Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի եղբայրը ցույց տվեց, թե վերնախավը ինչքան է կտրված ժողովրդից»

Հունիս 08,2015 14:30

Գյումրեցի մտավորականները՝ հոսանքի թանկացման
ու հայ ազգի վճարունակ լինել-չլինելու մասին

ՀՀ նախագահի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին արտահայտած այն կարծիքը, թե՝ «Ո՞վ է ասել, որ մենք անվճարունակ ազգ ենք, ինչո՞ւ ենք անվճարունակ ազգ, ես այդպես չեմ համարում, դե հիմա աշխարհում մի երկիր ցույց տվեք, որտեղ որ սակագները չեն բարձրանում կամ իջնում են», բավականին զայրացրել է Գյումրիի մտավորականներին: Փաստաբան Թամարա Յայլոյանը, մեկնաբանելով նախագահի եղբոր այս խոսքերը, ասաց. «Սերժ Սարգսյանի եղբոր արտահայտությունն ակնառու ապացույցն է այն փաստի, թե վերնախավը ինչքան է կտրված ժողովրդից եւ ինչքան չի կարող տեսնել, թե ինչ վիճակում են ապրում մարդիկ, որովհետեւ եթե իրենք իրականում առնչվեին սովորական մարդկանց հետ, ապա իրենց համար պարզ կլիներ, թե ինչքան դժվարությամբ են նրանք ապրուստի միջոցը հայթայթում: Հիմա անդրադառնանք այն թեմային, թե՝ մեր ազգը վճարունա՞կ է, թե՞ չէ. եթե մի երկրում չկա աշխատատեղ, աշխատանք, գործազուրկ են մարդիկ, ինչպե՞ս կարող են վճարունակ լինել: Ենթադրենք, կարողանում են իրենց գոյությունը պահպանել՝ իրենց ազգականների, բարեկամների ուղարկած գումարներով, ինչքա՞ն կարելի է գումարներ պահանջել կամ խնդրել նրանցից, մինչեւ ե՞րբ եւ ի՞նչ չափով: Էն բոլոր մարդիկ, որոնք որ դրսում աշխատում են, մենք գիտենք՝ ճգնաժամ է Ռուսաստանի Դաշնությունում, եւ էդ գումարների հոսքն էլ է կրճատվել: Եվ շատերը նաեւ ՌԴ միգրացիոն նոր օրենքի համաձայն՝ չեն կարող գնալ աշխատանք փնտրելու նաեւ դրսում, որպեսզի գումար ուղարկեն՝ իրենց ազգականները ապրեն»:

Ըստ փաստաբանի՝ ինքն ամեն օր շփվում է մարդկանց հետ, օրական 10-20 մարդ է գալիս խորհրդատվություն վերցնելու, բոլորն էլ սարսափելի ծանր վիճակում ապրողներ են: «Նրանք անգամ հաց գնելու գումար չունեն, ուր մնաց՝ էլեկտրաէներգիայի համար վճարեն: Շատերն արդեն սկսել են կարտոններ հավաքել, ցախ հավաքել դրսից, պլաստիկ շշեր հավաքել, որպեսզի կարողանան ձմեռը մի կերպ յոլա գնալ: Ես գիտեմ մարդկանց, որոնք որոշ ժամանակ առաջ գազից էին օգտվում, հիմա սկսել են նորից փայտ գնել կամ նման իրեր հավաքել: Էդ ամենը խոսում է այն մասին, որ ժողովուրդն էլ ի վիճակի չէ թանկացումներին դիմադրելու, ու նման արտահայտությունները կոռեկտ չեն: Առնվազն աչքերդ փակ պիտի ման գաս էս երկրում, ո՛չ լսես, ո՛չ տեսնես, թե ինչ է կատարվում»,- ասաց Թամարա Յայլոյանը:

«Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանն էլ հարցնում է. «Եկեք դարձնենք մեկ կիլովատի արժեքը 1000 դոլար, մեկ է՝ վճարունակ ենք: Ասենք թե՝ վճարունակ ենք, ուրեմն պիտի սահմանված անհիմն գինը վճարե՞նք, թողնենք մեզ հարստահարեն, հա՞: Գինը հո չեն սահմանում վճարունակ լինել-չլինելով, յուրաքանչյուր ծառայության արժեք պետք է հստակ հաշվարկների արդյունքում ձեւավորվի, կազմված լինի որոշ բաղադրիչներից, այդ թվում նաեւ՝ որակից: Իսկ ՀԷՑ-ի մատուցած խայտառակ որակը թանկացման տրամաբանության մեջ չի մտնում: Եթե ազգի 10%-ը վճարունակ է, 90%-ը վճարունակ չէ, խոսողն էլ վճարունակ մարդ է, դա չի նշանակում, որ ողջ ազգը վճարունակ է: Հետաքրքիր է՝ էդ անձը ինչքանո՞վ է տեղյակ գյուղերի բնակչության վիճակից: Իր չափանիշներով՝ դա իր համար թիվ չէ, իմ չափանիշներով՝ դա հսկայական գումար է կազմում, բայց նորից եմ կրկնում՝ եթե անգամ վճարունակ ենք բոլորս, կվճարենք մի դեպքում՝ եթե հիմնավորված, խելամիտ գին է սահմանված: Ես չեմ ուզում վճարել մի բանի համար, որը հիմար, անիմաստ կերպով է հաշված, հաշված է ինձ, մյուսին, ամբողջ ազգին ռեկետի ենթարկելու նպատակով, պարզապես իրենց ցանկություններից ելնելով հաշվարկած գին է, ոչ թե օրինական ու հիմնավորված:

Ես զարմանում եմ. կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ու հանրային անունն արդեն խոսում է այն մասին, որ ինքը հանրության շահերը պիտի պաշտպանի, ոչ թե գործարարների շահերը: Ցավոք, մեզ մոտ լրիվ հակառակն է. հանձնաժողովը սպասարկում է հանրային ծառայություն մատուցողի շահերը, այլ ոչ թե հանրության շահերը, որին էդ ծառայությունը մատուցվում է»:

Հոգեբան Աշոտ Հակոբյանի կարծիքով էլ՝ նման արտահայտություններն ու թանկացումները պայմանավորված են  հայ ազգի արժանապատվության կորստով: «Հասարակ մի օրինակ բերեմ՝ ես նախորդ օրը բանկում սպասում էի, եկավ մի ռուս կին, հարցրեց՝ ո՞վ է հերթի վերջում, կանգնեց, թե չկանգնեց՝ չգիտեմ, բայց քիչ հետո թիկունքիցս լսում եմ, որ հայ մարդիկ ասում են՝ ռուս է, թույլ տվեք անցնի: Հասել էր իմ հերթը, մեկ էլ մոտեցավ ոստիկանը ու առանց ինձ հարցնելու՝ բանկի սպասարկող աղջկան ասում է՝ ինքը ռուս է, սպասարկեք, թո՛ղ գնա: Ասացի՝ լսե՛ք, այդ ազգի ներկայացուցիչը 7 հոգու սպանեց մեր քաղաքում, դուք արժանապատվություն չունե՞ք, գուցե ինձ էլ հարցնեք՝ ես իմ հերթը կզիջե՞մ: Ոստիկանը սթափվեց, թե՝ պարոն, գիտեք՝ նա հյուր է, ասացի՝ լսի, ես արժանապատվություն ունեմ, ինչո՞ւ եք այդքան ստորանում: Մենք կորցրել ենք մեր արժանապատվությունը, մեզ հետ ոնց ասես՝ կարող են վարվել»,- ասաց հոգեբանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Սխալն հենց այնտեղից է գալիս, որ սերժիկի անկապ եղբայրը վերնախավ է ընկալվում…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930