Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «ԵՏՄ միասնական արժույթի անցնելը միայն քաղաքական նպատակ ունի»

Մարտ 14,2015 13:40

«Ինչո՞ւ առաջացավ այդ հարցը, չէ, որ անցյալ տարի մայիսին Աստանայում այդպիսի խնդիր դրված չէր: Արդյո՞ք ԵՏՄ տարածքում միասնական արժույթ մտցնելու նախադրյալներ եւ հիմքեր կան»,-տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով ԵՏՄ տարածքում միասնական արժույթ ստեղծելու հանգամանքին, այս հարցը բարձրացրեց:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Ռուսաստանի Կենտրոնական Բանկին հանձնարարական էր տվել`ԵՏՄ միասնական արժույթի անցնելու հնարավորություններն ուսումնասիրելու համար:

Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ միասնական արժույթի համար, նախ եւ առաջ, անհրաժեշտ էր անցնել միասնական տնտեսական ինտեգրման բարձր մակարդակներ. «Այդ տարածքում գոյություն չունի ընդհանուր շուկա, իսկ առանց ընդհանուր շուկայի հնարավոր չէ անցնել միասնական արժույթի»: Տնտեսագետը չի փորձում համեմատել Եվրամիության որոշումը՝ միասնական արժույթի անցնելու, քանի որ ԵՄ-ն միասնական արժույթին անցել է համապատասխան պարամետրերը բավարարելու արդյունքում. «Առանց մակրոտնտեսական պարամետրերի բավարարման, տնտեսական որեւէ հիմք չի կարող լինել միասնական արժույթի անցնելու համար»:

Տնտեսագետը, միասնական արժույթի անցնելու որոշումը բացատրում է հետեւյալ կերպ. «Այն ունի միայն քաղաքական նպատակ: Եվրասիական նախագիծը ունեցել է սկզբնական նպատակ՝ ստեղծել մեկ պետություն: Տնտեսական նպատակադրումները պետք է դիտարկել ընդամենը փափուկ քաղաքականության տեսանկյունից: Բացահայտվեց եւ պարզվեց, որ Մոսկվայի կողմից այդ Եվրասիական նախագծերը  արկածախնդրություն էին եւ դրանք արդեն տապալվել են եւ, ըստ էության, Մոսկվան փորձում է անցնել ավելի կոշտ լուծման»:

Տնտեսագետը, անդրադառնալով Հայաստանում այս տարվա հունվարին գրանցված տնտեսական ցուցանիշներին եւ դրանք համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին, նշեց, որ տեղի է ունեցել տնտեսական գահավիժում. «Խոսուն ցուցանիշներ են. արտաքին առեւտուրը կրճատվել է 30 տոկոսով, տրանսֆերտները՝ 50 տոկոսով, տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, շատ ճյուղեր զգալի անկում են ապրել: Էներգետիկայի ոլորտը դեգրադացիա է ապրում, բանկային համակարգի ոլորտը՝ ստագնացիա»:

Աշոտ Եղիազարյանը հիշում է, որ Հայաստանում ԵՏՄ կողմնակիցները միշտ արդարացնում էին այդ կառույցին անդամակցության որոշումը, ասելով, որ այլ ելք չկա. «Հիմա էլ փորձում են ասել, որ այս ցուցանիշները ԵՏՄ-ի հետ կապված չեն: Չկասկածեք եւ չզարմանաք, որ նույն այդ մարդիկ մի քանի ամիս հետո կասեն, որ Հայաստանին անկախություն պետք չէ, քանի որ մենք այլ ելք չունենք»:  Ըստ տնտեսագետի՝ իրական վիճակը այնպիսին է եղել, որ մենք ունեցել ենք կախյալ երկրի կարգավիճակ՝ տվյալ դեպքում՝ Ռուսաստանից. «Դա էլ այնպիսի երկրից, որի տնտեսությունը կախված է նավթի գներից: Այսօր, ԵՏՄ անդամ դառնալով, մենք ընտրել ենք նաեւ կախյալ մեկուսացված զարգացման ճանապարհը: Կասկած չկա, որ այս ընթացքը մեզ կտանի քաղաքական եւ տնտեսական աղետի եւ նույնիսկ պետականության կորուստի»:

Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ միակ ելքը դեպի Եվրոատլանտյան կառույցներ շրջադարձն է:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031