«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անունից Սահմանադրական դատարան դիմած փաստաբան Արթուր Հովհաննիսյանի դիմումի համաձայն՝ ՓԲ ընկերությունն այլևս չի կարող դիմել դատարան որևէ վարչական մարմնի կամ այլ անձի դեմ, և արդյունավետորեն պաշտպանել իր իրավունքները, օրինական շահերը, քանի որ նման հայց ներկայացնելու «անհրաժեշտությունը» որոշելը թողնվել է բացառապես ժամանակավոր կառավարչին, որը, ըստ դիմողի, «շահագրգիռ չէ» հայց ներկայացնել իրեն նշանակած պետական մարմնի դեմ: Այսինքն, ստացվում է, որ պետությունը, միջամտելով տնտեսվարողի գործունեությանը, կարող է բացառել նրա՝ պետության և պետական մարմինների, ինչպես նաև երրորդ անձանց դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը:
Դիմողը խնդրել էր. «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1 հոդվածի 3-րդ մասը՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Դիմումը Սահմանադրական դատարանում էր այս տարվա փետրվարի 2-ից: Մինչ ՍԴ դիմելը, այս գործն անցել էր վարչական դատարաններով: Ըստ ՍԴ-ի` լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ՝ լիցենզավորված անձի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի) գործադիր մարմնի բոլոր լիազորությունների իրականացումն օրենսդիրը վերապահել է ժամանակավոր կառավարչին՝ չբացառելով նաև լիցենզավորված անձի շահերի հավասարակշռված պաշտպանությունը՝ ներառյալ դատական:
ՍԴ-ն հղում էր կատարել վիճարկվող օրենքին, մեկնաբանելով այսպես. Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմիններն իրենց իրավասությունները (լիազորությունները) իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ։ Ստացվում է, որ նշյալ կարգավորման ուժով՝ լիցենզավորված անձի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և որպես կանխարգելիչ միջոցառում՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու պայմաններում գործադիր մարմնի ղեկավարը, ըստ էության, մեկուսացվում է լիցենզավորված անձի գործադիր կառավարումից. լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորություններն անցնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ նշանակված ժամանակավոր կառավարչին:
Կարդացեք նաև
«Օրենսդրի կողմից նման մոտեցման ցուցաբերումն ինքնանպատակ չէ. համապատասխան կառուցակարգերի ներդրումը նպատակ է հետապնդել կանխելու գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումը՝ ապահովելով գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից «Էներգետիկայի 7 մասին» օրենքի դրույթները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հարուցված վարչական վարույթի անխոչընդոտ ընթացքը, որն իր վերջնարդյունքում միտված է էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն և անխափան գործունեության շարունակականության երաշխավորմանը»,-պատճառաբանել էր ՍԴ-ն իր ՍԴԱՈ-70 որոշմամբ:
ՍԴ որոշմամբ չի հիմնավորվել, թե ընկերության գործունեությանը վերաբերող գործադիր կառավարման տիրույթում գտնվող բովանդակային բնույթի միևնույն հարցերով միաժամանակ երկու սուբյեկտներին դատարան դիմելու իրավունք չտրամադրելը (տվյալ դեպքում այդպիսի իրավունքով միայն ժամանակավոր կառավարիչին օժտելը) ընկերության ո՞ր հիմնական իրավունքն է խաթարում:
Ըստ ՍԴ-ի` անհատական դիմումն ակնհայտ անհիմն էր, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք դարձավ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2026

















































