Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ազատ է Արցախի հետ կառուցել իր ուզած երկկողմ հարաբերություններն առանց դրանք միջազգային մակարդակում պաշտոնականացնելու. «Հայոց աշխարհ»

Մայիս 30,2014 12:59

Հատված ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հարցազրույցից:

-Նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Այս առաջարկը արդյոք պայմանավորված չէ՞ր այն հանգամանքով, որ կան Հայաստանի համար առանցքային, լրջագույն հարցեր, որոնք դեռեւս մնում են չհամաձայնեցված:

-Նախ նշեմ, որ նորաստեղծ դաշինքի անդամներից ոմանք ԵՏՄ-ն զուտ տնտեսական կառույց են համարում, մինչդեռ Ռուսաստանի ու Հայաստանի համար՝ վերջինիս անդամագրումը, կարծես, առավելապես քաղաքական համատեքստ ունի: Ինչը կարող է Հայաստանի Հանրապետության անդամության հետ կապված հարցեր առաջացնել:
Մի բան ակնհայտ է, որ Ղազախստանն ու Բելառուսը օրինաչափորեն ձգտելու են խուսափել իրենց համար ավելորդ գլխացավանք առաջացնող քաղաքական խնդիրներից:

-Ադրբեջանի նախագահ Ալիեւի դիմումը՝ ուղղված եռյակին, ու դրա ընթերցումը Նազարբաեւի կողմից վկայում է, որ հարցերի հարցը Ղարաբաղն է:

-Թերեւս Ղազախստանն ու Բելառուսը ցանկանում են, որ Հայաստանը անհրաժեշտ խոստումներ ու հավաստիացումներ տա Արցախի մասով առ այն, որ հայկական երկրորդ պետությունն այս միության հետ որեւէ առնչություն չի ունենալու եւ դա կատարի հրապարակայնորեն: Այո, Ադրբեջանի նախագահ Ալիեւը այս կապակցությամբ գրավոր դիմել է երեք հիմնադիր պետությունների ղեկավարներին ու հորդորել, որ Հայաստանը ԵՏՄ անդամ դառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում, այսինքն՝ այն նույն պայմանով, ինչպես անդամագրվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

Հայաստանն արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱՀԿ լիիրավ անդամ է, սակայն այդ հանգամանքը Հայաստան-Արցախ փաստացի հարաբերությունների բովանդակության ու որակի վրա բացասական ազդեցություն կարծես չի գործել:

Այս հարցի քննարկումն ինքնին հետաքրքրական է: Բանն այն է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է լինել միայն իր իսկ կողմից ճանաչված սահմաններում, իսկ դրանք այն սահմաններն են, որոնց շրջանակում անցկացվեց մեր անկախության հանրաքվեն: Այսինքն՝ Խորհրդային Հայաստանի տարածքի մասին է խոսքը: Հայաստանը չի կարող պահանջել, որ անկախ պետություն հանդիսացող Արցախը դառնա վերոհիշյալ միության անդամ միայն այն պատճառով, որ Հայաստանն է դրան անդամագրվել:

Մենք պետք է ելնենք առկա իրողություններից՝ մի կողմից անկախ Արցախի Հանրապետությունն անուրանալի իրողություն է, մյուս կողմից՝ այն այլոց համար իրավական առումով գոյություն չունի: Սա նշանակում է, որ Հայաստանն ազատ է Արցախի հետ կառուցել իր ուզած երկկողմ հարաբերություններն առանց դրանք միջազգային մակարդակում պաշտոնականացնելու: Եվրասիական տնտեսական միության սահմանային ու մաքսային ռեժիմները միանգամայն համադրելի կլինեն Հայաստան-Արցախ անկաշկանդ տնտեսական հարաբերությունների հետ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031