21 տարի առաջ այս օրերին հայ ազատամարտիկները թշնամուն դուրս վռնդեցին Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական գավառից: Կովսական և հարևան Միջնավան (վերաբնակեցվել է ավելի շուտ՝ 1995 թվականին) քաղաքների վերաբնակեցումով սկսվեց մայր Արաքսի ձախափնյա Հակարի և Ողջի գետերի ավազանների վերստին հայացումը:
Մոտ 2 տասնամյակի ընթացքում բավականին շենացել է պատերազմից ամբողջովին ավերված քաղաքն ու դարձել կենտրոն մոտակա բնակավայրերի համար: Այժմ համայնքում բնակվում է 800-ից ավելի մարդ, այդ թվում նաև՝ սիրիահայեր (մոտ 30 ընտանիք):
Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում են 100-ից ավելի աշակերտներ, իսկ նախադպրոցական խմբակում կա 17 երեխա: Համայնքում ընդհանրապես կա 70-ից ավելի նախադպրոցական երեխա, որն էլ մանկապարտեզ ունենալու խնդիր է առաջ բերել: Վերջին տարիներին քաղաքում իրականացվեցին մի շարք շինարարական աշխատանքներ պետական բյուջեով և բարերարների կողմից:
Շահագործման են հանձնվել 2 բազմաբնակարանոց տներ սիրիահայերի համար, տներ բազմազավակ ընտանիքների համար, հիմնանորոգվել է դպրոցի շենքը և այլն:
Կարդացեք նաև

Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց երկրի իշխանություններին՝ քաղաքի օրվա տոնի օրը նման նվեր պարգևելու համար, որն էլ երաշխիք է՝ կովսականցին կտեսնի իր երազած քաղաքը: «Մանկապարտեզի շահագործումը կարևոր է նաև նրանով, որ բացի 60 երեխաների դաստիարակվելուց, քաղաքում կբացվի 20 աշխատատեղ: Իսկ նորակառույց և ժամանակակից սարքավորումներով ու գույքով հագեցած հիվանդանոցի պայմանները կբարձրացնեն բուժսպասարկումը»,-ասաց Ռ. Մարգարյանը:
Ողջույնի, շնորհավորանքի և շնորհակալանքի խոսք ասաց հիվանդանոցի վարիչ Լուսինե Սարգսյանը: Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջն. դպրոցի աշակերտներն ու «Թաթուլ» ազգագրական երգ ու պարի խմբակի սաները, սիրիահայ մանուկները:


Նախագահը ուղեկիցների հետ շրջեց հիվանդանոցում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, հետաքրքրվեց նոր բերված գույքի, սարքավորումների վիճակով, հայտնեց գոհունակություն, որ Կովսականում վերջապես բացվեց ժամանակակից սարքավորումներով, գույքով հագեցված նորակառույց հիվանդանոցը:

Հանդիսավոր մասից հետո Կապանի տարածքային զինկոմը հուշանվեր-սուր պարգևեց Կովսականի քաղաքապետին՝ մաղթելով, որ հարկ չլինի՝ այն պատյանից հանելու: Նշեց նաև, որ տարածքի ազատագրմանը կապանցիները նույնպես մասնակցել են: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետ. դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը, շնորհավորելով օրվա առթիվ, մաղթեց, որ խաղաղությունը մշտապես տիրի, և ծաղկի Կովսականը, դառնա մշակութային կենտրոն: Մթնշաղին հրաժեշտ տվեցի Կովսականին՝ հավատով, որ կիրականանա բոլորիս ցանկությունը:
Զոհրաբ Ըռքոյան



















































