Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդան» տոնավաճառը տեղի վարձավճարը բարձրացնում է դրամ-դոլար փոփոխության պատճառով

Հունվար 11,2015 17:32

«Հրազդան» տոնավաճառի ոչ բոլոր տեղերի վարձավճարները կբարձրանան: Aravot.am-ի հետ զրույցում, մեր հարցին, թե ինչո՞ւ են տոնավաճառի տեղի վարձավճարները բարձրացնում, ասաց «Հրազդան» հոլդինգի մամուլի ծառայության ղեկավար Թամարա Սարգսյանը:

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ երբ հայտնաբերել են, որ տեղի վարձակալման համար կնքվող պայմանագրերում վարձավճարները ավելի բարձր են, քան նախկինում էր:

Թամարա Սարգսյանի պարզաբանմամբ. «Նախ, ասեմ, որ լարված իրավիճակ չի եղել, որովհետեւ, տեղի վարձավճարների բարձրացումը վերաբերել է ոչ թե ամբողջ տոնավաճառին, այլ միայն մետաղյա կոնտեյներներում առեւտուր իրականացնողներին: Նրանք, մոտ 1 տարի առաջ, մարզադաշտի «յարուսի» տակի տարածքից, որտեղ վարձավճարներն ավելի ցածր էին, քան վրաններինը, տեղափոխվել են կոնտեյներներ: Սակայն նրանց վարձավճարները չէին բարձրացել, չնայած որ ավելի լավ պայմաններ էին, քան՝ վրաններինը:

Այժմ, ըստ էության, մի կողմից վարձավճարների համահարթեցում է գնում, մյուս կողմից էլ դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունն իր դերակատարությունն ունի այս հարցում:

Ըստ պայմանագրի, «Հրազդան» մարզադաշտի առեւտրականները տեղի վարձավճարները վճարում են դոլարին համարժեք դրամով, ուստի «Հրազդան» մարզադաշտի առեւտրի կենտրոնը, ելնելով դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունից եւ մարզադաշտի ֆինանսատնտեսական վիճակից ստիպված է վերանայել վարձավճարները»:

Տիկին Սարգսյանը հիշեցրեց, որ այդ վարձավճարներից է գոյանում այն գումարը որով պահվում է «Հրազդան» մարզադաշտը, ինչը, լինելով բաց կառույց, ըստ Թամարա Սարգսյանի, բավական ծախսատար է:

«Հրազդան» տոնավաճառի սեփականատերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031