Լրահոս
Օրվա լրահոսը

«Անաստաս Միկոյանը դավաճանության խորհրդանշան է»

Հունիս 02,2014 19:50

Տասնամյակների լռությունից հետո կրկին թնդում է Անաստաս Միկոյանի անունը և առիթը «մեծն կոմունիստին» 21-րդ դարում նոր շունչ հաղորդելն է՝ հուշարձանի տեսքով: Քաղաքապետարանը որևէ առարկություն չի տեսնում, սակայն երևանցիներից շատերն են դեմ այդ որոշմանը. Երևանին ու երևանցիներին արդյո՞ք Միկոյանն է պակասում: ԽՍՀՄ տարիների այլախոհ, նախկին քաղբանտարկյալ  Ազատ Արշակյանը համաձայն է տեսակետին, որ հայ ժողովրդին կրթելու համար անձնավորված կերպարներ են պետք:  Նախաձեռնողները  որոշել են ապագա սերունդներին կրթել Անաստաս Միկոյանի նմանությամբ ու օրինակով, բայց արդյո՞ք Անաստաս Միկոյանը լավագույն ընտրությունն է՝ այս դերը կատարելու համար: Պարոն Արշակյանը կիսվեց  միկոյանական մեկնաբանություններով.

«Քսան տարի առաջ  էլ կարելի էր կանգնեցնել Միկոյանի արձանը և այդ ժամանակահատվածում նման քայլն  ավելի արդարացված կլիներ: Ինչո՞ւ հիմա որոշեցին զբաղվել դրանով: Կարծում եմ՝ նախաձեռնողները քաղաքական պատվեր են կատարում: Միկոյանին գնահատելու համար պետք է հիշել նրա ամբողջ կենսագրությունը. անընդհատ կարծիք է փոխել, կարողացել է դաշնակիցներից ճիշտ  ժամանակին հեռանալ:  Եթե նա լիներ սկզբունքային մարդ, իսկ քաղաքական գործիչը պարտավոր է սկզբունքային լինել,  որևէ մեկի հետ պետք է զոհվեր: Զոհվեցին Աղասի Խանջյանը,Մյասնիկյանը…բազմաթիվ զոհեր եղան: Իսկ նա ողջ մնաց: Մեզ համար չի՛ կարող օրինակ լինել խարդախը, մարդասպանը, չարագործը, իսկ Միկոյանի ամբողջ գործունեությունը չարագործություններով ու դավաճանությամբ է լցված: Դավաճանել է 26 կոմիսարներին, ռուս բոլշևիզմն ընդունած մտավորականությանը, հեղափոխական բոլշևիկներին, նույնիսկ Ստալինին ու Խրուշչովին: Անաստաս Միկոյանը դավաճանության խորհրդանիշն է: Եթե Միկոյանն է մեր հերոսը, նշանակում է, որ մենք  անարժան ժողովուրդ ենք: Ուրեմն խորամանկ ու խարդախ ենք՝ ճիշտ այնպես, ինչպես Միկոյանն է եղել ժամանակին: Պատվիրատուներն են ասում, որ մեզ չեն վստահում, մենք անվստահելի մարդիկ ենք,  քանի որ մենք միկոյաններ ենք: Հայի հավաքական կերպարը, փաստորեն, Միկոյանն է: Բայց դա իրականում այդպես չէ, ու, առհասարակ, մենք մենակ չենք, մեզ չի կարելի հոշոտել: 30-ական թվականներին նա երկու կարևոր գործի նախաձեռնող է հանդիսացել: Առաջինն, այսպես ասած, «սննդամթերքի կազմակերպումն»  էր. մարդիկ սովամահ էին լինում,  իսկ Միկոյանը ամբարում էր սննդամթերքն ու արտահանում: Երկրորդ  կարևոր գործն այն էր, որ նա  արտերկրում աճուրդի էր հանում  Ռուսաստանի մշակութային, թանգարանային արժեքները: Բացի այդ, Միկոյանը, Եժովի հետ միասին, 1937 թվականին եղել է  բռնադատող  հանձնաժողովի համանախագահը: Այսինքն, հնարավոր է՝  նա, իսկապես, անձամբ ոչ ոքի չի գնդակահարել, բայց  մասնակցել է այդ ամբողջ սպանդին:  Եթե Անաստաս Միկոյանը Բաղրամյանի զինակից ընկերներին չսպաներ, մենք քանի՜ մարշալ կունենայինք…Ռուսաստանում մեծածավալ փաստաթղթեր կան, որոնք պետք է կարդալ՝ հասկանալու համար, թե Միկոյանն ինչ ռեժիմի ներկայացուցիչ է իրականում: Կարդալ ու նոր որոշել՝  արդյո՞ք այդ չարագործի համազգեստը հարմար է մեզ: Շատ տգեղ բան է կատարվում»:

 

Սյունե ՍԵւԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ես պարզապես նախանձում եմ Միկոյանի շուրջ այս տարողունակ խոսակցությունը սկսողին ու տարածողին:Տասնամյակներ առաջ պատմության գիրկը գնացած և տասնամյակներ շարունակ լռության մատնված քաղաքական գործիչը իր երկրորդ կյանքն է ապրում:Միկոյանի հարազատները շատ լավ պիտի գիտակցեն՝ այսպիսի առիթ ոչ մեկին չի տրվում: Մեր սերունդը քչից շատից ծանոթ է Միկոյանին այնքանով, որքանով:Խորությամբ պատմաբանները գիտեն:Խորը լռության մեջ էր թաղված Միկոյանն իր կենսագրությամբ:Մեզանից ոչ մեկին չէր հետաքրքրում նրա ով լինելը: Եվ հանկարծ ասպարեզ է մտնում մի թեմա, որը ձնագնդի նման մեծանում ու օրվա խնդիր է դառնում, ավելին՝ երկրորդական պլան են մղվում առօրյա կենսական շատ խնդիրներ:Ո՞ւմ մտահղացումն է սա : Ո՛վ էլ լինի հեղինակը՝ հանճարեղ է:Միկոյանի ինչի՞ն է պետք արձանը:Հազար արձան արժի այսօրվա խոսակցությունն իր անվան շուրջ:Ո՞վ էր հիշելու Միկոյանին, եթե արձանի թեման չբացվեր:Անգամ մանկահասակ երեխան արդեն գիտի Միկոյանի մասի, էլ չեմ ասում երիտասարդության մասին, ով անգամ կենդանի դասականներին չի ճանաչում: Իսկ հիմա՝ Միկոյանին իր հորից լավ է ճանաչում:Կարո՞ղ է Թումանյանն հենց այնպես է ասել՝ ,, Չարն էլ է ապրում անմեռ…,,: Այնպես որ, եթե արձանն էլ չդրվի, այդ մարդու հանդեպ մեծ գործն արդեն արված է:

  2. Ռուբեն Պարսամյան says:

    Արամ Մանուկյանը ցեղասպանության ենթարկվող իր ժողովրդին համախմբելով պետություն էր ստեղծում,իսկ միկոյանը համաշխարհային հեղափոխություն էր առաջ հրում,լծվել էր բոլշեվիզմի սայլին եվ էնվերի հետ միասին կոչ էր անում ու կազմակերպում կործանելու ,,համաշխարհային իմպերալիզմի գործակալ ,, Հայաստանը,թուրքահայերի խնդիրը հայտարարում վնասակար ,,համաշխարհային հեղափոխության,, համար….Նա բոլշեվիզմի. ֆունկցիոներ էր,եվ դա առաջնահերթ էր նրա համար,իսկ իր ազգի խնդիրները 2-ական,3-ական է համարել;Նրա նմանները եվ ինքը ջուր լցրեցին քեմալա-բոլշեվիկյան ջրաղացին եվ ի վերջո բաժան- բաժան արեցին Առաջին հանրապետության հողերը,անջատելով Կարսը,Արդահանը,Սուրմալուն Ղարաբաղն ու Նախիջեվանը;Արամ Մանուկյանը,նրա կերպարը մեզ համար ապագային ուղղված դրոշ են,միկոյանը -ապազգային կերպար;Նրան պետք է դատել հակապետական գործունեության,զինված ապստամբության նախապատրաստման եվ ազգային բանակը քայքայելու համար; .Հետաքրքիր է,իսկ Պողոս Նուբարի Արձանն ինչու չի դրվում,քիչ բան է արել՞ մեր ժողավրդի համար…

  3. Spartak says:

    Հարգել Ռուբեն, աբսուրդ է ներկայիս իշխանությունների մտածողությունը:Ոչ ոք մեր երկրում չէր երազում քաղաքում ունենալ Միկոյանի արձանը:Ու հանկարծ ասպարեզ է գալիս մի որոշում, որը ամենատարբեր կարծիքների բախման առիթ է դառնում:Նորից եմ ասում, դրանից լավ բան չէին կարող անել Միկոյանի համար:Անկախ պետություն ենք, փոխարենը անկախության համար նահատկվածների արձանները կանգնացնեն, ընկել են Միկոյանի ետևից:Չեմ ժխտում՝ լավ գործեր էլ է Միկոյանը մեր ժողովրդի համար արել, բայց եթե մոռացվել էր կոմոնիստների օրոք, թող այդպես մոռացված էլ մնար:Ոչ ոք ցավ չէր ապրի:Ցավ ենք ապրում, որ մեր քաղաքում չկան Նժդեհի, Արամ Մանուկյանի, քո ասած Պողոս Նուբարի և այլոց արձանները:Որտեղի՞ց պեղեցին գտան Միկոյանի արձանը կանգնացնելու գաղափարը, չեմ հասկանում:Տարբեր բաներ են ասում, բայց ուզում եմ և՛ հավատալ, և՛ չհավատալ:

  4. Ռուբեն Պարսամյան says:

    Ըստ իս ,տեղի է ունենում որոշ,դրսի ուժերի համար խիստ անհրաժեշտ ,,օրհնվի էն սհաթը…,,մտածելակերպի ռեանիմացիա,որ առանց հյուսիսի մենք ոչինչ ենք ու մեզ անպայման կուտեն;Բարձրացվում են այն մարդկանց կերպարներն,ովքեր ծառայամիտ են եղել,հաճկատար եվ սպասարկել են 3-րդ Հռոմի շահերը ի վնաս ազգային խնդիրների ու շահերի;Ավելի պարզ. դրսի եվ զգալի չափով ներսի ուժերին պետք են նրանք ու այն կերպարները,անձինք,ովքեր ազգային մտածելակերպ չունեն,արզագանքում են ,,միշտ պատրաստ եմ,, որպեսզի Հայաստանը ,,չզրկվի,, ֆորպոստի իր կարգավիճակից;Դեսպան Վոլինկինի վերջին հայտարարությունը հկ-ների վերաբերյալ ավելի խոր ենթատեքստ ունի;Նրանք անհրաժեշտ մթնոլորտ են առաջ բերում,եվ Միկոյանի արձանի տեղադրումը դրա տարրերից պիտի դիտել;Նաեվ իմ համոզմունքն է,որ մենք պիտի հենվենք մեր պատմության հզորություն եվ ազգային հանընդհանուր վերելք առաջ բերող ազդակների վրա,ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանը,Լեվոն 2-ը,Մկրտիչ Խրիմյանը,Անդրանիկն ու Գեվորգ Չաուշը,Մոնթե Մելքոնյանն ու Ռուբեն Տեր-Մինասյանը,Նժդեհն ու Արամ Մանուկյանը…նրանք քիչ չեն,իսկ Անաստասները այդ խնդրին ծառայել չեն կարող,ինչպես մնացած կարմիր առաքյալների գերակշիռ մասը;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30