Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԵԼ ՏԱՐԱԾՔԸ

Ապրիլ 04,2014 11:21 Share

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քառասունյոթերորդ

ԱԶԱՏԵԼ ՏԱՐԱԾՔԸ

Եվ Ջոնն Արշակին ասաց՝ «պարզ խոսա՝ բան հասկանանք», եւ Աբոն Արշակի փոխարեն ասաց՝ «Արշակին էստեղից հանում են», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց են հանում», եւ Աբոն ասաց՝ «շատ սովորական» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վարձով ապրողին ո՞նց են  տնից հանում. ասում են՝ վեշերդ հավաքի ու գնա», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «կարան ավելի կոպիտ էլ ասեն», եւ Արիկը Հայկունուն հարցրեց՝ «ավելի կոպիտը ո՞րն ա», եւ Ջավախյանը Հայկունու փոխարեն ասաց՝ «կարան ասեն՝ սիկտիր էղի», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին  ասաց՝ «ապրես, տղա ջան. շատ ճիշտ թարգմանեցիր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու պիտի թարգմանիչ դառնայիր, ոչ թե՝ գրող», եւ Ջավախյանը ժպտալով Արշակին հարցրեց՝ «ըտենց կոպիտ ե՞ն ասել», եւ Արշակը թախծոտ ժպտալով ասաց՝ «շատ կուլտուրական ձեւով հասկացրել են, որ մինչեւ հունվարի վերջ էս տարածքն ազատեմ», եւ Արիկն Արշակին ասաց՝ «քեզ ավելի կոպիտ չէին էլ կարա ասեին. ինչքան չըլնի՝ ահագին վախտ դեպուտատ ես էղել», եւ Արշակն ասաց՝ «էս տան տերերը շատ նորմալ մարդիկ են», եւ Արիկն Արշակին հարցրեց՝ «բա հիմա ի՞նչ ես անելու», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուք պիտի մտածեք, թե սրանից հետո որտեղ եք հավաքվելու» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թե չէ՝ ինձ ի՞նչ կա. մի ուրիշ տեղ գրասենյակ կվարձեմ», եւ Արիկը  ժպտալով ասաց՝ «փաստորեն, գրասենյակը մեռավ», եւ Արշակը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «հույս ունեմ՝ տեղ կճարենք», եւ Աբոն Արշակին  ասաց՝ «միհոգանոց կուսակցություն եք. միսենյականոց բնակարան որ վարձեք, ձեզ լրիվ հերիք ա», եւ Արիկը ժպտալով Աբոյին հարցրեց՝ «ո՞նց են միհոգանոց կուսակցություն. բա Կարենին չես հաշվո՞ւմ», եւ Օրթախ Աբոն փռթկացնելով ասաց՝ «միհոգանոց որ ասում եմ, զաթի Կարենին նկատի ունեմ», եւ երիտԱԺԴական  Կարենը, որ մինչ էդ համեստորեն ծպտուն չէր հանել, ինքնագոհ ժպտալով Օրթախին հարցրեց՝ «այսինքն, պարոն Սադոյանին չե՞ք հաշվում, պարոն Սարգսյան», եւ Աբոն ժպտալով Կարենին ասաց՝ «պարոն Սադոյանն էս կուսակցությունում ի՞նչ ա անում, որ իրան հաշվեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս կուսակցությունում ինչ որ արվել ա, դու ես արել», եւ Կարենը հաճույքից կարմրելով ասաց՝ «ես էլ առանձնապես լուրջ բան չեմ արել, պարոն Սարգսյան» եւ մի քիչ մտածեց ու ավելի կարմրելով  ավելացրեց՝ «այս տարի գրեթե ոչինչ չարեցինք», եւ Հայկունին ժամացույցին նայելով՝ Կարենին ասաց՝ «էս տարվան հըլը չորս ժամից ավել կա. ընենց որ՝ դեռ կարաք անեք», եւ Կարենը զարմացած նայեց Հայկունուն ու հարցրեց՝ «ի՞նչ կարանք անենք, պարոն Հայկունի», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «լուրջ բան», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լուրջ բան», եւ Հայկունին նայեց մեր դատարկ ու կիսադատարկ բաժակներին ու ժպտալով Կարենին հարցրեց՝ «էս բաժակները լցնելը լուրջ գործ չես համարո՞ւմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «համարում եմ», եւ Հայկունին Կարենին ասաց՝ «ուրեմն՝ բաժակները լցրու», եւ Կարենը ժպտալով բոլորիս բաժակները լցրեց, եւ Հայկունին բաժակը բարձրացնելով  ասաց՝ «էս բաժակով ուզում եմ խմել Շեկոյան Արմենի կենացը, որովհետեւ ամեն տարի ինքն ա մեզ համոզում, որ, Անանիայի ասածի պես, էսքան կարգին մարդկանցով տարվա վերջին օրն իրար գլխի հավաքվենք», եւ Ջավախյանն ասաց՝ «Արմոն համոզում ա, Աբոն էլ կազմակերպում ա», եւ Աբոն ծիծաղելով  ասաց՝ «որ չկազմակերպեմ,  Արմենի ձեռից չեմ պրծնի», եւ ես Աբոյին ասացի՝ «որ քո սրտով չըլնի, դժվար թե կազմակերպես» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «դու ինձնից շատ ես ուզում, որ տարվա վերջին օրն ըսենց իրար գլխի հավաքվենք», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «կարգին մարդկանցով», եւ Բարդուղն ասաց՝ «որ Աբոն չըլնի, էս կամպանիան դժվար թե գոյություն ունենա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «հիմի Արմոյի կենացն ենք խմո՞ւմ, թե՞ Աբոյինը», եւ Արիկն ասաց՝ «կարանք էրկուսինը միասին խմենք», եւ Բարդուղն   ասաց՝ «իրանք էն տղերքը չեն, որ իրանց կենացը միասին խմենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ կըլնի՝ առանձին-առանձին խմենք», եւ Անանիան ժպտալով Բարդուղին ասաց՝ «ես գիտեմ՝ ինչի ես դեմ, որ իրանց կենացը միասին խմենք», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ եմ դեմ», եւ Անանիան փռթկացնելով  ասաց՝ «որ առանձին խմենք, մի բաժակ ավել կխմենք», եւ Բարդուղն ապշահար նայեց Անանիային ու հարցրեց՝ «դու էլ ե՞ս ինձ խմողի տեղ դրել», եւ Անանիան մեղավոր ժպտալով ասաց՝ «հանաք եմ անում, Բարդուղ ջան», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տունը հարուր շիշ արաղ կա, բայց որ սպանեն, մի գրամ մենակ չեմ խմի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ իմ ուզած կամպանիան չըլնի, մի գրամ չեմ խմի», եւ Անանիան մեղավոր ժպտալով ասաց՝ «գիտեմ, Բարդուղ ջան», եւ Բարդուղը զարմացած նայեց Անանիային ու հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ Անանիան մեղավոր ժպտալով Բարդուղին ասաց՝ «կարող ա՞ քեզ նոր պիտի ճանաչեմ», եւ Բարդուղը մի քիչ  մտածեց ու ներողամտորեն ժպտալով Անանիային ասաց՝ «լավ ա, որ գոնե դու ես ինձ ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «թե չէ՝ որոշ մարդիկ կարծում են թե՝ խմիչքի համար խելքս իմս չի» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «որ տարիներով մի գրամ չխմեմ, հեչ վեջս չի ըլնի», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «գիտեմ, Բարդուղ ջան», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «մենակ քո իմանալը քիչ ա», եւ Օրթախ Աբոն ժպտալով ասաց՝ «մենք էլ գիտենք, Բարդուղ ջան», եւ Բարդուղը թարս նայեց Օրթախին ու նեղսրտած ասաց՝ «հեչ չի զգացվում, որ գիտեք» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «Ալբերտ Գուրգենովիչ»,  եւ Հայկունին ժպտալով Բարդուղին ասաց՝ «հեչ հանաքի չես դիմանում, այ Բարդուղ», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հանաքն էլ պիտի իմաստ ու հիմք ունենա», եւ Ջավախյանը ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «բա իմ ջանը քար ա՞, որ մի գլուխ ձեռ եք առնում», եւ Բարդուղը Ջավախյանին հարցրեց՝ «քեզ ո՞վ ա ձեռ առել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Բարդուղին ասաց՝ «մեկը՝ դու», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ քեզ ձեռ առել, այ Լեւոն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդքան Նոբելյան մրցանակիս մասին խոսում եք, կարող ա՞ էդ ձեռ առնել չի», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ես երանի կտամ, որ իմ անունը Նոբելյան մրցանակի հետ կապեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թեկուզ հանաքով»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930