Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի հեղինակները տարբեր անեծքների ենթարկվեցին

Փետրվար 04,2014 14:12

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ոտքի է հանել անգամ
Գյումրու ամենահամեստ ու չխոսկան երիտասարդին

Երեկվանից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դարձավ թունդ անեծքի բուն Գյումրիում. պետական կառույցներում աշխատող մինչեւ 40 տարեկան երիտասարդները, որոնց վրա տարածվում է օրենքը, երեկ ամբողջ օրը օրենքի հեղինակներին թաղում ու հանում էին: Պատճառն այն էր, որ գործատուները անցել էին ռեալ քայլերի, աշխատավարձից պարտադիր պահումը այլեւս անորոշ խոսակցություն չէ: Հաշվապահներից շատերը իրենց աշխատակիցներին անկեղծորեն խոստովանել են, որ իրենք էլ են անելանելի վիճակում, պարտավոր են ենթարկվել հարկայինի պարտադրանքներին:

Ի նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանը ժամանակավորապես` մինչեւ մարտի 28-ը, կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ կետերի կիրառումը, «Առավոտ»-ը Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց` մի՞թե հունվարի աշխատավարձից պահումներ անելով չեն նսեմացնում ՍԴ-ի դերը, իմաստազրկում այս կառույցի գոյությունը: «Ես ընդհանրապես էդ օրենքին դեմ եմ, հատկապես էդ օրենքի մեջ պարտադիր բառին եմ դեմ: Եվ նաեւ դեմ եմ այն բանին, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը ինքնակոչ ձեւով իրեն դասել զարգացած երկրների շարքը ու վկայակոչելով էդ երկրների փորձը` իր մոտ մտցնում էն, ինչին ինքը պատրաստ չէ: Կառավարությունը պատրաստ չէ, իշխանությունները ընդհանրապես պատրաստ չեն, եւ մեծագույն ցանկությունը ամեն ինչում առաջադեմ երեւալու, երբ կատարված քայլերը ավելի շուտ հետընթացի մասին են խոսում, առնվազն տարօրինակ է, բայց երեւի բացատրելի է. հնարավորությունները սպառվել են՝ ուրիշ, մյուս ճանապարհներով փողեր բերելու, ու հիմա որոշել են մարդկանցից իրենց փողերը վերցնել ու նորից իրենց տալ՝ իբր թե կառավարումը երկարաձգելու, շարունակելու համար»,- մեկնաբանում է իրավապաշտպանը: Նա առաջարկում է այս նպատակի համար արդեն իսկ հաշվառված, կազմված համակարգչային ծրագրերը անմիջապես փոխել` բարի լինելով եւ հարգելով երկրի Սահմանադրությունը: «Իհարկե, սա արդեն իսկ ինքնաբացահայտում է, ինքնախոստովանություն կամ ինքնաներկայացում է, չգիտեմ, թե ինչ է, որ էն գլխից որոշել են, որ պարտադիր պետք է օրենքը անցնի` առանց մտածելու, որ հնարավոր է նույն ԱԺ-ում չանցնի, հնարավոր է էդ ամբողջը վիճարկվի»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը:

Իսկ ինչպե՞ս հասկանալ գործատուների պահումները` սա նշանակում է, որ ՍԴ-ն իրենց գրպանո՞ւմ է, որ այսպես, թե այնպես՝ օրենքը պիտի վավերացնի՞: «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, ես գիտեմ, որ մեր երկրի նախագահը սովորություն ունի փակ հանդիպումներ ունենալու սահմանափակ թվով մարդկանց, յուրայինների հետ, եւ էն ուղերձները, որոնք ինքն ունի հասարակությանը ներկայացնելու, անել էդ աշխատանքային հանդիպումների ժամանակ: Ես գիտեմ, որ դեկտեմբերին հանդիպումը էկոնոմիկայի նախարարի հետ էր, որտեղ ասվել է, որ փառք Աստծո, մենք ԱԺ-ում կարողացանք էդ օրենքը ընդունել: Ինքն իրենով զավեշտ է, ո՞նց էր հնարավոր չընդուներ, եթե ԱԺ-ն հենց էդ սկզբունքով էլ կազմված է, եւ բոլորի հիշողության մեջ թարմ են քվեարկության այլ տեսակները, որոնք կան գազային պայմանագրի շուրջ, կենսաթոշակայինի շուրջ: Հաջորդ փակ հանդիպումը եւ հաջորդ ուղերձը, ի դեպ, առաջինի մեջ կար նաեւ ցուցում պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներին` հանկարծ տեսեք, ուրիշ բաներ չանեք, դուք հիմիկվանից օրինակ պիտի հանդիսանաք, տեսեք՝ էս օրենքը սկսում է աշխատել: ՍԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ երեւի ասել է, որ անկախ ամեն ինչից՝ մենք շարունակելու ենք. շատ հետաքրքիր է»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը: Ըստ մեր զրուցակցի՝ եթե այլ երկրներում պարտադիրից առաջ գործել է կամավոր փուլը, որի ժամանակ մեծ թվով մարդիկ մտել են կամավոր համակարգի մեջ, պարզ է, որ այդ երկիրը ամբողջ համակարգով պատրաստ է եղել կուտակայինին: Իսկ մեր դեպքում, երբ որ 2011 թվականից եղել է կամավոր տարբերակով, եւ տնտեսագետների ասելով՝ բացարձակ ոչ մեկը կամավոր չի օգտագործել, ինքն իրենով ինդիկատոր է իշխանությունների համար՝ նման օրենք չընդունելու, որովհետեւ մարդիկ պատրաստ չեն: «Իշխանությունները իրենք պիտի առաջին օրինակը ցույց տվողը լինեն երկրի օրենքները հարգելու. մեծ թվով օրենքներ կան, որոնք առանձնապես մեր իրավունքները չեն էլ պաշտպանում, որովհետեւ մարդկանց իրավունքը ավելի բարձր է, քան օրենսդրությունը, բայց մարդիկ ենթարկվում են: Ավելի բարձր հարթության վրա` ենթարկվել դատարանի վճռին: Հիմա Սահմանադրական դատարանը ասել էր, որ վճիռը կլինի 28-ին, ուրեմն պիտի ենթարկվենք էդ վճռին, ինչ համակարգչային ծրագիր էլ գրված լինի, հարկավոր է հետընթաց տալ ու սպասել վճռին: Բայց փաստորեն մեր իշխանությունները վատագույն օրինակն են ցույց տալիս, թե ինչպես կարելի է չենթարկվել սեփական Սահմանադրությանը»,- ասում է Սեյրան Մարտիրոսյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սոնյա Սարգսյան says:

    Դժվար չէ հասկանալ թե որտեղից էին գալիս ,,Մինչև 25-տարեկան,, աշխատանքի ընդունելու մեկնաբանությունը, որը դարձավ պարտադիր պայման աշխատանքի ընդունելու համար, դե մենք էլ զարմանում էինք թե այս ինչ նոր մոտեցում է ` մարդիկ 25-ից հետո աշխատելու համար ինչպես են վարվելու, ինչ աշխատանք են անելու առանց բարետես արտաքինի ոնց են պահելու իրենց ընտանիքները, բայց արի ու տես որ դեռ պարտադիր թոշակային ֆոնդ էլ կա, ու ով չվճարի հաստատ մեկ ուրիշը կգտնվի այսքան մեծ գործազրկության պայմաններում, այն էլ երիտասարդների շրջանում, քանի որ դիպլոմ ունենալը դեռևս աշխատանքի տեղվորվելու արգասիք չէ, պետք է նաև աշխատանքային փորձ, որը կարելի է ձեռք բերել գործատուների մոտ աշխատելով, սակայն անվճար լավագույն դեպքում , քանի որ կա ,, կուտակային համակարգը,, սոց.հարկերից բացի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728