Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Զոհրաբյան. «Երբ թուրք եմ տեսնում, ավելի եմ ոգևորվում»

Ապրիլ 05,2014 16:35

«Ես միշտ պայքարում եմ, որ Թուրքիայում ավելի շատ ելույթների հնարավորություն ունենամ, և դա ինձ հաջողվում է»,- ասում է դասական մեներգիչ, տենոր, բազմաթիվ միջազգային մրցույթների «Գրան պրի» մրցանակակիր Կարեն Զոհրաբյանը, որն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսեց մարտի 28-ից 31-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված «ABANICO 2014» իսպանական երգի և պարի միջազգային մրցույթ-փառատոնի մասին, որտեղ երգիչը, ներկայացնելով մեր երկիրը, մեծահասակների տարիքային խմբում արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Սա երգչի երրորդ «Գրան պրի»-ն է:K.Z.

Կ. Զոհրաբյանն ասաց, որ այս փառատոնից հետո բազմաթիվ հրավերներ ունի արտասահմանից. «2015 թ. Մալթայում կայանալիք երգի մրցույթ-փառատոնին եմ մասնակցության հրավեր ստացել, ժյուրիի հրավեր ունեմ Ռիգայում «Ֆոլկլորային երգ» անվանակարգում: Սա կկայանա այս տարվա ապրիլի 29-ից մայիսի 4-ը: Բայց դեռ պիտի որոշեմ՝ գնա՞լ, թե՞ ոչ: Իսկ ապրիլի 30-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում մի փառատոն կա Թուրքիայի Սիդե քաղաքում, որին անպայման գնալու եմ: Պիտի հնչեցնեմ «Առանց Մասիս» ստեղծագործությունը, որի հեղինակը Ռոբերտ Պետրոսյանն է»,- նշեց երգիչը և հավելեց, որ իր համար կարգախոս և սկզբունք է դարձրել բոլոր երկրներում, առաջին իսկ հնարավորության դեպքում, հնչեցնել հայկական երաժշտությունը:

Իսկ չի՞ վախենում արդյոք Թուրքիայում հանդես գալ «Առանց Մասիս» ստեղծագործությամբ:

«Վտանգներ տեսնում եմ, իհարկե, բայց չեմ վախենում: Ես ուղղակի հույս ունեմ, որ մինչև նրանք գլխի ընկնեն՝ ես ինչ երգեցի, մենք արդեն նկարահանած-վերջացրած կլինենք»,- կատակեց տենորը և հավելեց, որ ամեն գնով պիտի մասնակցի այս փառատոնին և հնչեցնի «Առանց Մասիս» ստեղծագործությունը. «Այս երգը կատարելիս, երբ թուրք եմ տեսնում, ավելի եմ ոգևորվում»,- ասում է Կ. Զոհրաբյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930