Լրահոս
Օրվա լրահոսը

Չալման հանելու ժամանակը

Սեպտեմբեր 19,2015 15:30
Merujan Ter-Gulanyan

Ամեն ինչ սկսվեց դեռեւս այն ժամանակ, երբ մեր ճանաչած ժամացույցի ճոճքը չէր, որ որոշում էր անցնող օրերն ու տարիները, եւ ոչ էլ օրացույցն էր որոշում` լիներ շումերական, եգիպտական, մայաների կամ հայկական: Քանի որ ժամանակը, ինձ թվում է, ինքնին գոյություն չունի եւ ինքն ի սկզբանե անժամանակն է, եւ մարդը չափում էր ոչ թե ժամանակը, այլ շարժումը, որպեսզի կանոնավորի իր կյանքը, որպեսզի հաշվի ու մտածի` երկա՞ր ապրեց, թե՞ կարճ, քանի՞ գարուն տեսավ եւ ինչպե՞ս հասավ ձմռանը:

Եվ անժամանակների մեջ եղավ այնպես, որ սովի, ցրտի, նախճիրների ու ջրհեղեղահալածության միջով անցած մարդիկ չդարձան հարազատներ, մնացին օտար, եւ իրենց թվում էր, թե ժամանակը հավերժական հոսող մի առու է, որի ափին նստած` ոտքերը կկախեն ժամանակ հոսող ջրի մեջ, ուր կխլրտան ձկները երթեւեկ, եւ այդ ջուրը հատկապես իրենց համար է հոսում:

Եվ եղան մարդիկ-տիրապետողներ, որոնց թվաց, թե իրենց կյանքն անվախճան է, ինչպես իրենց տիրապետությունը, եւ իրենք կհաղթեն ժամանակներին եւ կլինեն անմահ:
Սակայն Խորեզմում մի հրաշալի տղա աստղադիտարան սարքեց եւ տեսավ երկնային անհայտության հայտնի շարժումները: Երբ նա գրեթե արդեն, արդեն հասկանում էր այն, ինչը մենք մինչ օրս փնտրում ենք… հայտնվեց Չինգիզ Խանը եւ նրա բոլոր հայտնաբերած աստղերի փոխարեն դրեց իր անունը երկնքում` հավատալով, որ աստղերից երկար կապրի` մոռանալով, սակայն, որ անցած օրը ընդամենը այսօրվա հիշողությունն է, իսկ այսօր ծնվում է վաղվա տեսիլքը, որտեղ ինքը երկնքում չէ այլեւս…

Հիշում եմ Փոքրիկ Իշխան-վկայողին, ով պատմում էր, թե ինչպես մի անգամ մի թուրք աստղագետ մի նոր աստղ հայտնաբերեց եւ աստղագետների համաշխարհային գիտաժողովում ներկայացրեց իր հայտնաբերածը, սակայն ոչ ոք նրան չհավատաց, որովհետեւ թուրք աստղագետը չալմայով էր: Անցան տարիներ, եւ անհայտ աստղը հայտնաբերող նույն թուրք գիտնականը Փարիզում նույն գիտնականների առջեւ ներկայացրեց նույն աստղը եւ այս անգամ նրան հավատացին, որովհետեւ նա արդեն եվրոպական հագուստով էր եւ հանել էր գլխի չալման:

Եվ մեր օրերում եղեռնի եւ նախճիրների միջով անցած մեր երկիրը երկխոսություն է սկսում իր հարեւանի հետ, ով քոչելով սիբիրներից՝ տիրապետեց հայոց եւ հունաց հայրենիքներին, ուր եւ կարողացավ հիմնադրել իր պետությունը:

Այնուհետեւ Սուլթան Համիդի կոչով մեր հայրենիք ներգաղթեցին քրդերը, ովքեր սկսեցին այդ նույն հայերի եւ նույն հույների կոտորածը ՝ տիրանալով նրանց ունեցվածքին: Բայց դրանով չավարտվեց քրդերի ներգաղթը: Նրանք այնքան շատացան, որ այսօր ահեղ վճռականությամբ պատրաստվում են հռչակել իրենց անկախ Քրդստանը:
Այո՛, Թուրքիա, չալման հանելու ժամանակն է՝ ոչ միայն մեղքդ ճանաչելու, այլ նաեւ քրդերին անկախություն շնորհելու…

Բայց ո՞ւմ հողերի վրա:

Այո, Թուրքիա, մի օր անպայման ներողություն կխնդրես, քանի որ ո՛չ Չինգիզ Խանի եւ ո՛չ էլ Լենկ Թեմուրի աստղը երկնքում չեն, բայց կա երկիրը, որտեղ դու, մեր թուրք հարեւան, չես կարող այլեւս չալմայով ապրել, որովհետեւ քո ազգի պատմությունն արդեն քո թշնամին է…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930