Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը ծանուցել է նիստի մասին ոչ թե փաստաբանին, այլ՝ գրասենյակի պահակին

Հուլիս 18,2015 13:00

Փաստաբան Հակոբ Ճարոյանը պաշտպանության նախարարության աշխատակիցների գործով պատրաստ է զրկվել իր արտոնագրից, եթե գլխավոր դատախազը հրապարակային բանավեճից հետո ապացուցի, որ փաստաբանի ներկայացրած ապացույցները կեղծ են: Նա արդեն դիմել է գլխավոր դատախազին, սպասում է պատասխանին:

Պաշտպանության նախարարության մի քանի աշխատակիցներ, նաեւ Արցախի պաշտպանության բանակի շինարարական վարչության պատասխանատուներից մեկը որոշում են հիդրոէլեկտրակայան կառուցել:

Ամբաստանյալ Արթուր Քանանյանը, ըստ մեղադրական դատավճռի, խողովակների ձեռքբերման համար նախատեսված գումարները խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, տեղեկանալով Մասիսի «Միկ Մասիս» ՓԲ ընկերության բազայում ուրիշի կողմից պահեստավորված խոշոր տրամաչափի խողովակների առկայության մասին, չարաշահելով տուժող, նախարարության շինվարչության պատասխանատուներից Արմեն Սարգսյանի վստահությունը, 2005թ. սեպտեմբերին վերջինիս գործընկեր Արմեն Գեւորգյանին խաբեությամբ մատնացույց է արել բազայում առկա՝ իրականում իր կողմից չգնված, այլ անձի պատկանող՝ 1.200-1.400 մմ տրամաչափ ունեցող խողովակները: Արմեն Սարգսյանի մոտ պատրանք ստեղծելով, թե դրանք արդեն գնված են եւ պատկանում են իրենց, հափշտակել է նրանից ստացված 76.735.429 ՀՀ դրամին համարժեք 166.740 ԱՄՆ դոլար գումարը: Ա. Սարգսյանն այդ ընթացքում Ա. Քանանյանից անընդհատ պահանջել է խողովակների ձեռքբերման փաստաթղթերը, սակայն Ա. Քանանյանը տարբեր պատճառաբանություններով մերժել եւ չի ներկայացրել դրանք։
Ըստ գործի նյութերի, Ա. Սարգսյանն Ա. Քանանյանից պահանջել է իրեն փոխանցել 270 հազար ԱՄՆ դոլարով գնված խողովակների ամբողջ քանակության վերաբերյալ փաստաթղթերը, խողովակներն ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագրերը, որպեսզի կատարի ուղղում, խողովակների գնման վերոհիշյալ հաշիվ ապրանքագիրը գրի իր անունով, սակայն Ա. Քանանյանը պատասխանել է, թե Վ. Երիցյանը հանրապետությունից բացակայում է եւ առանց Վ. Երիցյանի՝ նա չի կարող պահանջված փաստաթղթերը ներկայացնել։

Մեղադրանքի կողմի՝ դատախազ Վ. Պողոսյանի պնդմամբ՝ «Ցեոֆոսե» ՓԲ ընկերության տնօրեն Վարդան Երիցյանն իր հերթին Արմեն Սարգսյանից հափշտակել է 1.200 մմ տրամաչափի, ընդհանուր՝ մոտ 930,27 գծամետր խողովակների արժեքը կազմող 47.589.395 ՀՀ դրամին համարժեք 103.408 ԱՄՆ դոլար գումարը, որն արտահայտվել է հետեւյալում.

Վարդան Երիցյանը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2005թ. օգոստոսին, Արմեն Սարգսյանին եւ նրա գործընկերներին խաբեությամբ ներկայացնելով, որ շահել է Կապուտան-Ջրաբեր համայնքների տարածքով անցնող գազատարի ապամոնտաժման իրավունքը, որն իրականում գտնվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության հաշվեկշռում եւ որի ապամոնտաժման իրավունք 2005թ. որեւէ կազմակերպության չի տրվել, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջիններիս հետ՝ նրանց խողովակներ վաճառելու վերաբերյալ: Նա նշված գազատարից ապօրինի ապամոնտաժել է ընդհանուր՝ 930.27 գծամետր՝ 1200 մմ տրամաչափի խողովակներ եւ, որպես խողովակների նկատմամբ սեփականության իրավունքի հավաստիք, կազմել է «Ցեոֆոս» ՓԲ ընկերության անունից կեղծ հաշիվ ապրանքագիր, որը խողովակների հետ միասին հանձնել է Արմեն Սարգսյանի վստահորդ Արթուր Քանանյանին: Ըստ գործի նյութերի, նա ստացել էր 47.589. 395 ՀՀ դրամին համարժեք 103.408 ԱՄՆ դոլար եւ խաբեությամբ հափշտակել Արմեն Սարգսյանին պատկանող՝ վերը նշված առանձնապես խոշոր չափերի գումարը։

Վարդան Երիցյանը երկու տարի գտնվում է անազատության մեջ եւ դատապարտվել է 6 տարի 3 ամիս 15 օր ազատազրկման: Նրա պաշտպանությունն իրականացնում է ճանաչված փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Հուլիսի 15-ի վերաքննիչ բողոքի քննությունն անցել է առանց պաշտպանի մասնակցության եւ Հակոբ Ճարոյանն «Առավոտին» ասում է, որ իր պաշտպանյալը, որ ռուսական կրթությամբ է, պնդել է մի քանի անգամ, որ բողոքի քննությունը հետաձգվի, քանի որ կարիք է ունեցել իրավաբանական օգնության:

Պաշտպանը դեռ չի ստացել «պատմական» այդ նիստի ձայնագրությունները:
Վերաքննիչ դատարանը մեղադրողի եւ տուժողի բողոքը քննել է Արշակ Խաչատրյանի նախագահությամբ ընթացած նիստին: Ինչու է դատարանը, ըստ փաստաբանի, եղել շահագրգռված, հատկապես երկու օր առաջ ընթացած դատական նիստն արագ ավարտելու, դատական ակտի կայացման համար:

Փաստաբանն ուշադրություն է հրավիրում մի քանի հանգամանքների վրա:
Մասնավորապես, առաջին ատյանի դատավճիռը կայացվել է այս տարվա հունիսի 10-ին: Մեկ ամսվա ընթացքում կողմերը կարող էին բողոք բերել:
Դատավճռի դեմ բողոք են տանում դատախազն ու տուժողը:

«Ինչո՞ւ են տարել. որպեսզի գործը շատ արագ առաջին ատյանի դատարանից տեղափոխվի վերաքննիչ: Դա մակագրվում է Արշակ Խաչատրյան կազմին՝ Արմեն Դանիելյանին, Լիլիթ Թադեւոսյանին: Նշանակվում է դատական նիստը հուլիսի 13-ին: Իսկ մեր վերջին ժամկետը, որ կարող էինք բողոքը տանել՝ հուլիսի 10-ն էր: Հուլիսի 11-12-ը շաբաթ-կիրակի էր: Հուլիսի 10-ին ես փոստով ուղարկում եմ վերաքննիչ բողոքս, որը դատարանը ստանում է հուլիսի 14-ին: Իսկ դատարանը նշանակում է դատական նիստը հուլիսի 13-ին, որը կառավարության որոշմամբ աշխատանքային օր չէր, եւ տեղափոխել էր աշխատանքային օրը հուլիսի 18-ին: Դատարանը վերանայում է իր «որոշումը» եւ նիստը նշանակում է այս անգամ հուլիսի 15-ին»,- ասում է Հ. Ճարոյանը:

Փաստաբանը դատական նիստի մասին գրությունն անձամբ չի ստացել, քանի որ գրասենյակում չի եղել, ըստ էության, ծանուցվում է նիստի մասին գրասենյակի պահակը:
Փաստաբանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ դիմել է դատարան՝ նիստը հետաձգելու խնդրանքով, քանի որ վարչական դատարանում նույն այդ ժամին ունեցել է նախապես նշանակված մեկ այլ գործ:

«Վարդան Երիցյանի բոլոր այն պնդումները, որ ցանկանում է, որպեսզի իր պաշտպանը ներկա գտնվի, անտեսվել է վերաքննիչ դատարանի կողմից:
Այդ օրը նրանք կայացրեցին դատական ակտ՝ անփոփոխ թողելով առաջին ատյանի դատավճիռը:

Համոզված եմ, որ նրանք իմ վերաքննիչ բողոքն ընդհանրապես չեն կարդացել, չեն հայտնել իմ բողոքի վերաբերյալ կողմերի դիրքորոշումը, կայացնում են 66 էջից բաղկացած դատական ակտ, որը կրկին բերում են մեր գրասենյակ, տալիս դարձյալ առձեռն պահակին»,- ասում է փաստաբանը:

Հ. Ճարոյանի պնդմամբ. «դատավորները կատարել են պատվեր», եղել են շահագրգռված տվյալ գործով:

Նա դիմելու է Արդարադատության խորհուրդ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել վերաքննիչի նշյալ դատավորներին, իսկ մեղադրող Վ. Պողոսյանի հետ կապված էլ դիմելու է Ազգային անվտանգության ծառայությանը, որ նա «իրականում կեղծ փաստաթղթերի հիման վրա քրեական հետապնդում է իրականացրել»:
Այս գործով, փաստաբանի կարծիքով, նախադեպ է ստեղծվել «պատճենահանված փաստաթղթի հիման վրա անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:
Զրուցակիցս համոզված է, որ նույն արագությամբ մեղադրողն ու տուժողը կդիմեն Վճռաբեկ դատարան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Առաջին ատյանում դատական նիստը լուսաբանելիս տեղեկացրել էինք, որ փաստաբանը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե: Նա քրեական գործ հարուցելու պահանջ էր ներկայացրել, գրելով՝ «գիտակցում եմ հետեւանքները»:
Քննչականը, ըստ փաստաբանի, մերժել էր. «Մենք նայեցինք «Դատալեքսը», դատավճիռ կա» պատճառաբանությամբ: Դիմել էր գլխավոր դատախազին, նա մակագրել էր Երեւան քաղաքի դատախազին, վերջինն էլ Կենտրոնի դատախազին: «Բոլորի նպատակն է, եթե կա քրեական գործ, ապա կայացվի դատավճիռ, որպեսզի որեէ քննիչ, դատախազ ակնհայտ անհիմն քրեական հետապնդման համար չպատժվեն: Հստակ հայտարարում եմ, որ նրանք հովանավորում են հանցագործներին: Եթե ես տալիս եմ հայտարարություն, ծանր հանցագործությունների մեջ եմ մեղադրում պաշտոնատար անձանց, դա նշանակում է, որ նրանք պարտավոր են ընթացք տալ: Ակնհայտ քրեական հետապնդման արդյունքում անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության, գտնվում անազատության մեջ»,-ասում է Հակոբ Ճարոյանը:

«Առավոտ» օրաթերթ
17.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031