Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոժդիզմի» մայրամուտը

Մարտ 12,2015 10:10

ՀՀԿ-ականներն իրենց ելույթներում եւ հարցազրույցներում պարտադիր պետք է ասեն՝ «մեր առաջնորդ Սերժ Սարգսյանը», ՀԱԿ-ականները՝ «մեր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը», ՕԵԿ-ականները՝ մեր առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ավելի մանր կուսակցությունների սակավաթիվ անդամները նույնպես սովորաբար իրենց առաջին դեմքին «առաջնորդ» են համարում: Սակայն ԲՀԿ-ականները՝ Նաիրա Զոհրաբյանին, իսկ դաշնակցականները՝ Աղվան Վարդանյանին «առաջնորդ» չեն անվանում: Կարծում եմ՝ դա թվարկածս վերջին երկու կուսակցությունների առավելությունն է, եւ, ի դեպ, գոհունակությամբ նշեմ, որ երկուսն էլ իմ նախկին գործընկերներն են: Նրանք առաջնորդներ չեն՝ ընդամենը կուսակցական համագումարների կողմից ժամանակավորապես ընտրված համակարգողներ, որոնք այսօր առաջին դեմք են, իսկ վաղը կարող են եւ չլինել:

Բնականաբար, խնդիրը ոչ այնքան «առաջնորդների» բնավորության մեջ է, այլ՝ հիմնականում նրանում, որ սովորաբար բոլոր կուսակցականները եւ բոլոր կառույցները կախված են մի մարդու կամքից, նրա բարյացակամությունից, նրա տիրապետած միջոցներից: ՀՀԿ-ի դեպքում, իհարկե, կան մարդիկ, որոնք նյութական միջոցների կարիք չունեն, բայց նրանք կարիք ունեն իրենց բիզնեսում կուսակցության առաջին դեմքի աջակցության: Մնացած քաղաքական ուժերում, անկախ նրանից՝ անդամների քանակը 3-ն է, թե 10.000-ը, «քսակը» շեֆի ձեռքն է՝ ինչպես կցանկանա, այնպես էլ կվարվի: Զարմանալի՞ է արդյոք, որ մարդիկ անկեղծորեն ասում են, որ առանց տվյալ «առաջնորդի» իրենց կուսակցությունը չի կարողանա գոյատեւել: Ճիշտ է, նրանք նկատի ունեն այդ «առաջնորդի» արտակարգ տաղանդներն եւ ծառայությունները, բայց իրականում խոսքը շատ ավելի նյութական խնդիրների մասին է: Մինչդեռ կուսակցական մենեջմենթը, որտեղ ամեն ինչ կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում, ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հնացած:

Այնպես որ՝ կարելի է ասել, որ ԲՀԿ-ն նյութապես, իհարկե, շատ է տուժել այդ բոլոր իրադարձություններից հետո, բայց որոշ իմաստով նաեւ շահել է՝ ոչ միայն «առնետներից» ազատվելու առումով, այլեւ նրանով, որ հիմա այդ կուսակցության անդամները, որոնք առաջ կարող էին միայն մեկնաբանել «առաջնորդի» ասածները եւ փառաբանել նրա կատարած ամեն մի քայլը, հիմա այլեւս անկաշկանդ են լինելու: Իսկ կուսակցության վերնախավը ստիպված կլինի լրջորեն մտածել գաղափարախոսության (որոշ քաղաքական գործիչների համար դա ատելի բառ է), ապագայի տեսլականի, անձի վրա չհիմնված կուսակցական աշխատանքի մեխանիզմների մասին:

Ցավոք, կուսակցությունների մեծ մասի վերաբերյալ դա հնարավոր չէ ասել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ա. Աբրահամյանինի…
    Հետաքրքիր օրինաչափություն կա ձեր բոլոր հոդվածներում..)))…
    Եթե վերջին պարբերությունը հեշտ է ստացվում՝ ուրեմն համեմատաբար քիչ եք խաբել..)))…
    էս մեկը՝ համեմատաբար քիչ խաբածների թվում էր, (չնայած էլի մի 2 յուղոտ կտոր կար ..)))..), և էլի ընդհանուր «միտքը» 1850 թվերի էր (բայց դրա դեմ դուք անզոր եք, այնպես որ դա կեղծիք չեմ համարում … )։
    Թող «հայրենասերները» ելույթ ունենան, վերջում կասեմ որ կտորներում էր կեղծիքը…)))..
    Ձեր հետ հաճելի է (ավելի շուտ՝ զվարճալի ..))..), բայց ստիպված եմ աշխատել…

    Հա, իմիջայլոց ..))).. «Քարֆուրի» մուտքը՝ Հայաստանի համար, ավելի մեծ քաղաքական իրադարձություն է, քան ՀՀԿ-ն, Ծառուկյանի «քաղաքականությունից» դուրս գալու ձևը և դաշնակցությունը միասին վերցրած… Չգիտես ինչու բոլոր արձագանքները միայն դրական և հիացական են։ «Քարֆուրը» ինքը գիգանտ է, մի 50 Հայաստանի չափ հնարավորություններով … մի քիչ մտածեք…

  2. gib.gibindus says:

    “…բայց որոշ իմաստով նաեւ շահել է՝ ոչ միայն «առնետներից» ազատվելու առումով,…”-էս Գագոյին ինկատի ունե՞ք:

  3. Աբո says:

    Կարելի էր կարճ գրել «ԲՀԿ-ն թքեց», և շուտով կհավասարվի ՕԵԿ-ն 🙂

  4. Արսեն says:

    Զարմանալի է, որ «հայրենասերները» ելույթ չունեցան, թեման հայրենասիրական սալտոների պոտենցիալ մեծ հնարավորություն էր պարունակում (մասնավորապես՝ «կամաց-կամացի» արդարածվածության և «մասսաների» դաստիրակության շնորհիվ՝ էվոլուցիուն ճանապարհով ռևոլուցիոն արդյունքների հասնելու անխուսափելիության..))).. )։
    ԲՀԿ-ականները՝ Նաիրա Զոհրաբյանին «առաջնորդ» չեն ասում, որվհետև ԲՀԿ-2 առաջնորդը Նաիրա Զոհրաբյանը չէ, բոլորն էլ դա գիտեն և ԲՀԿ-ականները (այսօրվա) դա գիտեն …
    Դաշնակցության դեպքում՝ կուսակցության բազան արտասահմանում է։ Կուսակցության Հայաստանյան ճյուղը ընդհամենը կապող օղակ է, «առաջնորդը» բնականաբար՝ չի կարող լինել Հայաստանի պառլամենտում գտնվող կուսակցություն խոսնակը՝ բազան կապստամբվի… դաշնակցությունը եդքան խելք ունի՝ նման բան թույլ չտալու համար…
    Այնպես որ, հրապարակում գտնվող կուսակցություններում «վոժդիզմի» մայրամուտը՝ եքե սկսվել էլ է… մի խոսքով, կերևա…

  5. Արթուր says:

    Մարդը ճիշտ բան է գրել, ինչու եք անտեղի կծում?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031