Լրահոս
Օրվա լրահոսը

Բեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ

Հունիս 23,2026 14:35 Share

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտասերներին պարգևեց բեթհովենյան գեղեցիկ երեկո։ Ներկայացվեցին Լյուդվիգ վան Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան և «Կորիոլան» նախերգանքը։ Համերգը ղեկավարում էր անվանի դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը։

Գերմանացի կոմպոզիտոր Բեթհովենի անունը վաղուց դարձել է մարդկային կամքի, ստեղծագործական ուժի և հոգևոր հաղթանակի խորհրդանիշ։ Նա այն արվեստագետներից է, որոնց ստեղծագործությունները փոխեցին ոչ միայն երաժշտության պատմությունը, այլև արվեստի հնարավորությունների մասին մարդու պատկերացումը։

Լյուդվիգ վան Բեթհովենի կյանքն անցել է դասական և ռոմանտիկ երաժշտական դարաշրջանների սահմանագծին՝ դարձնելով նրան երկու աշխարհները կապող կամուրջ։

Այս գաղափարներն առանձնահատուկ կերպով արտացոլված էին նաև համերգի ծրագրում ընդգրկված երկու ստեղծագործություններում։

Երեկոյի առաջին ստեղծագործությունը Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքն էր, որը «պատմում է» հռոմեացի զորավար Գայոս Մարցիուս Կորիոլանոսի կյանքի դրամայի մասին։ Հերոսն ուժեղ և անզիջում անհատականություն է, որը հայտնվում է ծանր բարոյական ընտրության առջև։

Եթե «Կորիոլանը» ներկայացնում է մարդու ներքին պայքարը, ապա Բեթհովենի Յոթերորդ սիմֆոնիան կյանքի, շարժման և էներգիայի տոնակատարություն է։ Այն համարվում է Բեթհովենի ամենից կենսախինդ ու հզոր ստեղծագործություններից մեկը։

Հետաքրքիր է, որ Բեթհովենն այս սիմֆոնիան գրել է մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպան պատերազմների, քաղաքական ցնցումների և անորոշության մեջ էր։ Բայց ուշագրավ է, որ երաժշտության մեջ հուսահատություն չես գտնի։

Հատկանշական է, որ բեթհովենյան համերգը ղեկավարում էր հենց գերմանացի դիրիժոր։ Մաեստրո Ստեֆան Ֆրուխտը երկրորդ անգամ է Երևանում ելույթ ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշում է, որ Բեթհովենի երաժշտությունն իր համար առանձնահատուկ է։ Դիրիժորը նկատում է, որ 7-րդ սիմֆոնիան ազատության, հաղթանակի մասին է, թեմաներ, որոնք արդիական ու կարևոր են բոլոր ժամանակներում։

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ մաեստրո Ֆրուխտը նշում է, որ նվագախումբը ճկուն է, կարող է նվագել շատ տարբեր ոճեր։ «Եվ ես այնքան երջանիկ եմ, որ մենք իսկապես կարողացանք շատ արագ հարմարվել այս երաժշտությանը»,- ասում է Ֆրուխտը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930