Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Գյումրիում. պարալիզացվել է անգամ շտապօգնության աշխատանքը (ֆոտոշարք)

Մարտ 03,2014 15:58

Մոտ 10 օր է` եղանակների փոքր ինչ տաքանալուն պես, Գյումրին թաղվել է ցեխի մեջ. հատկապես երկրորդական փողոցները դարձել են պատուհաս քաղաքացիների գլխին. ով սխալվում, տնից դուրս է գալիս, այլևս չի կարողանում տուն վերադառնալ: Մարդիկ մոլորվել են` ինչպե՞ս դպրոց կամ մանկապարտեզ տանեն երեխաներին կամ իրենք հասնեն աշխատավայր: Պարալիզացվել են անգամ հասարակական տրանսպորտի ու շտապօգնության աշխատանքները: Այս մասին այսօր Գյումրու քաղաքապետարանում ցեխոտ փողոցների թեմայով հրավիրված խորհրդակցության ժամանակ Ջրմուղի ղեկավարությանը դժգոհեց նաև քաղաքապետ Բալասանյանը` նշելով, որ արտակարգ իրավիճակ է Գյումրիում:

Իսկ Ֆեյսբուք սոցիալական ցանցը հեղեղվել է Գյումրու տարբեր թաղերի լուսանկարներով, բնակիչները, տեսնելով, որ իրենց ձայնը լսող չկա, սկսել են լուսանկարել իրենց փողոցները ու համացանցում բացատրություն պահանջել: Նույնիսկ օգտատերերից մեկը կատակով առաջարկել է Գյումրին ցեխաքաղաք անվանակոչել: Այդ նույն օգտատերը գրում է. «Յուրաքանչյուր գյումրեցի թող նկարի իր ցեխոտ թաղը ու նկարը տեղադրի: Առաջարկում եմ մրցույթ սկսել ցեխոտ թաղ անվանակարգով»: Մեկ այլ օգտատեր արձագանքում է. «Հիմա ի՞նչ անենք … կարո՞ղ է որպես փոքրիկ ակցիա յուրաքանչյուրս մեր թաղից մի դույլ ցեխ նվիրաբերենք Շիրակ ջրմուղկոյուղուն ու մյուս կառույցներին, ասենք քաղաքապետարան, համատիրություններ…որ նեղություն չկրեն հանկարծ…ու իմանան, որ միայն հարկեր հավաքելով գործ չեն անում… »: Մեկ այլ գյումրեցի էլ վստահեցրել է. «Սրանից հետո ես քաղաքապետարան, մարզպետարան, Ջրմուղ, էլցանց ռեզինե սապոգներով կգնամ»: «Նոր Գյումրի» խմբում գյումրեցիները իրավացիորեն դժգոհում են, թե ինչքա՞ն պիտի մնա քաղաքը անտեր:

Gyumri_Ar_I_04 Gyumri_Ar_I_03 Gyumri_Ar_I_02 Gyumri_Ar_I_05

Այսօր Գյումրու քաղաքապետը իր մոտ էր հրավիրել Ջրմուղի, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության ու ճանապարհային ոստիկանության պատասխանատուներին` քննարկելով այս թեման ու փորձելով ելք գտնել: Խորհրդակցության ընթացքում զավեշտալի մի փաստ պարզվեց. Շիրակի մարզի փրկարարները ևս ցեխերից փրկվելու կարիք ունեն: Փրկարարական ծառայության պետ Մարատ Սարիբեկյանը իր անձնական օրինակից մեջբերում արեց, թե ինչպես չի կարողացել Ղուկասյան 30 հասցեում գտնվող իր փողոցից դուրս գալ, ռեզինե ճտքակոշիկներն անգամ իրեն չեն փրկել: Ավելին, նա տեղեկացրեց, որ փրկարարները զբաղված են ջրափոսերի մեջ հայտնված մարդկանց ու նաև մեքենաների վարորդներին օգնություն ցուցաբերելով: Երեկ այդպիսի երեք կանչ է գրանցվել:

Խորհրդակցության մանրամասները` քիչ անց:

Լուսանկարները վերցված են ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի էջերից ու արտացոլում են Գյումրու տարբեր թաղամասերի փողոցները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31