Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին. «Ոնց որ գառների հոտի վրա գայլին պահակ դնես» (Տեսանյութ) 

Մայիս 05,2014 14:33

«Փաստորեն Արմեն Աշոտյանը, որքան էլ կրում էր այդ գաղափարախոսությունը իր մեջ, իր կուսակցական մարզպետների ճնշմանը չդիմացավ և ընկրկեց: Եթե պարոն Աշոտյանը իսկապես մի կողմ դներ կուսակցական գործունեությունը և ուսումնական հաստատությունները կարողանար զերծ պահել կուսակցական քարոզչությունից, ապա ինքը շատ լավ նախարար կլիներ: Եղածների մեջ էլ էլի լավը ինքն է»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի վերանշանակումը, այսպես պատասխանեց ԿԱԻ փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Այնուհետև շարունակեց. «Բոլորիդ հայտնի է իմ վերաբերմունքը Արմեն Աշոտյանի նկատմամբ, որը դրական է: Մենք ԱԺ-ում, երբ աշխատում էինք «Հանրակրթության մասին» օրենքի վրա, շատ լավ ենք աշխատել: Այդ օրենքում ժողովրդավար կառավարման մեխանիզմներ ենք դրել: Բայց 2009-ից սկսած, երբ նա գնաց նախարար, ես գիտեմ, թե ինքն ինչքան փորձեր է արել այդ օրենքը կյանքի կոչելու համար, բայց իրեն չհաջողվեց, քանի որ օրինակելի կանոնադրության մեջ օրենքին հակառակ բան գրվեց»:

Տիկին Բախշյանը անդրադառնալով նոր կառավարությանը՝ նշեց. «Բոլոր վարպետ ավազակները եկան դարձան նախարար: Կոնկրետ Գագիկ Խաչատրյանը, ոնց որ ասես գառների հոտի վրա գայլին պահակ դնես: Կարող է իրենք լավ կառավարիչներ են, բայց նաև շատ անազնիվ մարդիկ: Եկան, քանի որ իշխանության վերարտադրվելու համար այդպիսի պահանջարկ կա: Ինչպես կասեին սփյուռքահայերը, իրենց միջից տաքցուր- տաքցուր կեր են անում: Իսկ սրանք փորձված են, իրենց ծառայություններով՝ կեղծել և այլն, իրենց արդեն ապացուցել են, հեշտ չէ նրանցից ազատվելը: Ո՞նց ազատվեն, չէ՞ որ պարտք են նրանց՝ նախագահից սկսած»:

Տիկին Բախշյանը միևնույն ժամանակ նշեց, թե հույս ունի այս կառավարությունից՝ այդպիսով թասիբի է գցում: Իր մանկավարժական փորձից ելնելով՝ նշեց. «ամենաանհուսալի տղան, ում ուսուցիչները ասում էին դեն գցելու բան է, ես այդ տղային սիրելով ասում էի, թե դու լավն ես, և այսօր նրանցից շատերով հպարտանում եմ»:

Երվանդ Զախարյանի անունը լսելով՝ տիկին Բախշյանը խոր հոգոց հանեց:

Հովիկ Աբրահամյանի մասին ասաց. «Ինքը օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչն է: Եթե իրենց հաջողվի սեփական շահը, անձնական շահը իր ընտանիքի, հարևանի, խնամու անձնական շահը ստորադասել պետական շահից, նաև Գագիկ Ծառուկյանին նկատի ունեմ, ապա կլինի: Չգիտեմ՝ կստացվի, թե՝ ոչ, դրա համար ասում եմ՝ թասիբի եմ գցում»:

Համեմատելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ տիկին Բախշյանը նշեց. «Հովիկ Աբրահամյանը տնտեսությունը գիտի հողի վրա կանգնած, ոչ թե օդից, ինչպես Տիգրան Սարգսյանը»:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Տիկին Ա.Բախշյանի միամտությունը (կամ էլ միամիտ ձևանալը) միայն մեղմ ժպիտ է առաջացնում:Գ.Խաչատրյանի և Ա.Աշոտյանի տարբերությունը նրանց կարողության մեջ է միայն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031