Երեկ էլ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղում կրկին խաղողի բերքահավաք էր, քանի որ նախորդ օրերի հավաքած խաղողը կարողացել էին ամբողջությամբ իրացնել: Այն բանից հետո, երբ Պառավաքարի բնակիչները «Առավոտի» հետ զրույցում դժգոհություն էին հայտնել, որ երկու օր է՝ խաղողով բեռնված բեռնատարները շարասյուն կազմած անհույս սպասում են մթերման իրենց հերթին, սակայն մարզում խաղողի մթերումով զբաղվող գործարանը հայտարարել էր, որ պայմանագրերով նախատեսված քանակը մթերել են, եւ գործարանի ամբարներում այլեւս տեղ չկա, ինչի հետեւանքով էլ գյուղացիները սպառնացել էին բեռնատարներով հասնել Բաղրամյան 26, գյուղատնտեսության նախարարությունից կապվել էին գյուղացիների հետ եւ հայտնել, որ հարցը կարճ ժամկետներում կաշխատեն լուծել:
«Առավոտն» իր «Խաղողով բեռնատարները կճանապարհվեն Բաղրամյան 26» հրապարակման մեջ, որը լույս էր տեսել թերթի հոկտեմբերի 7-ի համարում, նաեւ նշել էր, որ գյուղացիների հաշվարկներով՝ դեռեւս 60 տոննա բերք էլ այգիներում կա, եւ նրանք չգիտեն այդ բերքի հետ ինչ է լինելու, եթե մթերող գործարանները հրաժարվեն ընդունել: Հատկապես, որ խաղողի մթերումից ստացած եկամուտը այս տարածքի գյուղերի բնակիչների եկամտի միակ աղբյուրն է, խաղողը աճեցնելու համար վերցրած վարկերը փակելու միակ միջոցը:
Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց պառավաքարցի բնակիչ Վահան Վահանյանը, հրապարակումից հետո իրեն զանգահարել են գյուղատնտեսության նախարարությունից եւ Բերդի տարածքի գինու ու կոնյակի գործարանից եւ պատրաստակամություն հայտնել ընդունելու հավաքված ողջ բերքը՝ 45 տոննաից ավելի, եւ դեռ ավելին՝ պայմանավորվել են, որ կմթերեն նաեւ այգում մնացած խաղողը: Արդեն օրվա վերջում տեղեկացանք, որ գյուղացիների հավաքած ողջ խաղողը մթերված էր:
ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
09.10..2015


















































