Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն անխոսնակ է մնացել. «Հայկական ժամանակ»

Հունիս 27,2014 11:45

Այսօր լրանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 75-րդ օրը։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց 2.5 ամիս անց, սակայն, Հովիկ Աբրահամյանը դեռ մամուլի խոսնակ չունի։

Առաջին հայացքից երկրորդական թվացող այս հարցն իրականում բավական խորքային ու կարեւոր է։ Բանն այն է, որ Հայաստանում մամուլի խոսնակի ֆունկցիան ոչ թե իր ղեկավարի ասելիքը լրագրողների միջոցով հասարակությանը փոխանցելն է, ինչպես բոլոր նորմալ երկրներում է, այլ լրատվական դաշտի լիակատար վերահսկողությունը։ Իրականում հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների մամուլի խոսնակներին վերապահված են գեբելսյան գործառույթներ։ Այսինքն, նրանք պետք է կարողանան «լեզու գտնել» բոլոր լրատվամիջոցների հետ, այնպես անել, որ իրենց շեֆի դեմ մամուլում որեւէ բացասական բան չհրապարակվի, շեֆի PR–ը ճիշտ կազմակերպեն եւ այսպես շարունակ։ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրվանից նրա խոսնակի թեկնածության համար տարբեր անուններ են շրջանառվում։ Նախ, լուրեր տարածվեցին, թե վարչապետի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավար Գեւորգ Ալթունյանը։ Այդ նշանակումը, սակայն, չստացվեց։ Հետո էլ լուրեր տարածվեցին, թե խոսնակ է նշանակվելու փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ Վերջինիս թեկնածությունն էլ, ըստ մեր տեղեկությունների, Հովիկ Աբրահամյանին առաջարկվել էր նախագահական նստավայրից։ Իշխանական շրջանակներում խոսվում էր, որ Հովիկ եւ Տիգրան Աբրահամյանները հանդիպել են։ Ավելի ուշ, սակայն, Տիգրան Աբրահամյանը նշանակվեց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար (այդ պաշտոնը զբաղեցնում էր «Ազատություն» ռ/կ նախկին տնօրեն Աղասի Ենոքյանը): Երեկ, երբ Տիգրան Աբրահամյանին հիշեցրինք, որ նրա անունը շրջանառվում էր վարչապետի մամուլի խոսնակի թեկնածուների թվում, եւ հարցրեցինք, թե ինչու չնշանակվեց այդ պաշտոնում, նա պատասխանեց. «Ես այլ պաշտոնի եմ նշանակվել, իսկ վարչապետի խոսնակ դառնալու առաջարկ ինձ չի եղել, միայն մամուլում է նման առաջարկ եղել»։ Մի խոսքով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մամուլի խոսնակի փնտրտուքների մեջ է։ Դա նրա համար առավել կարեւոր է դառնում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Աբրահամյանն արդեն հայտ է ներկայացրել 2017-ի համապետական ընտրություններից հետո կրկին վարչապետի պոստը զբաղեցնելու ու, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալու համար։ Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանն իր աշխատանքային օրվա ընթացքում պարբերաբար «քրքրում» է մամուլը՝ տեսնելու, թե որտեղ իր մասին ինչ է գրվել ու առայժմ փորձում է անձամբ հարթել խնդիրները։ Մեր հավաստի տեղեկությունների համաձայն, վարչապետը մտադիր է փոխել նաեւ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանին։ Վերջինս այդ պաշտոնում նշանակվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք, ու հիմա Հովիկ Աբրահամյանը նաեւ սույն վարչության պետի փնտրտուքների մեջ է։ Բայց այդ հարցում եւս նա, փաստորեն, դժվարություններ ունի:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30