ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընտրվեց «Լուսավոր Հայաստանի» խորհրդի նախագահ
«ՀՀ-ն պետք է ունենա փոքր, բայց արդյունավետ կառավարություն, միջոցները պետք է արդյունավետ ծախսվեն: «Լուսավոր Հայաստանը» կոռուպցիայի դեմ անողոք պայքար է մղելու: Պայքարելու է պետական միջոցների անարդյունավետ ծախսման դեմ: Մենք ամեն մի հարկատուի գումարների համար պայքարելու ենք: Հարկատուի հաշվին որեւէ ճոխություն՝ անթույլատրելի է»,-այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ ընտրված Էդմոն Մարուքյանը: Համագումարը տեղի ունեցավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որին ներկա էին 250 պատվիրակներ Երեւան քաղաքից եւ մարզերից։
Համագումարի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ ընտրված Մանե Թանդիլյանը, որը «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից էր, կարեւորեց կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում:
Նրա խոսքերով, երկար տարիներ Հայաստանը գտնվելով Թուրքիայի, Պարսկաստանի ապա Ռուսաստանի տիրապետության տակ՝ լուսավորականության գաղափարները չեն եղել մարդկանց գաղափարների մեջ եւ չեն յուրացրել, քանի որ չենք ունեցել պետություն: Ըստ նրա, «Լուսավոր Հայաստանն» ունի սկզբունքներ եւ արժեքներ՝ հետեւողականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկ գործելակերպը, սկզբունքայնություն. «Մենք մի օր խուսում ենք Եվրամիության մասին, հաջորդ օրը հայտնվում՝ ԵՏՄ-ում»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանի խոսքերով, քաղաքացիները պետք մասնակցեն պետության վերջնական կայացման գործում:
Քվեարկությամբ ընտրվեցին կուսակցության խորհրդի անդամները, որոնց կենսագրությունները ներկայացվեցին համագումարի ժամանակ: Խորհրդի անդամներ ընտրվեցին Մանե Թանդիլյանը, Հայկ Կոնջորյանը, Նորայր Մովսիսյանը, Արտակ Ոսկանյանը, Գրիգորի Դոխոլյանը, Կարեն Սիմոնյանը, Գեւորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Հայկազ Սիմիկյանը, Մարատ Դադունցը, Ջիվան Նադարյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ



















































