Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոնը գոյատևում է նվիրատվությունների, համառության, հրաշքի ու սիրո շնորհիվ»

Դեկտեմբեր 12,2015 21:31

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում այսօր բացվեց Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը:

Մուղդուսյան արվեստի կենտրոնն արդեն մեկ տարեկան է: Ինչպես ասում է կենտրոնի հիմնադիրը՝ նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը, այն հիմնադրվել է մի խումբ երազողների կողմից. «Ի սկզբանե նպատակ ենք ունեցել ազատ տարածք տրամադրել արվեստին վերաբերող բոլոր նախաձեռնությունների համար, ինչպես նաև հավասար հնարավորություններ տալ բոլոր երեխաներին, կրթել նրանց, սեր արթնացնել դեպի արվեստը և, բնականաբար, ստեղծագործել»,- ասաց Մարիամ Մուղդուսյանը:2015-12-12 15.16.50 2015-12-12

Նրա խոսքով՝ կենտրոն ընդունել են հատկապես միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, անապահով ընտանիքների երեխաների, ինչպես նաև զբաղվածության խնդիր ունեցող երիտասարդների. «Իհարկե, մենք չունենք սոցիալական աշխատող և չենք կարող համոզված լինել՝ մեզ դիմողներն իսկապե՞ս ունեն սոցիալական խնդիրներ, թե ոչ: Մենք պարզապես վստահում ենք մեզ դիմողների ազնվությանը»,- նշեց Մ. Մուղդուսյանը:2015-12-12 15.24.43 2015-12-12 15.14.53

Կենտրոնը ֆինանսավորում չունի: Այն գոյատևում է նվիրատվությունների և, ինչպես Մ. Մուղդուսյանն ասաց, համառության, հրաշքի ու սիրո շնորհիվ:

Տաթև Մելքոնյանը Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաներից է: Նա 7 տարեկան է: Արդեն որոշել է, որ բժշկուհի է դառնալու. «Գիտեմ, որ բժշկությունն ու նկարչությունը հեռու են իրարից, բայց ես էլ եմ ուզում հայտնի նկարիչների նման մեծ գործեր ստեղծել: Դրանք շատ գեղեցիկ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տաթևը և ավելացրեց, որ ամենաշատը իր ընտանիքի անդամներին է սիրում նկարել: Ի դեպ, Տաթևի ամենանվիրական երազանքն էլ է ընտանիքի հետ կապված. «Երազում եմ միշտ իմ հարազատների, իմ ընտանիքի կողքին լինել»,- ասաց նա:

Իսկ 13-ամյա Ժաննա Մարտիրոսյանը դեռ չի որոշել՝ բժշկուհի՞ է դառնալու, թե՞ նկարչուհի. «Երկուսն էլ շատ եմ սիրում: Ուզում եմ և´ լավ բժիշկ լինել, և´ լավ նկարիչ»,- ասում է Ժաննան: Նրա նկարներում հատկապես մեծ տեղ ունեն աշնանային տեսարաններն ու ծովը: Իսկ սիրելի նկարիչները Սարյանը և Այվազովսկին են:

Մուղդուսյան արվեստի կենտրոնի մեկ այլ սան՝ 11-ամյա Արմեն Կուրղինյանը, այսօրվա ցուցահանդեսում ներկայացրել էր երկու ստեղծագործություն, որոնցից մեկն անվանել էր «Կոմիտաս», մյուսը՝ «Աստղերի ստեղծումը»:

Aravot.am-ի հետ զրույցում Արմենն ասաց, որ Կոմիտասին նկարելն իր համար հեշտ չի եղել, սակայն դժվարացավ ասել՝ ինչու: Արմենը հաստատ որոշել է, որ նկարիչ է դառնալու. «Շատ եմ սիրում հատկապես Այվազովսկու, Սարյանի ու Լեոնադրո դա Վինչիի ստեղծագործությունները: Երազում եմ հայտնի ու մեծ գեղանկարիչ դառնալ, գեղեցիկ և յուրահատուկ բնապատկերներ ստեղծել»,- ասաց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031