Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ լավ լինեիք, ես այստեղ ի՞նչ գործ ունեի»,- Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի մասնակիցներին

Հոկտեմբեր 10,2014 20:13

«Ո՞նց եք, լա՞վ եք: Որ լավ լինեիք, ես այստեղ ի՞նչ գործ ունեի: Որ լավ լինեիք, տուն, տեղ, դաշտ ու այգի թողած՝ այստեղ չէիք լինի: Եկեք ճիշտը խոսենք, վատ եք»,-առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպես սկսեց իր զրույցը՝ Ազատության հրապարակում հավաքվածների հետ: Նա իր ելույթում անդրադարձավ քառյակի գործունեությանը՝ ասելով, որ խորհրդարանական ուժերի համագործակցությունը  համաժողորդական շարժման է վերափոխվում. «ՀՅԴ-ն ինչ-ինչ նկատառումներով հարմար չի գտել միանալու համաժողովրդական շարժմանը: Մենք հարգում ենք իր որոշումը, հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը եւ Ռոբերտ Քոչարյանը քառյակի հետ առնչություն չունեն. «Եթե իրենք մեզանից անկախ պատրաստ են պայքարել սարգսյանական ռեժիմի հետ, մենք նրանց շնորհակալ կլինենք: Ովքեր փորձում են մեղադրել հեղաշրջման մեջ, շարժումը գործելուէ բացառապես Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում՝ հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, պիկետներ եւ այլն: Այդ իրավունքի դեմ ցանկացած գործողություն դիտվելու է որպես իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք: Նկատի ունենալով վարչախմբի նենգ գործելաոճը, մենք ձեզ կոչ ենք անում ոչ մի պարագայում տուրք չտալ սադրանքների:Մեր հավաքներում իշխանության ներկայացուցչների հասցեին անձնական վիրավորանքներ եւ հայհոյանքներ չեն հնչելու: Մենք նրանց մասին խոսելու ենք միայն եւ միայն քաղաքական լեզվով՝ չզլանալով իրերը կոչել իրենց անուններով՝ եթե գող են, ասելու ենք գող, եթե մարդասպան են, ասելու ենք մարդասպան, տգետ են, ասելու ենք տգետ, ամբարտավան են, ասելու ենք ամբարտավան»:

Նա ասաց, որ տիրապետելով լիարժեք տեղեկատվության եւ ելնելով գործի նպատակահարմարությունից, քառյակի ղեկավարությունն է միայն սահմանում ընթացքի արագությունը եւ հանրային միջոցառումների ժամանակացույցը. «Ուստի ակնկալվում է ձեզանից լիովին վստահել քառյակին եւ ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին: Առանց փոխադարձ վստահության, մեր ձեռնարկած լրջագույն գործը չի կարող հաջողությամբ պսակվել»:

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս՝ նա ասաց, որ միայն հիմարը կհավատա, որ վարչախումբը այս դ փոփոխությունները նախաձեռնել է բացառապես իր հոր արեւ երկրի, ժողովրդի բարօրության համար, ոչ թե իր վերարտադրության»:

Նա ասաց. «Մենք այլեւս մանր-մունր հարցերով զբաղվելու իրավունք չունենք: Ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ բոլոր մանր ու մեծ խնդիրները վարչախմբի անկատարությունն է: Այդ խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ: Հիրավի հասունացել է  ավազակապետությունից ազատվելու եւ ավգյան ախոռները մաքրելու ժամանակը»:

Ազատության հրապարակում վանկարկում են՝ «Սեր-ժիկ, հեռացի՛ր»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակեց իր խոսքը. «Երբ վարչախումբը մեկուսացած է, իսկ ընդդիմությունը՝ համախմբված, երբ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, միջազգային հանրությունը երես է թեքել, եթե այս պահը բաց թողնվի եւ իշխանափոխություն տեղի չունենա, առանց չափազանցման թե՛ Հայաստանը, թե՛ ԼՂՀ-ն դատապարտված են կործանման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031