Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ եմ, որ Հայաստանում գիտեն՝ ինչ է եղել Ուկրաինայում»

Հուլիս 17,2014 10:30

Ճանաչված ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշը՝
Մայդանի, Հայաստանի եւ Ուկրաինայի որոշ նմանությունների մասին

Ճանաչված ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշը (լուսանկարում) նաեւ ակտիվ քաղաքացի է, նա գտնում է, որ մտավորականը պետք է ժողովրդի կողքին լինի: «Առավոտի» հետ զրույցում խոսելով, այսպես կոչված, «գրպանային» մտավորականների մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ցավոք, այդ հիվանդությունը, ավելի ճիշտ՝ չարորակ գոյացությունը, ամենուր է, նաեւ Ուկրաինայում: Այդ ռուդիմենտները, որ խորհրդային իշխանության առանձնահատկություններից էին, այսօր էլ շարունակվում են: Նոմենկլատուրշչիկները, ծառայամիտներն ամեն տեղ էլ կան, չեմ էլ ուզում նրանց մասին խոսել»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ուկրաինական Մայդանին, որի վավերագրողն է Յուրի Հարմաշը: 5000-ից ավելի լուսանկար է արել, իր բառերով՝ գործնականում անցել ողջ Մայդանը:

«Շատերին թվում է, թե Մայդանն ընդամենը վրաններն էին… Իրականում Մայդանը ժողովրդի ոգին է: Նարնջագույն հեղափոխությունից հետո ամեն ինչ մի տեսակ անփառունակ ավարտվեց, չեմ մանրամասնի, թե ինչու, ինչ պատճառով: Դա ուրիշ թեմա է: Չէի հավատում, որ ժողովուրդը նորից այդպես միահամուռ կհամախմբվի ու ոտքի կկանգնի: Չեմ կարող ասել, թե ես չափից շատ ակտիվ մայդանական եմ եղել, բայց իբրեւ լուսանկարիչ՝ անցել եմ ամբողջ Մայդանը, լսել բոլոր ելույթները, Մայդանի ընթացքում 5000 լուսանկար եմ արել: Հովանավոր գտնելու դեպքում այդ լուսանկարների ալբոմը կհրատարակեմ: Իմիջիայլոց, երբ Կիեւում Մայդանի 50 լավագույն լուսանկարների ցուցահանդես բացվեց, իմ լուսանկարն այդ 50-ի մեջ էր»,- նշեց պարոն Հարմաշը: Նաեւ հավելեց, որ այդ լուսանկարն այժմ Պաուլո Կոելիոյի մոտ է:

«Ես երջանիկ եմ, որ Մայդանը եղավ: Ճիշտ է, հիմա չկա, ի վերջո չէր կարող հավերժ լինել՝ իբրեւ ֆիզիկական երեւույթ, իսկ գաղափարական առումով այն շարունակվում է ուկրաինացի ժողովրդի հոգում: Մենք հավատում ենք, որ կհաղթենք: Հիմա աղոթում եմ Աստծուն, որ Ռուսաստանը զորք չմտցնի Ուկրաինա: Ուկրաինան ինքնուրույն կարող է լուծել իր խնդիրները: Ի վերջո մենք հաղթեցինք օլիգարխներին, կոռուպցիային, որն այնպիսի ծավալներ ուներ, որից մեկ-երկու օրում, ամսում, տարում հնարավոր չէ ձերբազատվել: Կոռուպցիան մեզ մոտ խորը արմատներ ունի հատկապես դատական եւ կառավարման համակարգերում: Մենք պայքարում ենք, դա ոգեւորող է, իսկ այն սուտը, որ տարածում են ռուսական ԶԼՄ-ները, ուղղակի անհավատալի է: Շատ բաներ կատարվել են իմ աչքի առաջ, լսել իմ ականջներով, բայց ռուսական լրատվամիջոցներում լրիվ այլ կերպ է ամեն ինչ ներկայացվում: Աշխատում եմ չնայել ռուսական ալիքներ: Հիմա Երեւանում եմ, հայերեն չեմ հասկանում ու ստիպված եմ նայել ռուսական ալիքներ: Երբ միացնում եմ 24-րդ ալիքը կամ «Ռոսիա պլանետան», տխրում եմ: Ինչքան զոմբիացած են ռուսներն ու հարավարեւելյան ուկրաինացիները… Ուր մնաց անաչառությունը: Չնայած մեղավոր են նաեւ մեր լրատվամիջոցները, մենք տանուլ տվեցինք տեղեկատվական դաշտում: «Ոսկե ծիրան» փառատոնի օրերին շատ հայերի հետ եմ շփվել, հաճելի էր, որ բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվել մեզ հետ: Հիշո՞ւմ եք մեր երիտասարդ օդաչու աղջկան, որին զինյալները գերի վերցրին: Նա չդավաճանեց հայրենիքը, ոչ մի գաղտնիք չբացահայտեց: Ողջ աշխարհը տեսել է այդ տեսանյութը, բայց ռուսները հայտարարում են, որ նա անձնագիր չուներ, ռուս լրագրողի մահվան պատճառ է դարձել: Մինչդեռ բոլորին հայտնի է, որ ռուսական առաջին ալիքի օպերատոր Անատոլի Կլյանը ոչ թե հրազենից է զոհվել, այլ սրտի կաթվածից: Ուկրաինան էլ հայտարարել է, որ մարտական գործողությունների վայրում աշխատող հավատարմագրած լրագրողների անվտանգությունն է երաշխավորում: Առավոտյան ինտերնետում կարդացի, որ ահաբեկիչները կրակում են Ռուսաստանի ուղղությամբ եւ ներկայացվում է, որ դրանք մեր զորքերն են: Զարմանում եմ համաշխարհային հանրության վրա, մենք փաստերով հիմնավորում ենք, որ դրանք մեր զորքերը չեն», -նեղսրտել էր անվանի կինոօպերատորը:

Նա մի ինքնատիպ հսկա պաստառ էր պատրաստել՝ Տարաս Շեւչենկոյի դիմանկարի վրա խճանկարի ձեւով «հավաքված» է ողջ Մայդանը: Այն Մայդանի օրերին կախված է եղել գործողությունների վայրում:

Մեր զրուցակիցը, որ 1972 թվականից բեմադրող օպերատոր է Դովժենկոյի անվան կինոստուդիայում, նկարահանել է 20-ից ավելի խաղարկային եւ 30-ից ավելի հեռուստատեսային ֆիլմ, բացի ակտիվ լուսանկարչությունից, դասավանդում է նաեւ Կիեւի կուլտուրայի համալսարանի օպերատորական ֆակուլտետում:

Յուրի Հարմաշը խոսելով իր դասավանդման սկզբունքների մասին՝ նշեց, թե լուսանկարչի եւ վիդեոօպերատորի պարագայում երկու կարեւոր պահ կա, մեկը՝ տեխնիկական, մյուսը՝ ստեղծագործական, ստեղծագործել չես կարող սովորեցնել, իսկ տեխնիկականին «վարժեցնել» հնարավոր է, չնայած հիմա էլեկտրոնիկան մարդու փոխարեն էլ է «մտածում»: Հարմաշը ձգտում է, որ իր սաները նախ եւ առաջ ծանոթ լինեն համաշխարհային կինոյի, երաժշտության, կերպարվեստի եւ այլ ոլորտների գլուխգործոցներին ու բարձր արժեքներին:

Ասում է, նրանց համար լուսանկարչական պրակտիկայի առումով հրաշալի դպրոց է եղել Մայդանը: Որպես դասախոս, ինքը անվտանգության նկատառումներով խնդրել է երիտասարդներին ձեռնպահ մնալ այնտեղ աշխատելուց, սակայն ուսանողները, Յուրի Հարմաշից թաքուն, մայդանյան հրաշալի լուսանկարներ են արել: Դրա համար էլ է հպարտ ճանաչված կինոգործիչը:

Կինոգործիչն ափսոսում է, որ ինչպես Երեւանում, այնպես էլ Ուկրաինայում հինը չի պահպանվել, պատմական շենքերը զոհ են գնացել էլիտար նորակառույցներին: Ստեղծագործական միությունների մասին էլ խոսեցինք: Նա եւս փաստում է, որ դրանք ստալինյան կառույցներ են: Գտնում է, որ ուկրաինական կինոմիությունը դեռ չի սպառել իրեն, վերջինիս Կինոյի տունը հանդիպումների ու քննարկումների, մեկը մյուսին նեցուկ լինելու վայր է, իսկ այ իրենց Գրողների միությունը հոգեվարքի մեջ է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Յուրի Հարմաշի
ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Норайр says:

    Русские украинцев до сих пор воспринимают, как генетический материал для усиление русского этноса. Всего лишь 5% населения России мусульмане, но русские боятся их. Считают, что если присоединят украинцев и заставят их отказаться от заблуждения, что они украинцы а не русские, сбившиеся от родного стадо, то мусульман станет всего лишь 3% население страны. А это совсем другое дело. Можно и не боятся. И потом. Зачем так много народов. Русские, нерусские. Ну и хватит.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031