Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիա փողոցում կրակոցների հետեւանքով տուժած եւ հրազենային վնասվածք ստացած Ստեփան Ամիրշադյանը գիտակցության է եկել:
Ոստիկաններն առայժմ թույլ չեն տալիս, որ նրա մոտ որեւէ այցելու լինի: Բժիշկն ասաց. «Ներքին գործերի ներկայացուցիչները հատուկ զգուշացրել են, որ մարդ չթողնեմ նրա մոտ»:
Բժշկի խոսքերով՝ «Ստեփան Ամիրշադյանը վիրահատվել է երեկ ժամը 1-ն անց 30 րոպեին՝ հրազենային թափանցող միջանցիկ որովայնային վիրավորման կապակցությամբ: Ներքին օրգանների վնասումները շատ լուրջ բնույթ չեն կրում, վիճակը կայուն է: Վնասվել է մեծ ճարպոնի մի մասը եւ սիգմայաձեւ աղու միջընդերքի մի մասը՝ առանց լուրջ հետեւանքների: Կատարվել է որովայնի հատում, արյունահոսության դադարեցում: Ներկա պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն վիճակում: Գիտակցությունը պարզ է, առանձնապես լուրջ գանգատներ չունի»:
Կարդացեք նաև
Թե երբ են տեղափոխելու նրան պալատ՝ բժիշկը հստակ չգիտեր՝ 1-2 օրվա ընթացքում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































