Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Զարուհի Մուրադյան. «Ժողովուրդը փրկեց իշխանությունների դեմքը»

Հունվար 19,2015 12:46

«ՀՀ իշխանությունը դավաճանեց հայ ժողովրդին»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Հասարակական ընդվզման և իշխանությունների արձագանքի գնահատականը Գյումրու աղմկահարույց սպանության դեպքից հետո» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա մանրամասնեց. «Նախ արատավորեցին հանրային ընդվզումը. Երանոսյանը հայտարարում է, թե Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել: Նման բան չկար, բայց եթե նույնիսկ այդպես էլ լիներ, ապա սա նշանակում էր, որ վաղը այս հայտարարությունը օգտագործելու են մեր դեմ, թե հարբած գնում են հրապարակ: Սա ես համարում եմ դավաճանություն և սադրանք հայ  ժողովրդի նկատմամբ: Կամ ժողովրդի հետ չէին երկխոսում, այլ ոստիկանական վահաններով ու հրահանգով էին խոսում, Կոստանյանը չկարողացավ երկխոսությունն ավարտին հասցել»:

Հրանուշ Խառատյանը համարժեք համարեց ՀՀ նախագահի` սպանության վերաբերյալ առաջնային ռեակցիան, երբ նա խորհրդակցություն հրավիրեց և հրահանգներ տվեց: Սակայն բացասական համարեց այն միտումը, որ սոցիալական տիրույթը լցվեց հայտարարություններով, որ ռուսատյացություն չպետք է լինի, հանցագործի ազգային պատկանելությունը կարևոր չէ, որն անտեղին է, քանի որ բոլորը գիտեին, որ հանցագործը ազգային պատկանելություն չունի. «Հանրային գիտակցությունը հեղեղվում էր նման հայտարարություններով: Մինչդեռ ժողովրդի շրջանում քննարկվում էին  օբյեկտիվ եղելություններ. ռազմաբազայի` Գյումրիում գտնվելը, Պերմյակովի` ռուս լինելը:  Ցավոք, կլիշեավորված  հայտարարությունները դարձան զարգացումների լեյտմոտիվը և թելադրեցին զարգացման հետագա ընթացքը: Ի վերջո, սա բերեց հարցի քաղաքականացման: Քաղաքական ընդվզման դաշտը ավելի սադրանքային էր: Օրինակ` Պուտինի հայտարարությունը, որ նա կդատվի օրենքի ողջ խստությամբ, նշանակում է, որ Պերմյակովը կդատվի Ռուսաստանում: Քանի որ Պուտինը նման հայտարարություններ կարող է անել հենց Ռուսաստանի մասին»:

Տիկին Խառատյանի համար անընդունելի է նաև այն, որ դեռ հանցագործությունը չբացահայտված, բոլորը Պերմյակովին են մեղադրում, և ոչ ոք իրեն անգամ թույլ էլ չի տալիս մտածել, որ նա խայծ էր:

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը նկատեց. «Գյումրիի հանրությունը և Երևանում ինչպես նշում են մի քանի ջղաձգվողների բողոքի ակցիաները՝ սահմռկեցուցիչ սպանության հետ կապված, իրենց առողջ ռեակցիայով փրկեցին իշխանությունների դեմքը, որոնք անհետացել էին կամ կոմայի մեջ էին: Մարդկանց բերման ենթարկելը, ընդհանրապես համարժեք չէր: Արգիշտի Կիվիրյանին մեկ օրվա մեջ երկու անգամ ձերբակալեցին, այն դեպքում, երբ ենթադրյալ մարդասպանին  ձերբակալող չկար: Գյումրիում ռուս զինվորները ման են գալիս ավտոմատներով, ո՞վ է այդ իրավունքը տվել»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, թե իրեն դժվար է կասկածել հակառուսական տրամադրություններ ունենալու մեջ, քանի որ կրթվել ու մեծացել է ռուսական միջավայրում: Բայց այս օրերին իրեն  նսեմացած է զգում: Ըստ նրա` մեծագույն  սխալ էր հանցագործությանը հետևող օրերը սգո օր չհայտարարելը:

Դառնալով ՀՀ իշխանությունների պահվածքին` բնապահպանը նշեց. « ՀՀ իշխանությունների` ջայլամի քաղաքացիությունը` չհայտարարել սգո օրեր, կցկտուր ինֆորմացիա տրամադրելը Գյումրիի դեպքերի մասին, շեղելու համար մարդկանց ուշադրությունը, որ մեր հարևանը չզայրանա, հակառակ ազդեցությունն ունեցավ և առաջացրեց մարդկանց ցասումը»:

Մինչդեռ Զարուհի Մուրադյանի կարծիքով` եթե հանրային այդ ըմբոստությունը չլիներ, անգամ Պուտինի զանգը չէր լինի, թեև այն մեծ արժեք էլ չունի:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունների` սպառիչ լինելու հանգամանքը վիճարկում է Հրանուշ Խառատյանը ու նկատում, թե դրանք ավելի յուղ լցրին Գյումրիի ժողովրդի` արդեն իսկ բորբոքված կրքերին: Ըստ նրա`դատախազի հռետորական արվեստը չօգնեց ժողովրդին մանիպուլացնել` անընդհատ Հայաստանում պատասխանատվության ենթարկվելու արտահայտությունը կրկնելով, քանի որ դիմացիններն էլ հասկացող մարդիկ են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031