Է. ԱՐԴԱՐ ՊԱՏԵՐԱԶՄ (just war)
Կյանքն Աստծու սուրբ պարգևն է, և այն ոչ ոք իրավունք չունի խլել: Ժամանակակից աշխարհում, որից անմասն չէ նաև մեր իրականությունը, այս հասկացությունը գլխիվայր է շրջված` շեշտելով, թե կյանքը գերագույն արժեք է: Սակայն կյանքը ոչ թե գերագույն արժեք է, այլ` գերագույն պարգև: Իսկ գերագույն արժեքը այդ կյանքում և կյանքի որակից ծնվող գաղափարները, արժեքները և սկզբունքներն են:
Կյանքը պարգև է և արժևորվում է ծառայությամբ, բարիքի ստեղծումով և զոհաբերությամբ: Կյանքը կոչված է արժեքին ծառայության և ոչ թե ինքնածառայության, ինքնանպատակ և անորոշ. «… իսկ նրանք ուրախություն և ցնծություն արեցին… որպեսզի միս ուտեն, գինի խմեն և ասեն. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»: Բայց դա հասել է Զորությունների Տիրոջ ականջին… և ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու» (Ես. 22:13-14, տե՛ս ամբողջ գլուխ 22-ը), և «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ կյանքը նման է խնկածաղիկի: Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում է, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ես. 40:6-8):
Սա թվացյալ հանգիստ և խաղաղ կյանքն է, որը ինքնին դժնդակ տառապանք է` հոգնություն` առանց իմաստի, և բովանդակություն` դատապարտված անէանալու:
Կարդացեք նաև
Ամբողջ Աստվածաշունչ մատյանի` Ծննդոց գրքից մինչև Հայտնության գիրք, հիմնական ուրվագիծը և ներմտածողությունը «Արդար պատերազմի» գաղափարն է, որը առաքյալը կոչում է նաև «Բարի պատերազմ»:
«Տեսա երկինքը բացված և այս մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ: Նա արդարությամբ է դատում և պատերազմում» (Հայտնություն 19:11, տե՛ս Հայտնություն, գլուխ 19-22):
«Արդար պատերազմը» կամ նրա տեսությունը ու գաղափարը երբեք էլ չի խրախուսում պատերազմը, այլ սահմանում է այն իրավիճակը, պայմանները և չափանիշները, որում այլ հնարավորություն գոյություն չունի և առանց որի անհնար կլինի պաշտպանել և պահպանել սեփական պետությունը, Հայրենիքը, սրբությունները, ժառանգությունը, ընտանիքը, քաղաքակրթությունը, ինքնությունը, ազատությունը և, ընդհանուր առմամբ, գոյության իրավունքն ու գոյությունը ընդհանրապես. «Տեր, առաջնորդիր ինձ արդարությամբ, որպեսզի իմ թշնամիները զղջան» (Սաղմ. 5:8) և «Ահա օրեր են գալու,-ասում է Տերը,-և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա, նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա» (Երեմիա 23:5-6) և «Եթե արդարության հետևից գնաս, կհասնես նրան և այն կհագնես իբրև փառքի զգեստ» (Սիրաք 27:9):
Մեզ համար «Արդար պատերազմի» ամբողջական ուսուցում է Սբ Վարդանի ճառը, որը բացահայտում է բացառիկ առաջնորդի կերպարը և առաջնորդության նկարագիրը, արտահայտում «Արդար պատերազմի» էությունը, «… որպեսզի, եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է այս պատերազմում մեր կյանքը սուրբ մահվամբ կնքելու ժամանակը, այն սրտի ուրախությամբ ընդունենք, բայց միայն թե քաջության արիությանը վախկոտություն, վատություն չխառնենք» (Եղիշե, էջ 101-102, Սբ Վարդանի ճառն ամբողջությամբ տես այս գրության վերջում` ամփոփումից հետո: Պարզապես, թե՛ գրական առումով, թե՛ զորավարի, առաջնորդի, մարդկային նկարագրի հիանալի և բացառիկ ներշնչող օրինակ, նմուշ է, որ արժանի է տեղ գտնելու համաշխարհային պատմության և գրականության էջերում, որն ուխտի պես պարտադիր ուսուցում պետք է դառնա մեր դպրոցներում):
«Արդար պատերազմի» ոչ թե սոսկ տեսության, այլ գործնական, շոշափելի արտահայտության անգնահատելի օրինակ է Գևորգ Ե Սուրենյանց` Վշտալի ստորագրող հայրապետի խոսքը և նրանից ծնված Սարդարապատի գոյամարտը և ապա Հայոց պետականության վերականգնումը.
«…Մի՞թե մենք չպիտի կարողանանք պահպանել մեր օջախի կրակը, մեր հավատի ջահը, մեր ազգային գոյի հիմքերը: Իսկ եթե եկել է վերջը, այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ և ոչ թե ողորմելի զեռունի պես ոսոխի առաջ սողալով… ուրեմն էլ ինչո՞ւ դավենք ապրելու և գոյատևելու մեր ազգային կերպին…» (Գևորգ Ե Սուրենյանց Վշտալի հայրապետի ճառը տե՛ս ամփոփումից հետո: Այո՛, այն ևս ուխտագրի պես պետք է դառնա յուրաքանչյուրի սեփականությունը):
Կարելի է ասել, որ այս փոքր, բայց անվախճան խոսքը ընդգծում է «Արդար պատերազմի» պայմանների համառոտ բանաձևը. «օջախի կրակ, հավատի ջահ, ազգային գոյի հիմքեր»:
Առանց վարանելու պետք է արձանագրել, որ այսպիսի մտածողությունը վճռեց նաև մեր այսօրվա գոյությունը: Մի պահ պատկերացնենք. եթե այն օրերին չընտրեինք արդար պատերազմը և ընտրեինք «ողորմելի զեռունի պես սողացող» խաղաղության պատրանքը (ինչպես այսօրվա իշխանությունը), Հայաստանից միայն հուշ կմնար: Այսինքն, այն լուծեց ոչ միայն այդ պահի գոյութենական վտանգի հարցը, այլև սերունդների գոյության հարցը:
«Արդար պատերազմի» գիտակցությամբ և դրանից բխող վարքագծով ու կենցաղով ապրող ժողովուրդը երբեք չի պարտվի «խաղաղության» կողմից հայտարարած պատերազմին: Այսպիսի խաղաղությունը, ինչպես անդրադարձել եմ, «մեղքի խաղաղություն» է` թմբիրի և թմրամոլի խաղաղություն, որ լույսի պատրանքի զգեստով խավարի գործ է, որում դավաճանությունը ներկայացվում է որպես դիվանագիտություն, ուրացումը` որպես շրջահայացություն, «զեռունի պես սողալը»` որպես տնտեսական շահի նախաձեռնողականություն, հայրենավաճառությունը` որպես զոհաբերություն, սեփական ինքնությունը ժխտելը` որպես քաջություն, ամոթը, խայտառակությունը և պարտության մեղքը` որպես սխրանք և հերոսություն, գերությունը` որպես ազատություն:
Այս մասին է հռչակում առաքյալը. «Ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13:12):
«Արդար պատերազմից» հրաժարվելը հանգեցնում է ստորացնող, նվաստացնող, անարժանապատիվ, անդիմագիծ, անգույն, անհայրենիք «խաղաղության», յուրահատուկ էվթանազիայով խաղաղ չգոյության:
Նույնիսկ կենդանական աշխարհում, երբ վիշապ օձը պատրաստվում է կլանել իր զոհին, նախ խաղաղեցնում, թմրեցնում է և ապա կուլ տալիս:
Վերջապես, ստրուկը կամ ծառան ի՞նչ իրավունք կամ գոյության ի՞նչ կերպ ունի, բացի տիրոջ հրամաններն ու թելադրանքները կատարելու իրավունքից, որպեսզի կարողանա «խաղաղ» ապրել մի կտոր հացով և հնարավոր փոքրիկ տարածքով, որում ինքը զուտ բնակիչ է, լավագույն դեպքում:
Հայ Եկեղեցին աղոթում է երևացող և չերևացող թշնամիներից պաշտպանության անհրաժեշտության, այսինքն` հոգևոր և մարմնավոր անվտանգության համար: Եթե մարմնավոր` երևացող թշնամին հայտնի է, ապա հոգևոր` չերևացող թշնամու թակարդներից մեկն էլ հենց այս «մեղքի խաղաղության» թմբիրի ճահճացած վիճակն է. «Ի՞նչ օգուտ կունենա մարդը, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը վնասի… չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը…» (Մատթ. 16:26, 6:25):
«Արդար պատերազմի» գիտակցության և ապրելու բանաձևի այլընտրանքը երբեք էլ խաղաղությունը չէ, այլ ոչնչացումը և պատմության թատերաբեմից հեռացումը: Եթե նույնիսկ ոչ պետության վերացումը` ձևական իմաստով, ապա ժողովրդի դիմադրողականության, սեփական հոգևոր նկարագրով, մշակույթով և իր սեփական կենսատարածքում ապրելու իրավունքից զրկվելու առումով: Մեր Տերը ուղղակի հրահանգում է` ասելով. «Մտեք նեղ դռնով, որքան ընդարձակ է այն դուռը և լայն` այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով: Որքան անձուկ է այն դուռը և նեղ` այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն» (Մատթ. 7:13-14):
Այս նեղ դուռը և անձուկ ճանապարհը արդարության, ճշմարտության համար պայքարի` «Արդար պատերազմի» միջոցով հաղթանակի հասնելու և խաղաղություն հաստատելու կյանքի ճանապարհն է: Իսկ ընդարձակ դուռը և լայն ճանապարհը «մեղկ և ծույլ խաղաղության» մասին է, որի վերջնահանգրվանը կորուստ է (Խ.Անձևացի):
Այս մասին է նաև առաքելական պատգամը. «Եթե արդարության համար չարչարվեք, երանի ձեզ: Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք…» (Ա Պետ. 3:14) և «մի՛ պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին…» (Հռոմ. 12:21):
Հարկ է շեշտել, որ «բարիով հաղթելը» չի նշանակում, մեր հայրերի բնութագրմամբ, «ոչխարամտային հեզությամբ սնավաստակ լինել» և «խոտորում է զրկվածի վրեժը չխնդրելը` հեզ գտնվելով զրկողի հանդեպ» (Խ.Անձևացի, էջ 88):
«Արդար պատերազմի» գիտակցությունը տեր և ոչ թե ծառա կամ մուրացկան լինելու մասին է: Այն ինքնաճանաչողության, ինքնագնահատականի և ինքնահարգանքի գերագույն աստիճանն է` «կազմ ու պատրաստ լինել կռվելու և մեռնելու հանուն նախնիների հավատի և հայրերի օրենքների» (Գ Մակ. 1:23) և «ավանդը պահելը» (Բ Տիմ. 6:12):
Ի վերջո, «Արդար պատերազմի» գիտակցությունը ազգի համախմբման, լավագույն որակների արտահայտման, ներքին հաշտության, առաջընթացի և զարգացման գաղափարաբանությունն է, երբ ազգը` որպես պետություն և կառավարություն, հաղթողի հոգեբանությամբ և տրամադրվածությամբ է երազներ և նպատակներ սահմանում (և ոչ թե պարտված ձախողակի)` ձգտելով ամեն գնով և կերպով իրականացնել այդ երազները ներկայում և գալիքի համար դառնալով` «Հավիտենական ուրախություն, ցնծություն` սերնդից սերունդ… խաղաղություն եմ տալու իշխաններին և վերակացուներին` արդարություն, որտեղ անիրավության մասին այլևս չի լսվելու… և ոչ էլ քո սահմաններում` կոտորածի ու թշվառության մասին… պարիսպները անվանվելու են փրկություն և դռները` ցնծություն… սգո օրերը վերջացած… որտեղ ժողովուրդը բոլորովին արդար կլինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը… Տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու: Սակավաթիվը հազարավոր է դառնալու, փոքրը` մեծ ազգ, քանզի ես` Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց» (Ես. 60:15-22), և այդպիսի ազգը միանշանակ կկարողանա հռչակել` ասելով` «Մահը կուլ գնաց հաղթանակին» (Ես. 25:8), «ո՞ւր է մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է գերեզման քո խայթոցը» (Ովսէ 13:14):
Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ


















































