Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Արտագաղթելու տեղ էլ չկա»

Նոյեմբեր 23,2015 16:09

Եթե պետությունն ապրում է պարտքով, ապա երկու անգամ ավելի պարտքով ապրելու է ազգաբնակչությունը: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով մեր երկրի օր օրի մեծացող արտաքին պարտքից, որը 2016-ին հասնելու է 5,6 միլիարդ դոլարի, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Հայաստանի տնտեսության վիճակն, ըստ պարոն Կարապետյանի, ավելի է «վատթարանալու», քանի որ մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն է:
Այն տեսակետը, թե Հայաստանը ԵՏՄ մտնելով սխալ որոշում կայացրեց, Արամ Կարապետյանը չի կիսում, քանի որ այլընտրանք այս հարցում չի տեսնում:

Ըստ նրա, Եվրամիությունը, նույնիսկ իր անվտանգությունը չի կարողանում ապահովել եւ նրա անվտանգությամբ ՆԱՏՕ-ն է զբաղվում, Չինաստանի պարագայում, ըստ Արամ Կարապետյանի, առայժմ, ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա, Իրանի հետ էլ, նրա կարծիքով, այդքան հեշտ չէ համագործակցելը եւ մնում է միայն ԱՄՆ-ն:

Հիշեցնելով Վրաստանի օրինակը, երբ մի շարք չինովնիկներ ԱՄՆ կառավարությունից էին վարձատրվում, Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանին էլ չհաջողվեց լիարժեք համագործակցություն Միացյալ նահանգների հետ:

Նշելով ԵՏՄ-ի առավելությունները, Արամ Կարապետյանն ասաց, որ հարկեր չենք մուծելու, 20 տոկոս ԱԱՀ-ն էլ չի լինելու, ինչը մեծ առավելություն է մեր տնտեսության համար: Եկող տարի, Արամ Կարապետյանի հաշվարկներով, 508 միլիոն դոլար ավելի քիչ տրանսֆերտներ են մտնելու Հայաստան: Ինչպես մեր երկրում, Ռուսաստանում, նույնպես, աղքատությունն աճելու է: Սոցիալական վատ վիճակը կուսակցության նախագահի կարծիքով, բերելու է սոցիալական «բունտերի»:
Նրա խոսքերով, «փոքրիկ խմբերով բունտեր մեր երկրում արդեն լինում» են. «Գյուղացիները այս կամ այն դժգոհությունն ունենալով ճանապարհներ են փակում»: Արամ Կարապետյանի համոզմամբ, սոցիալական վատ վիճակը հնարավոր է արտագաղթի տեմպերն ավելացներ, սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի վատ վիճակը, որտեղից անգամ մեր հայրենակիցները հետ են գալիս, կամ Եվրոպայում միգրանտների պատճառով ստեղծված իրավիճակը, արտագաղթի տեմպերը կդանդաղեն. «Արտագաղթելու տեղ էլ չկա, միակ երկիրը մնում է ԱՄՆ, սակայն այդ երկիրն էլ հիմնականում գրին քարտերով է աշխատում եւ ընտրում են այն մասնագետներին, որոնք կարող են ինտեգրվել տնտեսական կացութաձեւին»:

Սոցիալական խնդիրներն, ըստ Արամ Կարապետյանի, կհանգեցնեն նաեւ «ուժեղ հոգեբանական» խնդիրների. «Ինքնասպանությունների թիվը կաճի, կողոպուտները կավելանան»: Նրա խոսքերով, եկող տարի «մեր իշխանությունը ռեալ կզգա՝ ինչ է նշանակում տնտեսական վատ քաղաքականություն վարելը»:

Արամ Կարապետյանի համոզմամբ, Հայաստանի միակ փրկությունը արդյունաբերական ոլորտի վերակենդանացումն է: Նրա խոսքերով,

Ռուսաստանում էլ պետք է լինեն տնտեսական արմատական փոփոխություններ:

Միակ բանը, որն ըստ Արամ Կարապետյանի, ուրախացնող է, նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանի բյուջեի երկու անգամ նվազումն է. «Ադրբեջանը 13 միլիարդ դոլար անցյալ տարի կորցրել է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30