Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ասում էին քարանձավներից մարդիկ են եկել ու գալիս էին անասունների նման էին նայում». Թրքացած հայ

Մարտ 24,2015 14:41

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ բոլոր այն պետությունները, որոնք չեն ճանաչել, պետք է ճանաչեն»,- «Պոստ սկրիպտում» ակումբում այսօր ասաց Դերսիմի ալեւիների ու հայերի միության նախագահ Սերքան Սարիաթաշը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախաձեռնությամբ Թուրքիայից Հայաստան են եկել մի խումբ ալեւիներ, նրանք ոչ քրիստոնյա են, ոչ մուսուլման:

«Ալեւի հավատքը քրիստոնեության եւ իսլամի, հեթանոսության տարրեր ունի: Ալեւիները Ցեղասպանության ժամանակ տասնյակ հազարավոր հայերի են փրկել: Թուրքիայում աեւիները 12-25 միլիոնի են հասնում: Նրանց մեջ բնիկ հայկական գյուղերի գյուղապետեր կան, հիմա լքյալ հայկական եկեղեցիներ են նորոգում, գերեզմանոցներն են խնամում ու տեր կանգնում»,- ներկայացրեց «Մոդուս վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը:

Դերսիմի ալեւիների ու հայերի միությունը հիմնադրվել է 2,5 ամիս առաջ, ու ըստ միության նախագահ Սերքան Սարիաթաշի, առաջինը հայերենի դասընթացներ են կազմակերպել. «Այսօր Ցեղասպանության հուշահամալիր ենք այցելել: Ապրիլի 24-ին Դերսիմում ենք հավաքվելու այն անդունդի մոտ, որտեղից հայերին ցած գցելով կոտորում էին, մայիսի չորսին էլ 1938 ի կոտորածներին նվիրված միջոցառում ենք ունենալու»:

Դերսիմի միությունների դաշնակցության նախագահ Ահմեդ Բալկըսն էլ ասաց, որ Դերսիմում 162 հայկական եկեղեցի կա, դրանցից մեկը սկսել են վերանորոգել ու այդ նպատակով ճարտարապետների ենթահանձնախումբ են հիմնել. «Ապրում ենք ձեր նախնիների թողած մշակութային արժեքների հետ միասին, խոստանում եմ, որ ձեր նախնիների թողած ժառանգությանն ավելի շատ ենք տեր կանգնելու»:

Դերսիմի հայերի միության ներկայացուցիչ Միհրան Փրկիչն էլ ասաց, որ Դերսիմը հայերի առաջին բնակավայրերից մեկն է: Նա դժգոհեց, որ Թուրքիայի ու Հայաստանի պետական բարձր օղակներում Ցեղասպանության մասին շատ վերացական ու անիմաստ քննարկումներ են կատարվում. «Իրականությունն ապացուցում է՝ Ցեղասպանություն եղել է, Դերսիմում կան հազարավոր հայկական գերեզմաններ, լացող ժայռեր ու վանքեր: Ապրիլի 24-ին, մենք կհավաքվենք այն ժայռերի մոտ, որտեղից հայերին ողջ-ողջ ցած են նետել, մենք բարձրաձայնելու ենք, Ցեղասպանությունը: Դերսիմում մեր եղբայրները քրդացված, թրքացված են, բայց իրականությունը թաքուն չմնաց, որովհետեւ մեր պապերի գերեզմաններին մեր պապերի անուններն ենք գրել: Նրանց թոռները ընդունում են իրենց հայ լինելը: Թուրքիայի հայոց պատվիրակությունը, Հայաստանի նախագահը մեզ ընդունեն ու ճանաչեն, մեր եղբայրների հետ ուզում ենք համատեղվել»:

Էրոլ Սալտըկն էլ պատմեց, որ իր հայրը մեռելների դիակի տակ ողջ մնացած միակ երեխաներից է եղել. «Հայրս պատմում էր, որ այնտեղ այն ժամանակ իրենց միակ մեղքը հավատքի խնդիրն էր, հայերը պետության դեմ դուրս չէին եկել, ինը տարեկանում ողջ մնացած հայրս պատմում է՝ ինչպես էին քշում իրենց տարածքից, պատմում էր, որ իրենց քշում էին արեւմտյան կողմերը, ժողովուրդն ասում էր՝ քարանձավներից մարդիկ են եկել ու գալիս էին անասունների նման էին նայում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031