Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ

Հոկտեմբեր 16,2015 10:05

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ չորրորդ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ

Չնայած Շահամիրյանի էդ աշխատանքային դրամային որոշակի հումորով անդրադարձա, դրա պատճառն  էն էր, որ ժամանակին ըստ էության ու խորապես չեմ ընկալել Շահամիրյանի էդ, ուրեմն, աշխատանքային ու ծառայողական դրաման, ինչպես նաեւ՝ Աֆղանստանի պատերազմի էությունն ու ողբերգականությունը, եւ չնայած մշտապես գերադասել եմ իմ իսկ պատումի թեթեւ  շունչը, եւ չնայած դրական եմ վերաբերվում գրական գործերի մեջ հումորի ու երգիծանքի գոյությանը, այդուհանդերձ, մարդկանց ծաղրելու սեր ու նպատակ չունեմ, եւ չնայած չափազանց դժվար եւ գրեթե անհնար է առանց մարդկանց ծաղրելու՝ հումորի ու երգիծանքի գոյությունն ապահովել, այդուհանդերձ, ես կյանքում ու հատկապես գրածներիս մեջ հենց էդ դժվարին ու անհնարինին եմ ձգտել ու ձգտում, եւ չնայած ինքս էլ հումորից ու կատակից նեղացող ու նեղսրտող չեմ, այդուհանդերձ, երբ ինձ ծաղրում են, շատ փիս եմ նեղվում ու նեղսրտում, բայց հիմա որ մտածում եմ, սկսում եմ հասկանալ, որ շատ իզուր եմ նեղվում ու նեղսրտում, որովհետեւ հումորի ու ծաղրի սահմանն էնքան աներեւույթ է, որ սահմանազանց չլինելը չափազանց դժվար ու գրեթե անհնարին է, եւ չնայած մարդկանց չծաղրելն իմ մշտական ու շարունակական ձգտումն է, էդ ձգտումն ինձանից ահավոր ջանքեր է խլում՝ մանավանդ ստեղծագործական իմ էս անվերջանալի գործընթացում, եւ մարդկանց չծաղրելը հատկապես ու առանձնապես  ինձ համար է դժվար, որովհետեւ մարդիկ  հատկապես ինձանից են հումոր ակնկալում՝ առօրյա կյանքում ու էս գրածներիս մեջ, եւ մինչեւ անգամ ծաղր են ակնկալում, բայց յուրաքանչյուրն ուզում է, որ իմ բանավոր ու մանավանդ գրավոր ծաղրը ոչ թե անձամբ իրեն ուղղված լինի, այլ միայն՝ ուրիշներին, մինչդեռ ինձ համար ընդհանրապես ուրիշ գոյություն չունի, եւ եթե մանավանդ գրավոր խոսքիցս որեւէ մեկը նեղանում է, ես էդ բանը չափազանց ծանր եմ տանում, գրեթե նույնքան ծանր՝ երբ որեւէ մեկը բանավոր կամ գրավոր ծաղրի է ենթարկում ինձ, բայց իմ ծաղրվելն էլ է հազվադեպ պատահող բան, որովհետեւ ես շարունակաբար ձգտում եմ ինձ հեռու պահել հատկապես էն մարդկանցից, որոնք ինձ ծաղրելով՝ առանձնակի հաճույք են ստանում, եւ մխիթարությունս էն է,  որ մարդու էդ տեսակը ոչ թե հատկապես ինձ, այլ ընդհանրապես բոլորին է փորձում ծաղրել ու նվաստացնել, որովհետեւ  բոլորին հավասարապես է ատում, եւ ծաղրել էլ որ ասում եմ, ընդամենը չարամիտ ու նենգ կծմծոցներ են,  եւ մարդու էդ տեսակն անխտիր բոլորին է փորձում ծաղրել ու նվաստացնել, եւ ում վրա որ ուժը չի պատում, լավ էլ քծնում ու շողոքորթում է, եւ մարդու էդ տեսակի առումով հաջորդ մխիթարանքս էն է, որ մարդու  էդ տեսակն անխտիր բոլորի կողմից է ծաղրված ու նվաստացած, եւ մխիթարանք եմ ասում, բայց նույնիսկ մարդու էդ տեսակն է երբեմն-երբեմն մարդկային վիճակների մեջ հայտնվում, եւ, եթե դեռեւս հիշում եք, իմ հերոսներից, ավելի  ճիշտ՝ իմ հակահերոսներից Չուգունը եւս մի պահ մարդկային վիճակի մեջ հայտնվեց, եւ Չուգունին եմ էս պահին հիշում ու շեշտում, որովհետեւ, եթե հիշողությունս չի դավաճանում, Չուգունը թերեւս էս վեպիս գործող անձերից միակն է, ում ընդգծված բացասական եմ ներկայացրել, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ մնացած բոլոր գործող անձերս Չուգունից դրական ու Չուգունից լավն են, այլ ընդամենը նշանակում է, որ ես էդ բոլոր վատերին իրենց ամենալավ ու ամենամարդկային վիճակներում եմ նկատել ու ներկայացրել, ու էդ առումով Չուգունը միանշանակ բացառություն է. այսինքն, ես իրեն միանգամայն նպատակադրված եւ միանգամայն միտումնավոր եմ բացասական  ներկայացրել, որովհետեւ Չուգունն իբրեւ չկայացած բանաստեղծ՝ մոլեգնորեն էր նախանձում  մեկ այլ չկայացած բանաստեղծի՝ Պարկետչիկ Հրաչին, որն ամբողջ կյանքում ընդամենը երկու անգամ տպագրվեց՝ «Գարունում» ու «Գրական թերթում», եւ չնայած Պարկետչիկին էլ եմ «չկայացած» ասում, ինքը շատերիցս լավ էր գրում, եւ որ ասում եմ՝ շատերիցս լավ էր գրում, ոչ թե ձեւ եմ անում, այլ միանգամայն անկեղծորեն եմ ասում, եւ չնայած շատերիցս լավ էր գրում, ընդամենը երկու անգամ տպագրվեց՝ «Գարունում» ու «Գրական թերթում», ու էն էլ՝ Հովհաննես Մելքոնյանի միջնորդությամբ ու բարեխոսությամբ, եւ չնայած Հովհաննեսի միջնորդությամբ էր տպագրվել, տարածել էին թե՝ Հրաչը «Գարունում» տպագրվելու համար գլխավոր խմբագիր Անժիկ Հակոբյանի բնակարանի մանրահատակն էր անվճար խփել, իսկ «Գրական թերթում» տպագրվելու համար՝ Համո Սահյանինը, եւ բամբասանքի էդ վերսիայի  հեղինակներից ու  տարածողներից գլխավորը Չուգունն էր, բայց էդ բամբասանքներն ամենից քիչ իրեն՝ Պարկետչիկ Հրաչին էին հետաքրքրում, որն էդ  բամբասանքների  ընթացքում գործիքները ծախեց ու ամբողջովին նվիրաբերվեց պոեզիային, եւ գործիքները ծախելու վարկածն էլ էր բամբասանք, որովհետեւ Հրաչն իրականում գործիքները ոչ թե ծախել, այլ նվիրել էր իր արհեստակից ընկերներին:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031