ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քսանութերորդ
Կարդացեք նաև
ՀԱՎԱՏՔԻ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ
Եվ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չեմ հավատում», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն չես հավատում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեմ հավատում, որ չես հավատում», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ն չեմ հավատում», եւ ես ասացի՝ «չես հավատում, որ քո աղոթքներն ու աղերսանքները կհասնեն Տիրոջը» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ես հավատում եմ», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ն ես հավատում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հավատում եմ, որ միշտ էլ քո աղոթքներն ու աղերսանքները կհասնեն Տիրոջը», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «քո հավատալը շատ քիչ ա» եւ մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով հարցրեց՝ «ես էլ պիտի հավատամ, չէ՞», եւ ես ապշահար հարցրի՝ «դու ո՞ւմ չես հավատում», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «ինքս ինձ չեմ հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «եթե մարդ ինքն իրեն չի հավատում, Աստծուն էլ առանձնապես չի հավատա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «առաջին անգամ եմ քեզնից էդ միտքը լսում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ նոր-նոր եմ էդ բանը հասկացել», եւ ես բավական երկար մտածեցի ու ասացի՝ «հիվանդությունը քեզ շատ ա խեղճացրել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ինձ հարցրեց՝ «ըտենց մարդ գիտե՞ս, որ հիվանդությունից չի խեղճանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չէ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ես էդ միլիոնավոր խեղճացածներից մեկն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «ես ուրիշ հիվանդներից ինչո՞վ եմ լավ, որ չխեղճանամ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «խեղճությունը քեզ չի սազում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ինձ առաջին անգամ ես էսպես խեղճացած տեսնում, դրա համար ես էդպես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «ահագին ժամանակ ա՝ էսպես հիվանդ ու էսպես խեղճացած եմ», եւ ես բավական երկար մտածեցի ու ասացի՝ «մի մարդ, որն ուրիշի հիվանդությունը բուժել ա, ինքը չպիտի հիվանդությունից խեղճանա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «հեշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բժիշկներն ամեն օր են ուրիշներին բուժում, բայց երեւի իրանք էլ են իրանց սեփական հիվանդությունից խեղճանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հաստատ կխեղճանան» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «իզուր ես քեզ բժիշկների հետ համեմատում», եւ Հավատացյալը հարցրեց՝ «բա ո՞ւմ հետ համեմատեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ մեկի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «դու բացառիկ մարդ ես», եւ Հավատացյալը հարցրեց՝ «ինչո՞վ եմ բացառիկ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հավատքիդ մեծությամբ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «հենց թեկուզ նրանով, որ հավատքիդ ուժով կարողացել ես էդ ահավոր գլխացավերից ընկերոջդ ազատել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «որովհետեւ էդ ընկերս էր բացառիկ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը որ Բարձրյալի զորությանը չհավատար, ես չէի կարող էդ գլխացավերից իրան ազատեի» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «իրա հավատն էնքան մեծ էր, որ ես ընդամենը միջնորդի դեր էի կատարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ու դու էլ որ Եղբայր Վարդգեսի չափ հավատ ունենանք, հաստատ մենք էլ մեր ցավերից կազատվենք», եւ ես Հավատացյալ Խորենին հարցրի՝ «ի՞նչ ցավեր», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քիչ առաջ ասում էիր, որ դու էլ էդ տեսակ գլխացավեր ունես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ինստիտուտիցս ու բանակիցս հետո էդ գլխացավերս կտրուկ պակասեցին», եւ Հավատացյալը հարցրեց՝ «հիմա ո՞նց ես», եւ ես ասացի՝ «տարվա մեջ մի քանի անգամ պատահում ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «տարվա մեջ էդ մի քանի անգամը հեչ բան ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ հաճախակի ըլներ, քեզ կխնդրեի, կվերացնեիր», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «եթե Վարդգեսինը վերացրել ես, իմն էլ կվերացնեիր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «անհնարին բան ես ասում», եւ ես հարցրի՝ «ինչի՞ ա անհնարին» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «չէիր ուզի՞ ինձ օգնեիր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «իմ ու քո ուզելը շատ քիչ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, իմ ու քո ուզելը շատ կարեւոր ա, բայց…» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «չգիտեմ՝ միտքս ոնց ձեւակերպեմ, որ հասկացվի», եւ ես ժպտալով Խորենին ասացի՝ «արդեն բացատրեցիր՝ հասկացա», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հասկացար», եւ ես ժպտալով ասացի՝ «ես քեզ կես խոսքից եմ հասկանում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «այսինքն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «այսինքն, ուզում ես ասես, որ մենք ոչ միայն պիտի ուզենք, այլեւ պիտի հավատանք, որ մեր ուզածը կկատարվի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ, ոչ թե կկատարվի, այլ կկատարի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մինչեւ չհավատանք, որ մեր խնդրանքը տեղ կհասնի ու մեր ցանկությունն ի կատար կածվի, ոչ մի բան չի ստացվի», եւ Հավատացյալը զարմացած նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, մտքերս կարդում ես»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ


















































