Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բարեփոխումների փորձը հետաքրքիր է և մոդելային աշխարհի երկրների համար

Հոկտեմբեր 10,2014 18:20 Share

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն  Մարի-Պյեր Պոիրիերի գլխավորած պատվիրակությանը: Ա. Աշոտյանը նշել է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր:

Մարի-Պյեր Պոիրիերին իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում, որի հետևանքով բոլոր երեխաներին տրվել են կրթական միանման հնարավորություններ: Այդ կապակցությամբ նախարարը հույս է հայտնել, որ ԱԺ աշնանային նստաշրջանում հավանության կարժանա <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով մինչև 2025 թվականն անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, ուղղված հատուկ ուսումնական հաստատությունների վերակազմակերպմանը և ներառական համակարգի հզորացմանը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և ԱՄՆ Զարգացման գործակալությունը արդեն իսկ ստորագրել են 5-ամյա ծրագրի համաձայնագիր, որի նպատակն է աջակցել կառավարությանը` բարեփոխելու երեխաների խնամքի համակարգը և բեռնաթափելու գիշերօթիկ խնամքի հաստատությունները: Ծրագրի բաղադրիչներից մեկը ներառական կրթության զարգացումն է:

Քննարկվել է նաև դպրոց չհաճախող կամ չհաճախելու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և ուղղորդման ծրագրին առնչվող հարցեր: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը Լոռու մարզում իրականացնում է նշված փորձնական ծրագիրը, որի նպատակն է մշակել մարզային կրթական, սոցիալական, առողջապահական, ոստիկանության, համայնքային ծառայությունների և հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմներ՝ երեխաների դպրոցից դուրս մնալը կանխելու համար: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ  վերոնշյալ փորձնական ծրագիրը հետաքրքիր փորձ է. ցանկալի կլիներ, որ այն դրվեր հանրային քննարկման և տարածվեր ՀՀ բոլոր մարզերում: Գործընթացը, ըստ Ա. Աշոտյանի, ներառում է տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանքի հնարավորություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախադպրոցական կրթության ձեռքբերումները: Մասնավորապես, ՄԱԿ ՄՀ-ը մասնակցում է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախադպրոցական ծառայությունների զարգացման ծրագրին, որում կարևորվում է սոցիալապես խոցելի խմբերի ներառման անհրաժեշտությունը:  Ա. Աշոտյանի խոսքով` ծրագրում ներկայումս ներառված են 5-6 տարիքային խմբի երեխաներ, և նախատեսվում է, որ մինչև 2017 թվականը 6 տարեկանների ընդգրկվածությունը ծրագրին կկազմի մինչև 90 տոկոս: Նախարարը կարևորել է ծրագրի արդյունավետությունը նաև ավելի ցածր տարիքային խմբի համար. այդ ուղղությամբ ներկայումս կառավարությունը քայլեր է ձեռնարկում` ուղղված նախադպրոցական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031