Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում բիզնես ունեցող գործարարները տուժում են, քանի որ բիզնեսը Հայաստանից են կառավարում

Օգոստոս 28,2015 18:02

Վրաստանում հայկական բիզնես ծավալող գործարարների հետ գալու պատճառն այնքան վրացական շուկայում գնողունակության անկումը չէ, կամ ապրանքի իրացման խնդիրը, որքան որ մեր գործարարները փորձում են իրենց բիզնեսը հեռակառավարել: Այսինքն` մեր այն գործարարները, որոնք Վրաստանի հարկային դաշտի բարենպաստ լինելու, ինչպես նաեւ նոր շուկաներ գրավելու նպատակով բիզնես են դրել Վրաստանում, փորձում են Հայաստանից այն կառավարել: Արձագանքելով «Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկումներին` Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Menu Group» UK LTD ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը, որի ղեկավարած ընկերությունը նույնպես վրացական շուկայում աշխատում է:
168.am-ին տված հարցազրույցում  Գագիկ Մակարյանն ասել էր, որ տասնյակ գործարարներ դադարեցրել են իրենց գործունեությունը Վրաստանում եւ իրականացված ներդրումները դեռեւս հետ չբերած, վաճառել են իրենց բիզնեսները: Պարոն Մակարյանը մասնավորապես` մատնանշել էր հյուրանոցային տնտեսության, պլաստիկ իրերի արտադրության, թխվածքների ու քաղցրավենիքի արտադրության, շինարարության ոլորտների բիզնեսները: Գագիկ Մակարյանը նաեւ ասել էր, որ հաշված ընկերություններ են մնացել, որոնք սակայն դժվարությամբ են շարունակում աշխատել: Նա վերադարձի երկու հիմնական պատճառ է, նշել` որակյալ աշխատուժի բացակայությունը եւ վրացի աշխատողների կողմից ոչ պատասխանատու վերաբերմունքը:

«Ես շատ հարգում եմ Գագիկ Մակարյանին, իմ հարգարժան գործընկերն է, եւ պատճառը թե իրականում ինչու են գործարարները Վրաստանից հետ գալիս ավելի շուտ այլ է: Բոլոր գործարարները ունեն կարծիք, որ կարող են «դիստանցիոն» բիզնես անել` Հայաստանից կառավարելով Վրաստանի բիզնեսը, ինչը հնարավոր չէ, հատկապես` մենեջմենթի մշակույթի այն ստանդարտների պարագայում, որոնք այսօր առկա են Հայաստանում»,-մեզ հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը:

Ըստ նրա, չնայած Վրաստանում առկա մրցակցությանն ու սննդի առաքման բիզնեսում աշխարհի երեք ամենաուժեղ խաղացողներից մեկի առկայությանը, իրենց բիզնեսը «լավ առաջ է գնում»:

Պարոն Քերոբյանը, Վրաստանում բիզնես անելու հաջողության գրավականը համարում է տեղում կառավարելը. «Մենք մեր գործունեության առաջին իսկ օրվանից որոշեցինք, որ մեզանից որեւէ մեկը միշտ պետք է այնտեղ լինի եւ հետեւի այնտեղի աշխատանքներին եւ այդ մոտեցումն իրեն արդարացրեց, մենք երբեք չենք ապավինում նրան, որ վրացի աշխատողները մեր փոխարեն կանեն այն աշխատանքը, որը պետք է արվի, այլ հաշտվել ենք այն մտքի հետ, որ պետք է լինել այնտեղ, որպեսզի գործը գնա առաջ: Մենք մի քանի գործընկեր ենք. այդ հնարավորությունն ունենք` մշտապես այնտեղ լինելու»:
Ինչ վերաբերում է պարոն Մակարյանի այն ասածներին, որ հայաստանցի գործարարների` բիզնեսում հաջողություն չունենալու պատճառներից են որակյալ աշխատուժի բացակայությունը եւ վրացի աշխատողների կողմից ոչ պատասխանատու վերաբերմունքը, Վահան Քերոբյանն ասաց. «Ճշմարտության հատիկ կա, բայց այնպես չէ, որ Հայաստանում կարող ենք իդեալական աշխատուժ գտնել եւ դուք ոչ մի բան չանեք»:

Պարոն Քերոբյանը նաեւ հավելեց, որ վրացական շուկան սպառման ծավալներով` զուտ բնակչության թվաքանակով ավելի մեծ է եւ շատ ավելի բաց է նոր տեխնոլոգիաների նկատմամբ. «Ավելի շատ մարդ է այնտեղ սոցիալական ցանցերից օգտվում, ավելի շատ սմարթֆոն ունեցողներ կան, որը, կոնկրետ մեր բիզնեսի համար, շատ դրական երեւույթ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31