Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենյանցը Ալեքսանյանից վերցրած 5000 դոլարը մանկատանը փոխանցելու մասին

Մարտ 19,2014 18:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը խոստովանելուց հետո, որ Սամվել Ալեքսանյանից 5000 դոլար գումար էր վերցրել, «Փակ շուկայի» ի օգուտ Ալեքսանյանի ակցիաներ կազմակերպելու համար, ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր արել, որ այդ  գումարը փոխանցելու է որեւէ մանկատանը:

Այսօր Aravot.am-ը պարոն Սուրենյանցից հետաքրքրվեց, թե արդյո՞ք արդեն փոխանցումը կատարել է եւ ո՞ր մանկատանն է փոխանցել, ինչին ի պատասխան Սուրենյանցն ասաց. «Այս խնդրին չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ արդեն ընդունել եմ այն սխալները, որոնք արել եմ ֆեյսբուքյան այդ գրառման մեջ»:

Պարոն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջն այս պահին ջնջված է. այս առնչությամբ էլ քաղաքագետից հետաքրքրվեցինք, ի՞նչն է դրա պատճառը: «Այսօր իմ ծնունդն է, եւ ես միշտ այդ օրը ոչ ակտիվ եմ դարձնում էջս: Օրերս նորից կվերականգնեմ այն»:

Այսօր  «Ֆորում» մամուլի ակումբում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ասուլիսը պետք է լիներ, որտեղ նա հայտարարություն պիտի աներ: Ասուլիսի մասին հայտարարության մեջ նա անձամբ խոստացել էր ներկայանալ, քանի որ կարեւոր բան պիտի ասեր: Սակայն, 40 րոպե լրագրողներին սպասեցնելուց հետո, Սուրենյանցն այդպես էլ չեկավ ակումբ:

Aravot.am-ը Սուրեն Սուրենյանցի հետ զրույցում փորձեց ճշտել ասուլիսի չկայանալու պատճառները, քաղաքագետը վստահեցրեց, որ ասուլիսին չներկայանալը զուտ տեխնիկական էր. «Մեքենան ճանապարհին խափանվեց, մինչեւ մեքենան վերանորոգեցին, 30-35 րոպե հետո եկել եմ ակումբ, բայց մարդ չկար»:

Նա ասաց, որ ասուլիսի ընթացքում էր ցանկանում իր ափսոսանքը հայտնել ֆեյսբուքյան իր գրառման համար, քանի որ վստահել է չճշտված ասեկոսեներին, որոնք հիմք են հանդիսացել ոչ համարժեք հետեւությունների եւ պնդումների. «Ես ցավում եմ, ափսոսում եմ, որ բարոյական հարթության մեջ նման վրիպում եմ թույլ տվել: Ես իրավունք չունեի խառնվելու երկու հարազատ, սիրված մարդկանց հարաբերություններին, սա էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, առավել եւս, որ երկուսի հետ էլ ունեմ հրաշալի հարաբերություններ, առավել եւս, որ երկուսն էլ փոխադարձ հարգանքի դաշտում են»:

Իսկ իր այն պնդումը, թե «Փակ շուկան» դադարել է գյուղատնտեսական շուկա լինելուց, հետեւանք է չճշտված տեղեկությունների, եւ ինքը՝ որպես 20 տարվա փորձ ունեցող լրագրող, պարտավոր էր նախ եւ առաջ ստուգել, հետո նոր նման պնդում անել. «Երեկ ես ինքս իմ աչքերով ականատես եղա, որ «Փակ շուկան» գյուղատնտեսական շուկա է մնացել եւ դարձյալ ծառայում է գյուղացիներին: Այնպես որ այս հարցում նույնպես պարոն Ալեքսանյանի մասին սխալ պնդում եմ արել»:

Իսկ իր այն հայտարարությունը, թե Սամվել Ալեքսանյանը ԵԿՄ անդամ է դարձել, որպեսզի իր որոշ հարցերը լուծի, Սուրեն Սուրենյանցը հետեւանք է համարում նրա, որ երկրապահների վերջին համագումարից հետո շատ շահարկվեց Սամվել Ալեքսանյանի ԵԿՄ վարչության անդամ դառնալու հանգամանքը: Նա համարում է, որ այդ շահարկումները ազդել են իր զգացմունքների վրա. «Իրականության մեջ Սամվել Ալեքսանյանը երկար տարիներ բարեկարգել է Եռաբլուրի տարածքը, օգնել զոհված ազատամարտիկներին եւ միանգամայն բնականորեն կարող էր դառնալ ԵԿՄ վարչության անդամ»:

Իսկ այն հարցին, թե այդ գրառումից հետո ինչպիսին են իր եւ Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները, Սուրենյանցն ասաց. «Հույս ունեմ, որ շատ շուտով այդ միջադեպի հետեւանքները կհարթվեն եւ նորմալ հարաբերություններ կլինեն»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31