Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու աշխատանքային ստաժի փաստը. ՀՔԱՎ

Հուլիս 17,2026 15:54 Share

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մ․ Է․-ի դիմումը՝ հաստատելով նրա աշխատանքային ստաժի վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Մ․ Է․-ը բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից՝ զրկվելով մի շարք կարևոր փաստաթղթերից։ Դրա հետևանքով նա չի կարողացել ձեռք բերել իր աշխատանքային գործունեությունը հաստատող անհրաժեշտ արխիվային փաստաթղթերը։ Քաղաքացու աշխատանքային գրքույկում բացակայել է աշխատանքից ազատման վերաբերյալ գրառումն ու գործատուի կնիքը, ինչի հիմքով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը մերժել է նրա դիմումը՝ աշխատանքային ստաժի հաշվարկման վերաբերյալ։ Այս մերժումը խոչընդոտել է Մ․ Է․-ի նոր աշխատանքի անցնելուն, որտեղ պահանջվում է համապատասխան ստաժի առկայություն։

Արտադատական կարգով անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու հնարավորության բացակայության պայմաններում Մ․ Է․-ը դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։ ՀՔԱՎ-ը, ի դեմս կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Մխոյանի, 2026 թ․ մարտի 18-ից ստանձնել է նրա շահերի պաշտպանությունը և 2026 թվականի մայիսի 5-ին դիմում ներկայացրել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ աշխատանքային ստաժի փաստը հաստատելու պահանջով։

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով գործում առկա ապացույցները, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերն ու վկաների ցուցմունքները, արձանագրել է, որ դրանք բավարար են հաստատելու Մ․ Է․-ի աշխատանքային գործունեության փաստը։

Դատարանը նաև նշել է, որ արխիվային փաստաթղթերի բացակայության բացասական հետևանքները չեն կարող դրվել քաղաքացու վրա, քանի որ համապատասխան փաստաթղթերի պահպանման և փոխանցման պարտականությունը կրել են գործատու կազմակերպությունները։

Արդյունքում, 2026 թվականի հուլիսի 10-ի վճռով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մ․ Է․-ի դիմումը և հաստատել աշխատանքային ստաժի վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031