Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթի թաղապետարանը քաղաքացուն անտեղի պարտքի տակ է գցել ու մի բան էլ՝ դատի տվել

Հունիս 09,2014 14:23

Չճանաչված թաղապետարանիդ
Վարքն ու բարքը իմացիր,
Եվ նոր միայն նրան մոտիկ
Բնակություն հաստատիր:

Այս քառյակը նվիրված է Շենգավիթ վարչական շրջանին. թաղապետարանը հեղինակի՝ Լեւոն Քոթանջյանի համար մուսա դարձավ այն ժամանակ, երբ Քոթանջյանին 195 հազար դրամ կոմունալ վճարների պարտքի ծանուցում ուղարկեց:

Ի՜նչ իմանաս պաշտոնի տակ
Ո՞վ է այնտեղ ծվարած.
Բարոյակա՞ն տիպար է նա,
Թե՞ անգրագետ արարած:

Իսկ այս տողերը նույն հեղինակի մոտ ծնվեցին այն ժամանակ, երբ Լեւոն Քոթանջյանը բոլոր փաստաթղթերով ներկայացավ Շենգավիթի թաղապետարան ու ապացուցեց, որ ոչ մի կոպեկի պարտք ու պահանջ չունի. նրանից թաղապետարանի աշխատակիցները ներողություն են խնդրել, խոստացել սխալը շտկել, բայց հետո 39 հազար դրամի պարտքի ծանուցում ուղարկել:

Լեւոն Քոթանջյանն «Առավոտին» պատմեց, որ թաղապետարանից պարտքի ծանուցումն ուղարկվել է անցյալ տարվա նոյեմբերին՝ Քոթանջյանի որդու սեփականություն հանդիսացող Գ. Նժդեհի 23 բնակարանի հասցեով: Այդ 39 հազարը, ինչպես վստահեցրեց պարոն Քոթանջյանը, իբր թե աղբահանության գումարն է. «Բայց որդիս՝ Տիգրան Քոթանջյանը, այդ հասցեում չի բնակվում 2005 թվականից, ես համատիրությունից փաստաթուղթ եմ ներկայացրել, որ նա այդտեղ չի բնակվում, որ այդտեղ ոչ ոք չի բնակվում, հետեւաբար աղբի գումար չպիտի գանձվի: Թաղապետարանին ցույց եմ տվել իրենց կնիքով փաստաթղթերը, որ աղբի, գույքահարկի եւ տան վարձերը զրոյացված են: Ես միշտ որպես պարտաճանաչ ու բարեխիղճ քաղաքացի վճարումները ամբողջ տարվա համար միանգամից վճարում եմ, նույնն էլ այս տարվանն է, մինչեւ 2015 թվական կոմունալ վճարները կատարել եմ»:

Թեեւ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները վստահեցրել են, որ սխալը կշտկեն, սակայն սխալը շտկելու փոխարեն՝ մի հատ էլ են սխալ թույլ տվել. թաղապետարանը դիմել է դատարան՝ 39 հազար դրամ գանձելու պահանջով, պարտքի պահանջն ուղղվել է նույն Նժդեհի 18 շենքի 23 բնակարան, բայց այլ սեփականատիրոջ անունով՝ ոմն Տիգրան Քոչարյանի:

«Առավոտի» հետ զրույցում Լեւոն Քոթանջյանն ասաց, որ մոտ 15 օր առաջ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունից թուղթ է ուղարկվել, որ դատարանի որոշմամբ 39 հազար դրամ պիտի գանձվի. «Նախ՝ այդ հասցեում Տիգրան Քոչարյան չկա, է, հիմա պիտի ընկնեն Տիգրան Քոչարյան փնտրեն: Հետո էլ՝ դատարանն իրավունք չուներ առանց հասցեատիրոջ ներկայության որոշում կայացնելու, ես նաեւ իրավաբանական կրթություն ունեմ, երկար տարիներ քննիչ եմ աշխատել ու իրավական տարբեր ոլորտներում, ծանոթ եմ օրենքներին: Մենք դատարանից ծանուցում էլ չենք ստացել, եթե ստացած լինեի, կգնայի կասեի՝ որոշում կայացրեք թաղապետարանի դեմ: Իսկ Շենգավիթի թաղապետարանում, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ փնթի, անգրագետ աշխատաոճ է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30