Լրահոս
Օրվա լրահոսը

Տնական պիցցա եւ պիցցետաներ

Մայիս 25,2014 13:45

Թերեւս Հայաստանում չի մնացել ընտանիք, որտեղ իտալական պիցցան չի դարձել ամենահաճախ պատրաստվող ուտելիքներից մեկը: Սակայն շատ հաճախ մեր տանտիկինները նախընտրում են խանութից գնել պիցցայի պատրաստի լոշիկները եւ վրան ավելացնել մնացած բաղադրամասերը: Դրա փոխարեն առաջարկում եմ պատրաստել այս համեղ, շատ մատչելի եւ հեշտ խմորը, որով ոչ միայն պիցցա կարող եք պատրաստել, այլեւ փոքրիկ «պիցցետաներ», կարկանդակներ, գունավոր հացիկներ՝ տարբեր համերով:

 

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար
1 կգ ալյուր
300 գ գոլ ջուր
1 ճաշի գդալ չոր խմորիչ
1 ճաշի գդալ աղ
1 ճաշի գդալ շաքարավազ
Համեմունքներ
2-3 ճաշի գդալ բուսական յուղ
Լոլիկի սոուսի համար
1 բանկա իր հյութի մեջ եփված լոլիկ
2 ճաշի գդալ տոմատի մածուկ
2 պճեղ սխտոր
Չորացրած օրեգանո
Լցոնի համար
Ձիթապտղի յուղ
200 գ մոցառելա տեսակի պանիր
Մնացածը՝ ըստ ճաշակի, օրինակ
200 գ երշիկեղեն (վիչինա, բեկոն, պաշինա)
5-6 խոշոր հատիկ սունկ
4-5 հատ խորոված կարմիր պղպեղ
Ձիթապտուղ

 

Պատրաստման եղանակը
piza1Մեկ բաժակ գոլ ջրի մեջ լուծել չոր խմորիչը: Ուշադիր եղեք խմորիչի որակին՝ ժամկետի մեջ լինի: Ալյուրին ավելացնել շաքարավազը, աղը, ապա քիչ-քիչ ավելացնել խմորիչով լուծված գոլ ջուրը, խառնել, եթե հարկ կա՝ ավելացնել էլի ջուր, լցնել նաեւ բուսական յուղը, համեմունքները (չորացրած հազրեվարդ (ռոզմարին), համեմի, սամիթի սերմեր, կարմիր պղպեղ, մանանեխի հատիկներ եւ այլն՝ ըստ ճաշակի), էլի խառնել: Պետք է դառնա պինդ, ձեռքերին չկպչող խմոր:

piza2

Սկսեք հունցել խմորը: Որքան շատ հունցեք՝ այնքան լավ կստացվի: Վերցրեք խմորը եւ մի քանի անգամ (որքան շատ, այնքան լավ) բարձրացրեք ու խփեք սեղանին:

 

 

piza3Մոտ քսան րոպե խմորին տանջելուց հետո դրեք թասի մեջ, վրան շատ տաք ջրի մեջ թրջած ու քամած սրբիչ փռեք ու դրեք փակ տեղ, որտեղ միջանցահովիկ չի լինի:

piza4

 

Մեկ ժամ հետո հանեք, նորից ծեծեք, հունցեք, խփեք խմորը, էլի դրեք հանգստանալու: Մեկ ժամից խմորը պատրաստ կլինի:

 

 

 

 

 

piza5Այս քանակի խմորից կստացվի առնվազն չորս գունդ, այսինքն՝ չորս մեծ, ուղղանկյուն պիցցա: Կարող եք բոլորը միանգամից պատրաստել կամ կարող եք մեկը պատրաստել, մնացած խմորները դնել տոպրակների մեջ եւ դնել սառցարան: Սառցարանում կարող եք մի քանի շաբաթ, անգամ մինչեւ երկու ամիս պահել խմորը: Պատրաստելուց չորս-հինգ ժամ առաջ հանեք, թող սենյակային ջերմաստիճանում հետ գա, եւ կլինի ինչպես հենց նոր հունցածը:

 

piza6

Գնդերը բացեք գրտնակով: Որքան բարակ՝ այնքան լավ: Ձեթոտած թավայի վրա դնում եք խմորը: Վրան քսում եք ձիթապտղի յուղը, ապա լոլիկի սոուսը: Այս սոուսը կարելի է պատրաստել այն ընթացքում, երբ խմորները հասունանում են տաք տեղում:

 

piza7
Կաթսայի մեջ լցրեք իրենց հյութի մեջ եփված լոլիկները (եթե խանութից եք գնելու, գնեք կեղեւահան արվածները), երկու-երեք գդալ տոմատի մածուկը եւ երկու-երեք պճեղ սխտորը, դրեք թող եփվի թույլ կրակի վրա առնվազն 20 րոպե, այդ ընթացքում խառնեք: Սոուսը բավականաչափ կպնդանա:

 

 

Լոլիկի սոուսի վրա մի շերտ քերած պանիր եք անում, ապա շարում եք ձեր նախընտրած մթերքները՝ երշիկեղեն, սունկ, ձիթապտուղ, եւ այլն, որից հետո վրան նորից մի շերտ պանիր եք անում եւ դնում մինչեւ ամենաբարձր ջերմաստիճանը տաքացրած ջեռոցը՝ 250-300 աստիճան: 7-8 րոպեից պատրաստ կլինի:

piza8 piza

11Պիցցետաների համար բարակ բացած խմորից բաժակի օգնությամբ շրջանակներ կտրեք, թավան անպայման յուղոտեք, վրան դրեք խմորի շրջանակները, որոնց վրա ձիթապտղի յուղ քսեք, ու էլի՝ ըստ ճաշակի: Օրինակ՝ լոլիկի սոուս, ծնեբեկ, մոցառելա կամ ձիթապտղի պաշտետ՝ վրան լոլիկի կտորներ կամ կարմիր պղպեղի սոուս եւ այլն…

Բարի ախորժակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե իտալացի աղքատները այդ բոլորը ունենային,պիցցա չեին ստեղծի…

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Ավանդույթն ասում է, որ իտալական առաջին պիցցան, որ պատրաստվել է Նեապոլում, խմորի վրա քսված լոլիկի սոուս, վրան էլ՝ շատ-շատ պանիր է պարունակել, ապա զարդարվել բազիլիկով՝ կանաչ ռեհանով: Այսպիսին է հիմա «Մարգարիտա» հայտնի պիցցայի բաղադրատոմսը՝ կարմիր (լոլիկի հյութ), սպիտակ (պանիր) եւ կանաչ (բազիլիկ) գույներով, որ խորհրդանշում են Իտալիայի դրոշը: Իմ առաջարկած տարբերակում երշիկեղենն ու սունկն է հավելյալը: Բայց ինչպես նշել եմ վերը՝ ճաշակի հարց է, կարելի է պատրաստել պարզապես «Մարգարիտա», որը նույնպես շատ-շատ համեղ է, կամ խմորի վրա ուղղակի կարմիր պղպեղի մածուկ քսել: Կարեւորը խմորը անձամբ պատրաստելն է եւ ոչ թե խանութից գնելը: Իսկ պատրաստելը հաստատ ավելի ձեռնտու եւ էժան է, քան պատրաստի լոշիկ գնելը: Ուղղակի ժամանակատար է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031