Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Օհանյան. «Ի՞նչ սկզբունքով են հենց «Հրապարակին» եւ iLur.am-ին ընտրել, երբ դրա մասին գրել են շատ ԶԼՄ-ներ»

Հուլիս 15,2014 11:50

Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպվել տեղեկատվության աղբյուրը բացահայտելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշման եւ դրա հետեւանքների մասին: Հիշեցնենք, որ օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն առաջին անգամ որոշում է կայացրել եւ պարտադրել, որ ԶԼՄ-ները բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրը: Խոսքը «Հրապարակ» օրաթերթի եւ iLur.am կայքի մասին է, որոնք լուր էին հրապարակել, թե ինչպես է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը գիշերով կանգնեցրել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մեքենան եւ շատ վառ լուսարձակների համար հարվածել ու զենքով սպառնացել է նրան ու նրա եղբորը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը վստահեցրեց, որ իրենց լրագրողը՝ Սյուզան Սիմոնյանը, բարեխիղճ է աշխատել. «Փորձեց կապվել բոլոր իրավասու անդամների հետ, պաշտոնական աղբյուրներից ճշտել: Երբ մենք սպառեցինք պաշտոնական աղբյուրներից որեւէ ինֆորմացիա ստանալու տարբերակը, փորձեցինք ճշտել մեր սեփական աղբյուրներից: Գյումրին մեծ քաղաք է, շատ ընկերներ ունենք, այդ մարդիկ մանրամասները պատմեցին: Գրել ենք այդ նյութի մեջ, որ պաշտոնական աղբյուրները սա են ասել, մեր աղբյուրները վկայում են այս մասին»:

Արմինե Օհանյանը նշեց, որ շատ ԶԼՄ-ներ են գրել այդ դեպքի մասին՝ սեփական աղբյուրների հիման վրա, որովհետեւ այդ դեպքը լայն քննարկման առարկա է դարձել, Գյումրիում մեծից փոքր խոսում էին այդ մասին: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու, ի՞նչ սկզբունքով են հենց «Հրապարակին» եւ iLur.am-ին ընտրել:

Արմինե Օհանյանը նաեւ դժգոհեց, որ գրեթե ամեն օր, որ քննչականից գրություններ են ստանում այս կամ այն նյութի հետ կապված: Այսպիսի շաբաթ չկա, որ իրենց լրագրողներին չկանչեն հարցաքննության: Այդ գործի հետ կապված էլ ՀՔԾ-ից հորդորել են ձեւական գրավոր մի բան գրել, որ ինչ տեղեկատվություն ունենք, հրապարակել ենք, հավելյալ ինֆորմացիա չունենք տալու, որը կցել են գործին. «Ասեցին միայն մի թուղթ լինի՝ «Հրապարակի» լոգոն վրան խփած, որ մենք կցենք գործի մեջ: Մենք պատրաստեցինք, որ մեր ունեցած տեղեկատվությունը օգտագործել են մեր նյութի մեջ, ինչ վերաբերում է աղբյուրին, չենք բացահայտում: Մի քանի օր անց փոստատարը բերեց հաստ ծրարը: Երբ հաստ ծրար տեսնում եմ, գիտեմ, որ դատական գործ է, սիրտս սկսում է արագ աշխատել»:
Արմինե Օհանյանը նշեց, որ իր պրակտիկայում այդպիսի դեպք չի եղել: Դատարանը տվել է 10-օրյա ժամկետ՝ աղբյուրը բացահայտելու համար կամ բողոքարկելու որոշումը:
Հարցին՝ սա փո՞րձ է վախեցնելու ԶԼՄ-ներին՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Երեւի սա փորձ է վախեցնելու վախեցած ԶԼՄ-ներին»: Ըստ Լեւոն Բարսեղյանի, քննչական մարմինները փորձում են իրենց գործը բարդել լրագրողների վրա. «Իրենց թվում է, թե լրագրողներն իրենց փաստահավաքներն են: Գյումրիում այդ գործը վաղուց բացահայտված է՝ առաջին դասարանցուց սկսած: Գիտեն, որ այս իշխանությունները չեն կարողանում իրենց մանկլավիկներին պատժել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Մեդիա կենտրոնի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031