Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոնի հայրը հեռախոսահամարն է փոխել, իսկ Շիրակի ոստիկանապետը ՀՔԾ-ում արդեն բացատրություն է տվել

Մայիս 21,2014 18:35 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Վարդան Նադարյանը օրերս հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել ու բացատրություն գրել մամուլում շրջանառվող այն լուրերի մասին` համաձայն որի, իր և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր միջև տեղի միջադեպ է տեղի ունեցել:

Aravot.am-ի հետ զրույցում գնդապետ Նադարյանն ասաց, որ դա օրենքի պահանջն է` ուսումնասիրել մամուլում տեղ գտած հրապարակումները և պարզել ճշմարտությունը` եղե՞լ է նման միջադեպ, թե՞ ոչ: «Բացատրություն գրել եմ հատուկ քննչական ծառայությունում, նորից պնդում եմ, որ նման միջադեպ չի եղել», – ասաց ոստիկանապետը:

Aravot.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք ՀՔԾ հրավիրվել է նաև Հայաստանին մեծ փառք բերած, մեկ ամիս առաջ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում թուրք ըմբիշին 5:0 հաշվով տապալած հունահռոմեական  ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` «Սպիտակ Արջ»-ը ու նրա սպորտսմեն եղբայրը`Ռաֆայելը:

Հատուկ քննչական ծառայության լրատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Միքայել Ահարոնյանը միայն ասաց, որ նյութեր են նախապատրաստվում և ավելին չեն կարող ասել:

Մենք սպորտոլորտի տեղի պաշտոնյաներից փորձեցինք ճշտել, թե՞ արդյոք Գյումրիում են Արթուր Ալեքսանյանի եղբայրը` Ռաֆայելը ու նրանց հայրը`Գևորգ Ալեքսանյանը, որը նրանց մարզիչն է: Հիշեցնենք, որ այս միջադեպից երկու օր անց չեմպիոնի հայրն ու եղբայրը մեկնել էին Իրան` մրցումների: Թե Շիրակի մարզպետարանի սպորտ բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը և թե քաղաքապետարանի սպորտ բաժնի պատասխանատու Մեխակ Ղազարյանը տեղեկացրեցին, որ նրանք բոլորն էլ Հայաստանում են: Ավելին, երկու եղբայրները, ըստ պաշտոնյաների տեղեկությունների, հիմա Ծաղկաձորում են` ուսումնամարզանքների:

Քաղաքապետարանի սպորտ բաժնի պետն ասաց, որ հնարավոր է նրանց հայրը ևս Ծաղկաձոր մեկնած լինի: Ըստ նրա, հունահռոմեական դպրոցի սաներին միգուցե և Գևորգ Ալեքսանյանը անձամբ Ծաղկաձոր ուղեկցած լինի:

Քանի որ հունահռոմեական ըմբշամարտի դպրոցը Գյումրու քաղաքապետարանի անմիջական ենթակայության տակ է, մենք փորձեցինք ճշտել, թե քաղաքապետարանի սպորտբաժնի պաշտոնյան վերջապես զրուցե՞ց Ալեքսանյանների հետ, պարզե՞ց ինչ-որ բան: Մեխակ Ղազարյանն ասաց, որ իր` Թբիլիսից վերադառնալուց և Ալեքսանյանների` մրցումների գնալ-գալուց հետո դեռ չի հաջողվել առերես տեսնվել նրանց հետ:

Մենք զանգահարեցինք չեմպիոնի հորը` Գևորգ Ալեքսանյանին, որը, սակայն, այս անգամ ոչ թե չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, այլ պարզվեց հեռախոսահամարն էր փոխել: Մեր հավաքած հեռախոսահամարը այլևս գոյություն չուներ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Markar says:

    Գևոևգ Ալեքսանյանը, դու տղամարդ տղա ես, մի հատ պատասխանիր ամեն ինչին, ինչու ես փախնում, համ տղերքիդ ծեծեն, համ դուք դուխ չունենաք ձեզի պաշտպանելու