Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

Նոյեմբեր 20,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ իններորդ

ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

Եթե ուզում են կոնկրետ որեւէ քաղաքական գործչի վարկաբեկել, վերջինիս մասին ասում ու գրում են թե՝ վերջինս ուղղակիորեն ուղղորդվում ու ղեկավարվում է Բաղրամյան 26-ից, իմա՝ Սերժ Սարգսյանից. այսինքն, մեր ամենաարմատականներն ու ամենաընդդիմադիրներն էս Բաղրամյան 26-ը որպես Սերժ Սարգսյանի հոմանիշ են օգտագործում, ավելի ճիշտ՝ էս Բաղրամյան 26-ն ասում ու գրում են, որպեսզի չասեն ու չգրեն Սերժ Սարգսյան  կամ, ասենք, նախագահ, եւ եթե երբեմն-երբեմն ստիպված են լինում գործող նախագահի անունն ասել ու գրել, ասում ու գրում են՝ Սերժիկ կամ, լավագույն դեպքում, Սերժիկ Սարգսյան, եւ եթե դու Սերժ ես գրում, այլ ոչ թե՝ Սերժիկ, իրենց աչքում արդեն ներքին թշնամի ես կամ, առնվազն, իշխանամետ ու պնակալեզ, եւ հիմա հիշելով ուզում եմ հիշեցնել, որ նախորդ նախագահների օրոք էլ է նույնը եղել. Լեւոնի օրոք ամենաարմատական ընդդիմադիրներն ու մանավանդ ընդդիմադիր  լրագրողները ոչ թե Լեւոն կամ Տեր-Պետրոսյան էին ասում ու գրում, այլ բացառապես՝ Լ. Տ. Պ., եւ Քոչարյանի օրոք էլ Ռոբ կամ Ռոբիկ էին ասում ու գրում, եւ հիմա էլ ես Բաղրամյան 26-ն են տեղին ու հիմնականում անտեղի ասում ու գրում, ինչը չէին անում Լեւոնի ու Ռոբերտի օրոք, եւ դրա պատճառը բացատրելն  ինձ համար չափազանց դժվար է, որովհետեւ նախ ինքդ պիտի երեւույթն ու պատճառը հասկանաս, որպեսզի կարողանաս ուրիշներին բացատրել, եւ հիմա վերստին փորձելով էդ երեւույթը հասկանալ՝ վերստին չեմ կարողանում, եւ վերստին էդ երեւույթի միակ բացատրությունս այն է, որ ընդդիմադիր քաղգործիչներն ու մանավանդ ընդդիմադիր լրագրողներն արվեստագետների ու գիտնականների պես անընդհատ որոնումների մեջ են եւ շարունակ նորարարության են ձգտում, եւ նորի փնտրտուքի էդ ճանապարհին ահա Բաղրամյան 26 կոչվող էս միանգամայն նոր արտահայտչամիջոցն են հայտնագործել, եւ, կարելի է ասել, որ նորի ու նորարարության տեսակետից էս հայտնագործությունը բավական հաջող է, բայց, այդուհանդերձ, արդեն էս Բաղրամյան 26-ն էլ է  հոգնեցնում ու ձանձրացնում, որովհետեւ ցանկացած նորարարություն ու նորաբանություն չափից ավելի  օգտագործվելու ու կրկնվելու դեպքում ոչ միայն հոգնեցնում ու ձանձրացնում է, այլեւ դադարում է նորություն ու նորարարություն հանդիսանալ, եւ սա հենց էդ դեպքերից է, եւ չնայած էս Բաղրամյան 26-ն ու հարակից էս զգացողություններս էս վեպիս հետ որեւէ կապ չունեն, այդուհանդերձ, իմ ու ձեր համընդհանուր կյանքին միանգամայն ուղղակիորեն են առնչվում, եւ էս առաջին դեպքը չի, որ հիմնական թեմաս ու ասելիքս մի կողմ թողած՝ էսօրվա մեզ հուզող այլ խնդիրների եմ անդրադառնում, եւ չնայած էս Բաղրամյան 26-ի հետ կապված էս վկայակոչությունս առանձնապես ինձ ու ձեզ հուզող հարցը չի, այդուհանդերձ, իմ ու ձեր կյանքին միանգամայն ուղղակիորեն է առնչվում, եւ եթե էս պահին էդ հարցն էսքանով միտքս զբաղեցրեց, շատ հնարավոր է՝ մի օր էլ ձեր ուշքն ու միտքը զբաղեցներ, որովհետեւ մենք նույն էս միածին կյանքն ենք ապրում եւ ընդհանուր առմամբ  նույն հարցերով ու նույն խնդիրներով ենք հետաքրքրվում, եւ եթե Բաղրամյան 26-ի մասին էս մտորումներն առաջինը ձեր խոնարհ ծառան արտահայտեց, այլ ոչ թե՝ ձեզանից որեւէ մեկը, էդ նրանից է, որ ես գրող եմ, իսկ դուք՝ ոչ, եւ, գրող լինելուցս էլ բացի, արդեն շուրջ 10 տարի է՝ «Առավոտ» թերթն ու «Առավոտի» էս ինտերնետային կայքը տրամադրությանս տակ են, եւ ես պարտավոր եմ գրել ու ասել բաներ, որոնք ոչ միայն ինձ, այլեւ ձեզ էլ են հուզում ու հետաքրքրում, եւ եթե Բաղրամյան 26-ի հետ կապված  էս հարցը երբեւէ ձեզ չի հետաքրքրել, մի օր հաստատ հետաքրքրելու էր՝ ինչպես որ ինձ հանկարծակի ու անսպասելի հետաքրքրեց, եւ ահա շուրջ 10 տարի է՝ ես «Առավոտ» թերթում ու հիմա էլ «Առավոտի» էս կայքում գրում ու ասում եմ բաներ, որոնք, ըստ ամենայնի, նաեւ ձեզ պիտի հետաքրքրեն, եւ չնայած էս վեպս ինքնակենսագրական բնույթ ու ուղղվածություն ունի, այդուհանդերձ, ես ինքնակենսագրականիս մեջ ոչ մի կերպ չեմ կարողանում սթրվել եւ ավելի հաճախ  ձեզ հետաքրքրող հարցերից ու խնդիրներից եմ խոսում ու գրում, որովհետեւ ես մեր էս մինուճար ու միածին կյանքում ավելի հաճախ ձեր մասին եմ մտածում, քան՝ իմ, եւ դա ոչ թե մարդասիրությունիցս է բխում, այլ՝ իմ իսկ շահերից, որովհետեւ մանավանդ վերջերս եւ մանավանդ մեր էս վայրի ու անմարդկային կապիտալիզմի պայմաններում արդեն վերջնականապես եմ հասկացել, որ ես մենմենակ պարզապես ոչինչ եմ, եւ չնայած էս ընթացքում հասկացել եմ նաեւ, որ մեր էս վայրի ու վայրենի կապիտալիզմի պայմաններում մարդը մարդուն ոչ թե բարեկամ է, այլ հիմնականում՝ գայլ, այդուհանդերձ, իմ էս անպաշտպան վիճակում էլի մարդկանց հետ եմ հույսերս կապում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30