Մայիսի 29-ին Երևանում, շուրջ 16 շրջաններ ներկայացնող 80 պատվիրակների, հայրենի մտավորականների և արվեստագետների մասնակցությամբ, տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովի պաշտոնական բացումը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարները, Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Երևանի պետական համալսարանի ռեկտորը, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի եւ «Արարատ» միության ներկայացուցիչներ:
Բացմանը հաջորդած երեք օրերի ընթացքում ժողովը քննեց Համազգայինի Կենտրոնական վարչության քառամյա բազմաճյուղ գործունեությունը, օրակարգում տեղ գտած կրթական եւ մշակութային ծրագրերը, ապա անցավ առաջիկա չորս տարիների համահայկական գործունեության ուղենիշերի մշակմանը:
Պատգամավորական ժողովը կարևորեց կառույցի երիտասարդացման, Համազգայինի ընտանիքի աշխարհագրական ընդարձակման հրամայականը` միաժամանակ որդեգրելով դրանց գործնականացման բանաձևեր:
Առանձնակիորեն շեշտվեց Համազգայինի ճեմարանների դերակատարությունը սփյուռքյան ներուժը նորոգելու և ազգային դիմագծի պահպանման ուղղությամբ, կարևորվեց Հայաստան-Սփյուռք կրթական և մշակութային գործակցությունն առավել սերտ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հրատարակչական գործելադաշտում Համազգայինի հիմնադրամների աշխատադաշտի ընդարձակումը:
Ժողովը գնահատեց մշակութային և կրթական ոլորտներում Հայաստանում ծավալած բեղուն գործունեությունը և այն ավելի ընդարձակելու հանձնառություն ստանձնեց:
Սիրիական ճգնաժամի հետևանքով համայնքի կրած տնտեսական, կրթական, մշակութային և ազգային կորուստներին անդրադառնալով` որոշվեց շարունակել սիրիահայ համայնքի գոյատևմանն ու վերականգնմանն ուղղված զորակցությունը:
Անդրադառնալով Համազգայինի ավելի քան ութ տասնամյակների առաքելությանն ու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» անսակարկելի համոզումին` ժողովը հատուկ կարևորությամբ շեշտադրեց թէ Հայաստանի Հանրապետության, թէ Արցախի, թէ Ջավախքի և թէ Սփյուռքի բոլոր համայնքներում Համազգայինի գործուն ներկայությունն ապահովելու հանձնառությունը:
Ջերմորեն ողջունվեց Սփյուռքի նախարարության եւ Համազգայինի Կենտրոնական վարչության միջև կնքված համագործակցության հուշագիրը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի հետ հայագիտության մագիտրոսական ծրագրի հիմնադրման շուրջ ստորագրված համաձայնագիրը։
Կարևորեց Հայոց ցեղասպանության 100 ամյակի շեմին աշխարհին պահանջատիրական ոգով եւ վճռակամությամբ ներկայանալու անհրաժեշտությունը:
Ժողովը հաստատեց Համազգայինի առաջիկա չորս տարիների գործունեության շրջագիծը, ինչպես նաև ընտրվեց Կենտրոնական վարչություն` հետևյալ կազմով. Վաչե Փափազյան, Վարանդ Ալեքսանդրյան, Մկրտիչ Յափուջյան, Եսայի Հավաթյան, Կարո Պայտարյան, Թամար Գապագյան-Հաշէօլյան, Մկրտիչ Մկրտչյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Կարո Մանճիկյան, Աննա Հովհաննէսյան, Վիգեն Թուֆենքճյան, Վիգեն Յագուպյան, Հրայր Պարոնյան:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ


















































