Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդան» տոնավաճառի տաղավարներն իրար հետեւից փակվում են

Հունվար 16,2015 14:58

Մի քանի օր առաջ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ «Հրազդան» տոնավաճառում տեղի վարձավճարների բարձրացում է եղել՝ կապված դոլար-դրամ փոխարժեքի տատանումների հետ: Ինչպես տեղեկացրել էր «Հրազդան» հոլդինգի մամուլի ծառայության ղեկավար Թամարա Սարգսյանը` «Ըստ պայմանագրի, «Հրազդան» մարզադաշտի առեւտրականները տեղի վարձավճարները վճարում են դոլարին համարժեք դրամով, ուստի «Հրազդան» մարզադաշտի առեւտրի կենտրոնը, ելնելով դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունից եւ մարզադաշտի ֆինանսատնտեսական վիճակից ստիպված է վերանայել վարձավճարները»:

Ուսումնասիրելու համար, թե վարձավճարների բարձրացումը ինչ ազդեցություն է ունեցել տոնավաճառի աշխատակիցների գործունեության վրա, այսօր Aravot.am-ը շրջայց իրականացրեց տոնավաճառում: Տաղավարների մեծ մասը փակ էին եւ դատարկ:

Hrazdan-(3)Մենք զրուցեցինք առեւտրով զբաղվող տասնյակից ավելի աշխատակիցների հետ, որոնք, թեեւ չցանկացան խոսել տեսախցիկի առջեւ եւ ներկայանալ, սակայն նույն բանն ասացին. «Հաջորդ ամսվանից փակում եմ տարածքը եւ գնում, քանի որ առեւտուր չկա, վնասով եմ աշխատում»: Աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ բոլոր առեւտրականները վարկեր ունեն վերցրած, իսկ բարձր վարձավճարների պարագայում դրանք մարելը ավելի դժվար եւ գրեթե անհնար խնդիր է դառնում:

Մեկ այլ աշխատակից էլ այսպես ասաց. «Աթոռ ունենք, կարող ենք տալ՝ նստես նայես: Առավոտից մենակ էն «սիամսկի» կատուն  եւ սեւ կատուն են ելումուտ անում, էլ հաճախորդ չունենք: Մի հատ մարդ չի գալիս»: Առեւտրականը պատմեց, որ բարձրացված վարձավճարի պարագայում ընդհանրապես գումար չեն վաստակում. «Եթե առանց բարձրացնելու հաճախորդ չկար, որ եկամուտ ունենայինք, ո՞ւր մնաց հիմա: Եթե գնանք մի տեղ պահակություն անենք, գոնե մի քանի կոպեկ կաշխատենք: Բայց էստեղ պահակի պես գալիս ենք, կանգնում ենք, նայում ու գնում: Այսօր ամսի 16-ն է՝ հարցրու՝ մի բան վաճառե՞լ ես մինչեւ էսօր: Ես չեմ կանգնելու մյուս ամսվանից, քանի որ էլ առեւտուր չկա»:

Hrazdan-(4)Վերարկուների վաճառքով զբաղվող մեկ այլ աշխատակից էլ զրույցի ընթացքում ասաց, որ առեւտրականները փակում են տաղավարները ոչ միայն բարձր վարձավճարների պատճառով, այլեւ հասարակության ծանր սոցիալական դրությունից ելնելով. «Մեր ժողովուրդն իրոք անճար վիճակում է, աստիճանաբար մեր տաղավարները փակվում են: Ամսի մեկից ես էլ եմ փակում: Սա կապված է ոչ միայն բարձր վարձավճարների հետ, այլեւ նրա հետ, որ ժողովրդի ձեռքում փող չկա:Մեզ վրա է ազդում նաեւ այն, որ արտագաղթը մեծացել է, մարդ չկա, որ առեւտուր անի, իսկ գնողունակությունը ընկել է: Ղեկավարությունը չի մտնում ժողովրդի վիճակի մեջ, գոնե ասեն՝ չի կարող վճարել, մի քիչ իջեցնենք վարձավճարը: Եվ սա ոչ միայն մեր բնագավառում է»:

Hrazdan-(6)Նշենք նաեւ, որ հունվարի 11-ին «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ցույց էին իրականացրել՝ պահանջելով իջեցնել տեղի վարձավճարները:

Այսօր մեզ հետ զրույցում, խոսելով իրենց հետագա քայլերի մասին, նրանք ասացին. «Վարձավճարների դեմ բողոքը էլ ո՞ւմ մոտ է անցնում, ի՞նչ բողոքենք, մեկ է՝ ոչ ոք չի լսում»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031