Եվրամիությունը տվեց «EUPM Հայաստան» առաքելության մեկնարկը, որն իրականացվելու է ՀՀ իշխանությունների խնդրանքով։ Ինչ է իրենից ներկայացնում այս առաքելությունը։ Գործընկերային բնորոշումը ստացած առաքելությունը հայտարարում է, որ պետք է պայքարի հիբրիդային սպառնալիքների դեմ, կանխարգելի արտաքին ճնշումները եւ ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։ Առաքելության գործառույթների մեջ են մտնում նաեւ կեղծ տեղեկատվության (FIMI) եւ կիբեռանվտանգության մարտահրավերների բացահայտումն ու դրանց արձագանքելու կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ՝ անօրինական ֆինանսական հոսքերին դիմակայելը։
ԵՄ կայքում շեշտված է, որ առաքելությունը ՀՀ իշխանությունների խնդրանքով է ստեղծվել։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը «Հրապարակի» հետ զրույցում, սակայն, ասում է, որ դժվար թե այս առաքելության տրամադրած խորհրդատվության մեջ լինի մի բան, որը կարող է սպառնալ տեղեկատվական ազատությանը, քանի որ դա դեմ է Եվրոպայի արժեքներին: Այդ խորհրդատվությունը, ըստ Պապյանի, ուղղված կլինի ավելի էֆեկտիվ կոմունիկացիային։ «Գաղտնիք չէ, որ մեզ մոտ մամուլի խոսնակներն ավելի հաճախ աշխատում են ոչինչ չխոսել, եւ ես գիտեմ, որ ԵՄ փորձն այդ առումով կարող է օգտակար լինել՝ ավելի բաց հաղորդակցվելու, տեղեկատվության տրամադրման հարցում։ Իրենց գործունեությունը մենք տեսել ենք հիբրիդային առաքելության կազմում, եկան Երեւան, գնացին, առանձնապես շատ բան չիմացանք, թե ինչ արեցին։ Հայտնի է, որ հիմնականում զբաղվել են նրանով, որ խորհրդատվություն են տրամադրել ԿԸՀ-ին, պետական մարմիններին, որպեսզի իրենց հաղորդակցությունները՝ ընտրությունների հետ կապված, ավելի արդյունավետ լինեն։ Արդյո՞ք դա ռեալ ազդեցություն ունեցել է, թե ոչ՝ դժվարանում եմ դատել, որովհետեւ, իմ տպավորությամբ, առանձնապես շատ բան չի էլ փոխվել, եթե համեմատենք նախորդ՝ 2021 թ․ ընտրությունների հետ»,- ասաց մեդիափորձագետը։ Մեր դիտարկմանը, որ Հայաստանում առաքելության ղեկավարը Մոլդովայում նույն առաքելությունն է ղեկավարել, եւ դրա անվան տակ հակառուսական քաղաքականություն է իրականացվել, վտանգ չկա՞, որ նույնը մեզ մոտ կլինի, Պապյանն ասաց, որ այս առաքելության հետ կապված՝ հիմնականում մտահոգություն են արտահայտում ռուսական լրատվամիջոցները։ «Դա զարմանալի չէ, որովհետեւ իրենք դա դիտարկում են Ռուսաստան-ԵՄ, Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ֆոնին, եւ այդ պրիզմայով նայելու դեպքում որոշակի ռիսկ կա, որ սա էլ ավելի կսրի հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»։
Այսինքն, առաքելությունը Փաշինյանը չի՞ օգտագործի անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցներին զսպելու, ազատ խոսքը սահմանափակելու համար։ Մեդիափորձագետն ասաց, որ այդ վտանգը կա՝ անկախ ամեն ինչից, սակայն․ «Եվրոպան խոսքի ազատության պատվարն է, եւ չի կարող եվրոպական որեւէ առաքելություն խոսքի ազատության կամ որեւէ լրատվամիջոցի համար սահմանափակող ինչ-որ բան ներմուծել։ Իրենք դրա առաջամարտիկն են, եւ, իհարկե, կա որոշակի մտահոգություն, որ, օրինակ, կխրախուսեն սահմանափակումներ մտցնել ռուսական ինչ-որ ալիքների, ազդեցության գոտիների դեմ։ Որովհետեւ դա տեսել ենք մի շարք եվրոպական երկրներում, որտեղ ռուսական պետական լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակել են։ Սակայն մինչեւ այս առաքելության գալը մենք տեսել ենք, որ Սոլովյովի հաղորդումը, որի ժամանակ Հայաստանի նկատմամբ թշնամական արտահայտություններ են արվում, արգելափակված է, բայց կան ռուսական ալիքներ, որոնք, եթե Հայաստանը ուզենար, կփակեր։ Նույնիսկ հնարավոր է, որ Հայաստան եկած հիբրիդային առաքելության անդամները խորհուրդ տված լինեն՝ փակել այդ հեռուստաալիքները, բայց մենք տեսնում ենք, որ դրանց հեռարձակմանը ոչինչ չի սպառնում։ Եթե ռուսական լրատվամիջոցների մասով որեւէ նման քայլ չենք տեսնում, մյուսների մասով, կարծում եմ, առանձնապես մտահոգվելու կարիք չկա»։
Կարդացեք նաև
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































