Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. Քրեական դատավարության օրենսգիրքը նորմալ քննարկման մեջ է. «Փաստինֆո»

Ապրիլ 04,2014 18:24

«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում տեղ գտած նորամուծությունների քննարկումները` ներկայացնելով տարբեր կողմերի փաստարկներն ու հակափաստարկները: Սակայն, այս բանավեճին որոշակի առումով, կարծես թե, անհաղորդ է մնացել օրենսդիր մարմինը, որը, ըստ էության, կոչված է նախագիծը ընդունելու կամ մերժելու:

Տևական ժամանակ ԱԺ-ում շրջանառության մեջ գտնվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի դեռևս լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվելու պատճառների, նախագծի վիճահարույց դրույթների վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՀՀ նախկին զինվորական դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ:

– 2012թ. սեպտեմբերի 14-ից Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել կառավարության հեղինակած Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, իսկ 2013թ.-ի նոյեմբերի 29-ից՝ նախագծի լրամշակված տարբերակը: Բոլորը կարևորում են Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, սակայն այն այդպես էլ չի ստացել գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և, հետևաբար Աժ օրակարգում չի ընդգրկվել: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ ընդունումը հետաձգվում է: Ուղղակի քանի որ Քրեական դատավարության  օրենսգիրքը բարդագույն օրենսգրքերից  մեկն է և մեծածավալ է, դրա քննարկումը չի կարող լինել սովորական օրենքի նման: Մենք հեղինակների հետ արդեն հանձնաժողովի մոտ 15 նիստեր ենք կազմակերպել: Քննարկում ենք օրենսգիրքն ըստ բաժինների, ինստիտուտների, անդրադառնալով յուրաքանչյուր հոդվածի ու նորմի: Հուսամ՝ ևս մի 10-15 այդպիսի նիստ, և հեղինակների հետ մեր նախնական քննարկումը կհամարենք ավարտված:

Բայց չպետք է մոռանալ, որ օրենսգիրքը վերաբերում է իրավակիրառ շատ մարմինների, գերատեսչությունների, և մենք պետք է լսենք նաև նրանց կարծիքները՝ այս կամ այն ինստիտուտի, նորմի վերաբերյալ: Ճիշտ է՝ նրանց հետ երկար քննարկումներ   չենք կազմակերպելու, որովհետև օրենսգիրքը նախնական լուրջ լրամշակում   է անցել, բայց որոշակի քննարկումներ, այնուամենայնիվ, կլինեն:

Այնպես որ, ես կարծում եմ, որ օրենսգիրքը նորմալ քննարկման մեջ է: Իհարկե, լավ կլիներ, որ մենք օր առաջ այն ընդունեինք և կիրառման մեջ դնեինք: Բայց, կարծում եմ, սա այն դեպքն է, որ շատ շտապելն օգուտ չի կարող բերել: Օրենսգիրքը գործելու է առնվազն 10-15 տարի և չի կարելի թերի մշակված օրենսգիրք դնել գործողության մեջ:

 

Պետք է շեշտեմ, որ հեղինակային խմբի կողմից շատ մեծ աշխատանք է կատարված և լավ աշխատանք է կատարված, մեծ ծավալի, տեսական բավարար մակարդակի նախագիծ է պատրաստված, և նկատված թերություններն ու բացթողումները չեն նսեմացնում կատարված աշխատանքի արժեքը:

Քանի որ սա մասնագիտական օրենսգիրք է, և Ազգային ժողովի  ոչ բոլոր  իրավաբան պատգամավորներն են մասնագիտացված քրեական դատավարության մեջ, կարծես, ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում առանց հակասությունների, առանց  լուրջ թերությունների նախագիծ մատուցել ԱԺ-ին: ԱԺ-ի լիագումար նիստում նախագծի ներկայացման և ընդունման փուլում  նման մանրակրկիտ աշխատանք օրենսգրքի վրա հնարավոր չէ կատարել:

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930