես թե հավանություն է տրվել, բայց դա դրվեց մեկ տարվա սպասման ռեժիմի տակ, այսինքն՝ դեռ չի ընդունվել, որովհետեւ կան մարդիկ, որ այլ խնդիրներ ունեն»:

Պատգամավորը նշեց ամենաթարմ մերժումները եւս` «2014 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի շուրջ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները եւս առաջարկություններ են ներկայացրել, կառավարությունը բոլորին բացասական եզրակացություն է տվել: Այնպես է ձեւավորվել, որ ցանկացած առաջարկ, որ գալիս է ընդդիմադիր պատգամավորների կողմից, մոտ 95%-ի դեպքում, մերժվում է: Հիմա մեկ դեպքը սարքել ցուցադրական, նայեք` այս անգամ չենք մերժել, կամ պատրաստ ենք համագործակցել, ճիշտ չէ: Ցանկացած առաջարկ, որ գալիս է ընդդիմությունից, ինձ թվում է, ունենում է իր մեջ ռացիոնալ մասը, որը լավ կլինի գտնի համապատասխան արձագանքներ կառավարության կողմից, ինչպես քաղաքականության

մշակման, այնպես էլ՝ իրականացված ծրագրերի համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031