Լրահոս
Օրվա լրահոսը

Օբամայի առանձին «խաղը»

Մայիս 07,2014 12:30

Վաշինգտոնը Հարավային Կովկասում «դաշնակիցներին»
հավատարմությունն ապացուցող ժեստեր է անում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը 9 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչող եւ ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին ԼՂ անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձեւի նախագծին: Հանձնաժողովի նշյալ որոշումը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մայիսի 8-ին օրինագիծը ներկայացվի, քննարկվի եւ քվեարկվի նահանգային խորհրդարանի լիագումար նիստում: Թիվ AJR 32 բանաձեւի նախագիծը Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում այս տարվա սկզբին ներկայացրել էր Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը այս տարվա սկզբին ընդունեց ԼՂ-ն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչող բանաձեւ, իսկ անցյալ տարի աշնանը ԼՂ անկախությունը ճանաչել էին նաեւ Կալիֆոռնիայի Ֆրեզնո եւ Հայլենդ քաղաքները:

Միացյալ Նահանգների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վերջին շրջանում որոշակի առանձնահատուկ վերաբերմունք է նկատվում: Սա, թերեւս, պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականությամբ: Պաշտոնական Վաշինգտոնը Հարավային Կովկասում «դաշնակիցներին» հավատարմությունն ապացուցող ժեստեր է անում, համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ լրացուցիչ քայլեր է ձեռնարկում: Այդ ճանապարհին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Վաշինգտոնը, կարծես, հակված է առանձին «խաղալ» եւ տարանջատվել Ռուսաստանից:

Ամերիկյան Foreign Affairs պարբերականում օրերս հրապարակվել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Կասպյան տարածաշրջանի գծով փորձագետ Բրենդա Շեֆերի` «Լեռնային Ղարաբաղը Ղրիմից հետո» խորագրով հոդվածը, որտեղ նշվում է, որ մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր փորձ կձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ըստ 168.am-ի` հեղինակը նշել է, թե դա տեղի կունենա ՌԴ-ի կողմից Ղրիմը բռնակցելու ֆոնին, ինչից հետո ԱՄՆ-ը, կարծես թե, ավելի քան երբեք նպատակամղված է Ղարաբաղյան հակամարտության ձգձգվող կարգավորմանը, որը Ռուսաստանը գործածում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար: Շեֆերի համոզմամբ` այն բանից հետո, ինչ ՌԴ-ն ապացուցեց, որ պատրաստ է ուժ կիրառել, Արեւմուտքը պետք է պատասխանի նրան: Նա նշել է, թե ԼՂ հակամարտությունը ՌԴ-ին օժտել է տարածաշրջանում զգալի ազդեցությամբ, եւ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գլխավոր դերը պետք է լինի ստեղծված իրավիճակի շտկումը:

Ուշագրավ է, սակայն, այն, որ պաշտոնական Բաքուն նոր թափով անցել է պաշտպանվելու քաղաքականության եւ իրեն «զոհի» կերպարում է ներկայացնում: Ադրբեջանում դեռ չի դադարել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի նկատմամբ դժգոհությունը: Բանը հասավ նրան, որ արդեն Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ներկայացրեց պաշտոնական Բաքվի դժգոհությունը` ուշադրություն հրավիրելով Twitter-ում Ուորլիքի գրառումներին, համաձայն որոնց՝ «հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է», բանակցային գործընթացը պետք է անցնի «Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»: Ազիմովի խոսքով՝ անընդունելի է, որ Ջեյմս Ուորլիքը սերտ կապեր է պահպանում ԱՄՆ-ի հայ համայնքի հետ, որի ներկայացուցիչները «անհաշտ դիրքորոշում» ունեն Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Այս ամենը, ադրբեջանցի պաշտոնյայի համոզմամբ, վկայում է, որ ամերիկացի համանախագահը «միտումնավոր քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են հայկական կողմի շահերը բավարարելուն», եւ նշվածը հիմք է տալիս պաշտոնական Բաքվին անվստահություն հայտնել Ուորլիքին, հրաժարվել աշխատել նրա հետ եւ դիմել ԵԱՀԿ գործող նախագահին՝ հետ կանչելու Ջեյմս Ուորլիքին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ հակադարձել է Ադրբեջանի փոխարտգործնախարարի վերոնշյալ հայտարարություններին՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը չի կիսում Ադրբեջանի փոխարտգործնախարարի գնահատականը եւ շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իր ստանձնած հանձնառություններին, եւ ԱՄՆ-ը «կոչ է անում երկու կողմերին ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր»:

Երկու օր առաջ էլ Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովն է դժգոհել ԼՂ հարցում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի ու Իրանի դիրքորոշումներից. «ԱՄՆ-ը, Եվրոպան օգտագործում են մեր էներգառեսուրսները: Ինչո՞ւ նրանք արդար դիրքորոշում չեն որդեգրել Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Մենք նորմալ հարաբերություններ ունենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի հետ: Ինչո՞ւ նրանք Ղարաբաղյան հակամարտության հարցում իրական աջակցություն չեն ցուցաբերում մեզ: Նշանակում է, որ այդպես է անհրաժեշտ նրանց: Այդ երկրները չեն համարձակվում բարձրաձայնել իրենց դիրքորոշման իրական պատճառը: Դրա համար էլ մենք հենվում ենք մեր պետության, ժողովրդի, նախագահի վրա»:

Պաշտոնական Բաքուն հետեւողականորեն արշավ է սկսել միջնորդ երկրների ուղղությամբ, եւ դժգոհության նման ալիքով, իսկ ավելի ճիշտ` անթաքույց շանտաժով, հավանաբար, Ադրբեջանի իշխանությունները բանակցային գործընթացում նոր «կեցվածք» դրսեւորելու համար հող են նախապատրաստում:

Հաջորդ շաբաթ, ինչպես հայտնի է, ծրագրված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ: Կարելի է ենթադրել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման Օլանդի առաջիկա այցի ընթացքում առանցքային թեմաներից մեկը կդառնա: Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ֆաբիեն Պենոնը, ըստ «Հետք»-ի, հայտնել է, որ Օլանդի այցի նպատակը նաեւ տարածաշրջանի սառեցված հակամարտությունների հարցի քննարկումն է երեք երկրների նախագահների հետ: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ խորհրդականը նկատել է, թե Ֆրանսիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նախագահ Օլանդը նույն դիրքորոշո՞ւմը կհայտնի նաեւ Բաքվում ԼՂ խնդրի առնչությամբ, Պենոնը նկատել է, թե ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքի վրա: «Ֆրանսիան շարունակելու է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության միջոցներ գտնելու ուղղությամբ եւ կոչ է անում չդադարեցնել բանակցությունները»,- ասել է Ֆաբիեն Պենոնը:
Ինչեւէ, Ֆրանսիան էլ իր հերթին, թերեւս, կփորձի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում քայլեր ձեռնարկել: Թե Մոսկվան ինչպես կարձագանքի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերին՝ ականատես կդառնանք առաջիկայում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Բա մի հատ էլ գորգ պիտի ցուցադրեն, էս երկու տարի գրում են ամեն տեղ, ցուցադրել են արդեն?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031