Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Շատ վստահ էր խոսում, չէր երևում, որ մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում ներկայացրած վարչապետ է»

Ապրիլ 04,2014 19:23

«Մտավախություն ունեի, որ ՍԴ-ի որոշումից հետո Սերժ Սարգսյանը կառավարության հրաժարականը կնախաձեռնի՝ գործընթացի նախաձեռնությունը իր ձեռքը վերցնելու համար»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի՞ էր, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նկատեց, որ  այս քայլը կապված էր նաև ոչ իշխանական ուժերի քառյակի գործունեությամբ: Սակայն այն, որ հենց այս պահին վարչապետը հրաժարական կտա, այնքան էլ սպասելի չէր Արմեն Մարտիրոսյանի համար: Նա այս առիթով ասաց. «Որպես պրոցես դա կանխատեսելի էր, բայց որ այս պահին կլինի՝ ոչ, քանի որ վարչապետը շատ վստահ էր խոսում կառավարության  նիստին և չէր երևում, որ դա մեկ ամիս առաջ հրաժարականի դիմում ներկայացրած վարչապետ է»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի կառավարության  հրաժարականով մեր երկրում ոչինչ չի փոխի: Նա հավելեց. «Մենք շարունակում ենք մնալ այն համոզման, որ երկրին արմատական իշխանափոխություն է  պետք: Իրավիճակը հանգեցրել է նրան, որ անհապաղ քառյակի ղեկավարների հանդիպում է անհրաժեշտ, որ հետագա քայլերը ճշտվեն»: Մեր դիտարկմանը, թե կառավարության անվստահությունը պահանջող ընդդիմության քայլերը որո՞նք են լինելու, ո՞րն է լինելու օրակարգը: Նա պատասխանեց. «Ինչպես նախկինում նշում էինք, որ հանգրվանային իշխանափոխության ենք գնում, ապա հիմա այդ իրավիճակն ունենք, կառավարությունը հրաժարական է տվել, ուստի, որ նախաձեռնությունը ամբողջությամբ  չմնա Սերժ Սարգսյանի ձեռքին, պետք է, որ այդ փոփոխությունների ուղղությամբ քայլերը շարունակվեն: Դրա համար առանց քառյակի առաջնորդների հանդիպման հնարավոր չէ առաջ շարժվել: Երկրում միայն  խաղի կանոններ փոխելով է հնարավոր այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մեր հասարակությունը օգտվի դրանից, այլ ոչ թե ամբողջ պետական հարստությունը, բյուջեն, ազգային հարստությունը ծառայեցնեն մի խումբ մարդկանց գերշահույթներ ապահովելուն»:

Քառյակի հետագա քայլերի մասին պարոն Մարտիրոսյանն ասաց. «Հանգրվանային իշխանափոխության առաջին փուլը եղել է, հիմա շարունակում ենք ամբողջական իշխանափոխության ճանապարհով: Ժառանգությունը կողմնակից է նրան, որ երկրին անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ և արմատական բարեփոխումներ»:

Հավանական թեկնածուների մասին հարցին պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Եթե նույն այս համակարգն է մնալու, նույն այս մեծամասնությամբ, ապա  էական չէ, թե ով է լինելու վարչապետը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930