Լրահոս
Օրվա լրահոսը

Չտեսնող, բայց պրոֆեսիոնալ մերսողին չեն ընդունել աշխատանքի, ասելով` աղջիկ հաճախորդները կամաչեն

Մայիս 05,2014 17:21

Կառավարությունը կրճատում է հաշմանդամներին աջակցող ծրագրերը: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Նրա ներկայացմամբ` աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրով նախկինում նախատեսվում էր հաշմանդամ աշխատակցի աշխատավարձի կեսը 2 տարի փոխհատուցել, կառավարության որոշմամբ` 2 տարին կրճատվել, դարձել է 6 ամիս: Այսինքն, գործատուին խրախուսելու համար, որպեսզի հաշմանդամ մարդուն ընդունի աշխատանքի, պետությունը այդ աշխատակցի աշխատավարձի կեսը վերադարձնում էր գործատուին ուղիղ 2 տարի, այժմ`ընդամենը 6 ամիս: Այս որոշման հետեւանքով, ինչպես որոշ գործատուներ վստահեցրել են հ/կ-ի ղեկավարին, ամենեւին էլ չեն շահագրգռվի հաշմանդամներին աշխատանքի ընդունել: Ընդ որում, պարոն Ալավերդյանի վստահեցմամբ` նախկինում հաշմանդամության բոլոր խմբի մարդիկ իրավունք ունեին օգտվել այդ ծրագրից` մի մասը` 2 տարով, մի մասը` 1 տարի ժամկետով. հիմա միայն 1-ին խմբի հաշմանդամներն են օգտվելու, իսկ 2-3-րդ խմբի անձինք դժվարությամբ կներառվեն այդ ծրագրում, քանի որ ավելորդ, բյուրոկրատական քաշքշուկներ են նախատեսված` ասենք` ինչ-որ փաստաթուղթ ներկայացնել, որ թրաֆիկինգի զոհ է եւ նման այլ բաներ:

Մանրամասն` շուտով տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ աշխատում հաշմանդամներին վերապատրաստելու, մասնագիտական որակավորումով ապահովելու ծրագիրը, հնարավո՞ր է գործատուների համար այնքան էլ լավ մասնագետներ չեն պատրաստում, հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանն ասաց, որ միշտ չէ, որ խնդիրը հաշմանդամի հմտության հետ է կապված լինում: Իսկ պարոն Ալավերդյանն էլ մի դեպք պատմեց, թե ինչպես բարձր որակավորում ունեցող չտեսնող մարդուն գործատուն անհեթեթ պատճառաբանությամբ աշխատանքի չի ընդունել. «Շատ լավ մերսող է, բարձրագույն կրթությամբ, բոլոր կուրսերն անցած, լավ մասնագետ, նրան աշխատանքի չեն ընդունել, որովհետեւ չի տեսնում, եւ գործատուն ասել է`«Մեր հաճախորդները հիմնականում աղջիկներ են, դուք տղամարդ եք, իրենք կամաչեն»»:

Մանրամասն` շուտով տեսանյութում

Գործատուներին պարտադրվող`աշխատավայրում հաշմանդամների համար որոշակի թվով աշխատատեղ ապահովելու նոր որոշումն էլ, մեղմ ասած, չի խրախուսում հաշմանդամների զբաղվածության հարցը լուծելուն: Պարոն Ալավերդյանի խոսքերով` այն քվոտաները, որոնք պետությունը սահմանել է, շատ քիչ են. ասենք` գործատուները 100 աշխատատեղի դեպքում 3% քվոտա են տրամադրում հաշմանդամներին:

Մանրամասն`շուտով  տեսանյութում

Մարիաննա Չալիկյանի խոսքերով էլ` հաշմանդամության կարգը որոշելու նոր չափորոշիչներն էլ կասկածի տակ առավ, որ լիարժեքորեն կպաշտպանեն հաշմանդամների իրավունքները: Մարիաննա Չալիկյանի պատմելով`
«Բժշկասոցիալական փորձաքննության աշխատակիցն ասել է` նախկինում 1-2 հոգի էր շաքարախտ ունենում ու հաշմանդամության կարգ էինք տալիս, հիմա ամեն 2-րդն ունի, ի՞նչ ա, պիտի բոլորին խումբ տա՞նք»:

Մանրամասն` շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031