«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ներհայաստանյան զարգացումներին՝ ասաց. «Ակնհայտ է, որ նախընտրական շրջանում Ադրբեջանի իշխանությունների բարի կամքի դրսեւորումն ուղղված Նիկոլ Փաշինյանին վերջինի ռազմավարության մի մասն էր կազմում, որը նպատակ էր հետապնդում ցույց տալու, որ Ադրբեջանի հետ ամեն ինչ նորմալ է, խաղաղության մեջ ենք եւ այլեւս ոչ մի խնդիր չկա։
Բնական է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու պարագայում Ալիեւն ավելի էր խստացնելու հռետորաբանությունը, այն պահանջները, որոնք նախօրոք հայտնի էին։ Հիմա տեսնում ենք, որ էլի Ադրբեջանը շարունակում է հոխորտալ՝ սահմանադրության փոփոխության պահանջը, անկլավների հարցը, ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու հարցը։ Այսինքն, հայատյաց քաղաքականությունը շարունակվում է։
Բաքվի բանտում գտնվող մեր գերիների առկայությունը խաղաղության նշույլ անգամ ցույց չի տալիս։ Եվ Ադրբեջանը քայլ առ քայլ շարունակում է այն, ինչ երկար տարիներ սկսել է։
Իսկ Հայաստանի իշխանությունը վարելով ջայլամի քաղաքականություն՝ որեւէ ձեւով ոչ պատասխանում է, ոչ միջազգային հանրությանն է հորդորներ ուղղում այս խնդիրների մասին։ Այնպիսի միջավայր է փորձում ստեղծել, որ իբրեւ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Ու շարունակելու է Ալիեւի պահանջները կատարել այնպես, ինչպես մինչեւ այժմ կատարել է։ Ալիեւը մի մասը ստանում է ռազմական ճանապարհով, մի մասը խաղաղ ճանապարհով։ Եվ Նիկոլ Փաշինյանի պարագայում այդ խնդիրները ավելի արագ են կարգավորվելու հօգուտ Ադրբեջանի»։
Կարդացեք նաև
Խոսելով Բաքվի բանտից Արցախի ԱԺ նախկին նախագահի նամակի այն հատվածի մասին, որտեղ Դավիթ Իշխանյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանում իրենց դեմքին շպրտում են, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց վերադարձը Հայաստան, Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Ցավոք, դա իրականություն է, որովհետեւ մենք էլ միջազգային կառույցների, դեսպանների հետ տարբեր ոչ հրապարակային հանդիպումների ժամանակ ստանում ենք հենց նույն արտահայտությունը, որ Հայաստանի իշխանությունները չեն զբաղվում այս հարցերով, դեռ ավելին՝ իրենց նույնպես հորդորում են չզբաղվել՝ չխոչընդոտելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Ակնհայտ է, որ միայն Հայաստանի իշխանությունների զբաղվելու պարագայում է հնարավոր միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը, չնայած մյուս կողմից էլ գերիների առկայությունը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հարց չէ։ Գերիների առկայությունը որեւէ պարագայում չի կարող քննարկման առարկա չդառնալ միջազգային կառույցների կողմից։ Ու հիմա, երբ Ադրբեջանի հետ լավ էլ ապրանքների առեւտուր են անում, միջազգային կառույցներն էլ արձանագրում են. որ իրար հետ լավ են, ախպերություն են անում»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































