Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմերսանտ»-ի անդրադարձը՝ Ստամբուլի 14-րդ բիենալեի հայկական ծրագրին

Սեպտեմբեր 17,2015 12:28

Ռուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել է Աննա Տոլստովայի «Աղի նոտան. Ստամբուլի 14-րդ բիենալեի հնչյուններն ու պատկերները» խորագրով հոդվածը՝ Ստամբուլի 14-րդ բիենալեի և նրա հայկական ծրագրի մասին՝ հայկական ենթատեքստը համարելով Ստամբուլի 14-րդ բիենալեի ամենասուր շեշտադրումը: Բինալեում հայկական ծրագիրը ներկայացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ:

Ստորեւ ներկայացվում է հոդվածի ամբողջական թարգմանությունը:

«Ստամբուլի 14-րդ բիենալեն՝ վերջին Documenta-ի հեղինակ, հռչակավոր Կարոլին Քրիստո-Բակարջիևի ղեկավարությամբ, ընդգրկել է ողջ Ստամբուլը՝ եվրոպական ու ասիական, Սև ծովից՝ Մարմարա: Ցուցահանդեսի լեյտմոտիվներից մեկը հայկական թեման է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ (հայկական նախագծերին աջակցել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի Dilijan Art initiative նախագիծը): Եվ հայկական ենթատեքստը Ստամբուլի 14-րդ բիենալեն դարձնում է ամենաարմատական ժեստը քաղաքականապես սուր այս բիենալեի ողջ պատմության ընթացքում: Ստամբուլից՝ Աննա Տոլստովա:

Որպես բիենալեի խորագիր՝ « Saltwater. մտապատկերների տեսություն», ծառայում էր Ֆրանսիս Ալյուսի՝ ինչ-որ տեղ, ստամբուլյան կղզիներից մեկում արված լուսանկարը՝ կիսաբաց տնակի դռնից, որին դիպչում են ծովի ալիքները, ծովին նայող տեսարան՝ ֆրիդրիխյան մելամաղձոտությամբ լի: «Saltwater» նշանակում է ծովային, աղի: Saltwater-ը Բոսֆորի աղի ջրերն են, աղի արցունքներն են, Բոսֆորի ափերով փռված Ստամբուլն

է: Պաշտոնական Ստամբուլում չեն սիրում հիշել 1915-ին հայերի և 1955-ին հույների թափած արցունքները, սակայն շատ նկարիչ-պարտիզանների միտքն անդրադառնում է Բոսֆորի ջրերին խառնված այդ արցունքներին, և դա երբեմն ընդունում է շատ կոնկրետ ձև. չէ՞ որ Թուրքիայի սահմաններին այսօր էլ արյան ու արցունքի ծովեր են թափվում: Մտածելակերպի տեսությունը՝ սկիզբ առած 20-րդ դարի արշալույսին, աստվածաբաններ Աննի Բեզանտի ու Չարլզ Լեդբիտերի գաղափարն է: Նրանք հավատում էին, որ մտքի ուժով հնարավոր է փոխել իրականությունը: Թվում է՝ այդ միտքը հավատ է ներշնչում նաև Կարոլին Քրիստով-Բակարջիևին, սակայն նա չի ապավինում լոկ արվեստին և, սովորության համաձայն, արվեստը միախառնում է  գիտնականների աշխատանքային նյութերին, այս անգամ՝ Դարվինի, Լականի և Շտերմերի: Իսկ արվեստի և գիտության սահմանը չափազանց զգայուն է: Դրա վկայությունը հոգեվերլուծաբան ու ֆեմինիստուհի Բրահա Լիխտենբերգ-Էտտինգերի օրագրային նկարներն ու հրաշալի կտավներն են, որոնք իր իսկ  լաբորատոր փորձերն են՝ ներկայացված «Arter» մշակութային կենտրոնում:

Որպես կամերտոն էր ծառայում Ֆրանսիս Ալյուսի «Անիի լռությունը» վիդեոն՝ «Depo» արվեստի կենտրոնում: Ցուցադրված ռեկվիզիտի/ բեմիրերի/ մեջ սուլիչների հավաքածու էր, Անիում բնակություն հաստատած թռչունների ատլասներից նկարներ, և հայկական այդ հնագույն մայրաքաղաքի, «1001 եկեղեցիների քաղաքի» քարտեզը. երբեմնի հարուստ ու ծաղկուն, Բաղդադի ու Դամասկոսի հետ ոտք մեկնող, այժմ երկրի երեսից ջնջված՝ ժամանակի, երկրաշարժերի, հարձակումների ու պահպանված հուշարձանները միտումնավոր աչքաթող արած Թուրքիայի քաղաքականության հետևանքով: Ֆրանսիս Ալյուսը դարձյալ աշխատում է, ավելի ստույգ՝ խաղում է տեղացի փոքրիկների հետ. Անիի ավերակների մեջ ցրված՝ նրանք փչում են սուլիչները՝ կարծես թռչուններին հորդորելով վերադառնալ քաղաք: Ֆիլմի վերջում պատկերն անհետանում է, դահլիճի մթության մեջ մնում են միայն ձայները:

Կարոլին Քրիստով-Բակարջիևը քաղաքական պաստառներ չի սիրում. «Անիի լռությունը» շատ նուրբ ու բազմիմաստ գործ է, սակայն դժվար է այն չընկալել իբրև թուրքահայերի ողբերգության այլաբանություն. նրանց հետքերը ջնջվել են, սակայն հիշողությունները պահպանվել են շշուկներում ու ճիչերում, բանավոր փոխանցված կիսաձայն պատմություններում:

Ծովային ու արցունքոտ բիենալեն այն մասին է, թե ինչպես է ձայնը վերարտադրում  պատկերը: Անգամ մամուլի ասուլիսը վերածվեց համերգի , որի ժամանակ հրաշալի երգում էին նկարիչներ Տիստեր Գեյթոսը ու Ադրիան Վիլյար Ռոխասը: Երգը հնչում էր նաև խմբային լավագույն ցուցասրահում, որը հունական Գալաթա քաղաքի նախկին դպրոցում էր: Բեյրութում ծնված, լիբանանյան սփյուռքը ներկայացնող նկարիչ Հայկ Այվազյանը Բոյօղլուի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու երգչախմբի հետ, իբրև պատարագ, կատարում էր թուրք փոփ-կուռք Ուդի Հրանտի ամենահայտնի գործերից մեկը: Ուդի Հրանտը, Ստամբուլի այդ հայը, հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից: Նա ուդը դարձրել էր ջազային գործիք: Եվ դա ձոն էր  կրեոլիզացիային և աշխարհով մեկ սփռվածությանը: Նույն տրամաբանության մեջ էին նաև  անսելմկիֆերյան/ Անսելմ Կիֆեր, գերմանացի նկարիչ/ ինստալյացիաները՝ ներկայացված դպրոցի դահլիճում :

Դրանց հեղինակը Կահիերում ծնված, վտարանդի-կոսմոպոլիտ Աննա Պողիկյանն էր. դա ճայերի ճիչերի տակ աղի ալիքների վրա լողացող հսկայական առագաստ էր: Saltwater-ը, ինչ խոսք, նաև ալիքներ են:

Պատկերները/ մենք դա տեսնում ենք այսօր նաև Պալմիրայում/ անհետանում են, հնչյունային ալիքները /ամեն դեպքում, ցանկանում ենք դրան հավատալ/ գլորվում են դեպի Տիեզերքի եզրերը: Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում, ուր բացվել է բիենալեի ամենախոշոր խմբային ցուցահանդեսը, ներկայացված է Նիկիտա Կադանի փիլիսոփայական ինստալյացիան՝ Լուսավորության բնության/բնույթի/ մասին. վերևում պատերազմից ոչնչացած էքսպոզիցիան է՝ եղջերուների խրտվիլակներից ու բարիկադներ դարձած անվադողերից՝ ակնարկելով Դոնեցկի երկրագիտական թանգարանի կործանումը: Ներքևում, դրա տակ՝ ռմբապաստարանն է՝ նառ-մահճակալներով, իսկ գետնի տակից արդեն նշմարվում են կանաչ ծիլերը: Մշակույթը վերարտադրվում է իր ողջ բազմազանությամբ՝ գեղարվեստական մշակույթից մինչև բռնության մշակույթ: Նախկինում շքեղ, ներկայումս կիսաքանդ իտալական վիլլան՝ Բյույուկադա կղզում, լցվում է Սյուզան Ֆիլիպսի աուդիոհեռարձակման համահունչ կաթկթոցով: Կարծես Մարկոնին է ասել, որ մեր արձակած յուրաքանչյուր ձայնն ինչ-որ տեղ դեռևս հնչում է:

Ձայնը ժամանակ է, և բիենալեն շատ ժամանակ կպահանջի. իրեն ամբողջությամբ ընկալելու՝ Հին քաղաքից մինչև Բեյօղլու, Քադըքյոյից՝ Շիշլի, սևծովյա ափերից մինչև Իշխանաց կղզի: «Դուք շատ ժամանակ կանցկացնեք աղի ալիքների վրա,- «թունոտ» զգուշացնում է ուղեցույցը,-դա օգտակար է առողջության համար, թոքերի համար և նյարդերի համար, դուք հնարավորություն կունենաք մտածել արվեստի մասին»: Բիենալեի ուղեցույցը հրաշալի է քաղաքով շրջելու համար, սակայն նրա Գուգլ-քարտեզները կույր են ու դժվարընթեռնելի: Փոխարենն՝ ամեն էջում մանրամասն նկարագրված է՝ ինչպես հասնել երթուղու հաջորդ կետին. շրջվեք աջ, գնացեք 100 մետր… Գրված է այնպես, որ եթե հարցնես պատահական անցորդի,կպատասխանի՝ մանրամասն ու ձեռքերը թափահարելով: Ինչու՞, որովհետև ձայնը պատկերից վստահելի է, իսկ երևակայությունը / գանք խորագրին՝ մտածելակերպը/ նախընտրելի է տեսողությունից, առավել ևս, որ հրապարակների մի մասը մտացածին է, ավելի ստույգ, Գարիբալդիի տունը կամ Ֆրանսիական որբախնամ տունը Ստամբուլում կան, սակայն ոչ մի էքսպոնատ, բացի, թերևս, տվյալ տեղին բնորոշ ոգուց, չկա:

Ստամբուլի մասով՝ Կարոլի Քրիստով-Բակերջիևի գլխավոր խորհրդատուն դարձավ Օրհան Փամուկը. դպրոցներից, դրամատներից, հյուրանոցներից և մասնավոր տներից շատերը, ինչպես նաև թանգարաններն ու մշակութային կենտրոնները, որտեղ հյուրընկալված էր բիենալեն, պատկանում են հույներին, հայերին, իտալացիներին կամ էլ թե կառուցվել են իտալացի, հույն կամ հայ ճարտարապետների կողմից, ինչը, հասկանալի է, պատահական չէ:

Նույն այդ Հունական դպրոցում է Մայքլ Ռակովիցն ամբողջացնում է  ֆրոտաժների իր հավաքածուն ու Ստամբուլի նորագույն շինությունների գիպսե պատճենները. դրանց անհրաժեշտ դեկորները պատրաստվում են հայկական , մեծ ճանաչում ունցող մի արհեստանոցում: Ինստալյացիան լրացնում է Սիվրիադա կղզու շների ոսկորների հավաքածուն. 1910 թվականին անմարդաբնակ այդ կղզում իջեցրին Ստամբուլի բոլոր թափառող շներին՝ քաղցից սատկելու, միմյանց հոշոտելու: Պատմական այս սև էպիզոդն այսօր ընկալվում է իբրև ցեղասպանության նախաբան: Ու Ստամբուլի շների հիշատակին է նվիրված Պիեռ Յուիգայի ստորջրյա անտեսանելի ինստալյացիան Սիվրիադայի ափերին:

Օրհան Փամուկը, որ բիենալեին մասնակցում է որպես նկարիչ ՝ իր պատանեկության շրջանի նկարներով / նա պատրաստվում էր գեղանկարիչ դառնալ/ և «Անմեղության թանգարանի» տոտալ ինստալյացիաներով, ուր ներկայացված են հայ հանճար Արշիլ Գորկու կտավները, հասցրեց իր մանկության կղզի՝ Բյուկադա: Բյուկադան՝ ժամանակին մեծահարուստ հույների, հայերի ու հրեաների առանձնատներով, այսօր արդեն բնակեցնում են պատմության ուրվականները. Ու այդ ուրվականներից ամենահայտնին՝ Լև Տրոցկու ուրվականն է. այստեղ նա անց էր կացրել իր աքսորի առաջին չորս տարիներ: Անհայտությունից ուրվականներին ոգեկոչել են Ուիլյամ Քենթրիջը և Ադրիան Վիլյար Ռոխասը: Կղզու ամենաշքեղ «Splendid Palace» հյուրանոցում ցուցադրվում է քենթրիջյան «Օ,սենտիմենտալ մեքենա» վիդեոինստալյացիան՝ որպես էկրաններ օգտագործելով հյուրանոցի համարների դռները. կինոքրոնիկայի կադրերը միահյուսված են վոդևիլի և ռոմո-վերտովյան ոճով, ուր Քենթրիջը ներկայանում է պերմանենտ հեղափոխությունների կրակոտ տրիբունի կերպարով, որի գլուխն աստիճանաբար վեր է ածվում լոզունգներ արտանետող բարձրախոսի: Ադրիան Վիլյար Ռոխասը բերում է մեզ Տրոցկու տուն. անցնելով վիլլայի ավերակներով ու այգով թավուտներով՝ մենք կիջնենք ծով, որպեսզի տեսնենք խիմերաներին. ճերմակ, ինչպես ճենապակի, գազանները դուրս են գալիս ալիքներից՝ իրնց մեջքին բերելով մահացած եղբայրներին ու նաև  բուսական և մշակութային աղբ: Եվ ծովը նվիրում է իր բնական ու հավերժական նվագակցությունն այս շքեղ, սյուրռեալիստակա ու, ավաղ, ժամանակավոր նկարին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930