Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում արձանագրված բոտուլիզմի ու շնչառական սուր վարակով հիվանդների թվի ավելացման մասին (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 19:33

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոցում 4 օր բուժում ստանալուց հետո, հունվարի 31-ին «Գյումրի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքն է  տեղափոխվել բոտուլիզմի ախտանիշով վարակված, 1978 թ.-ին ծնված Ա․Ս․-ն  է։  «Գյումրի բժշկական կենտրոն»-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդի մոտ սկսվել էին շնչառական խնդիրներ, այդ պատճառով էլ տեղափոխել են Գյումրի  բժշկական կենտրոն՝ վերակենդանացման բաժանմունք:

«Երկուսն են եղել հիվանդները, մեկը տեղափոխվել է մեզ մոտ, մյուսը շարունակում է բուժումը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Ասեմ, որ ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդն ամբողջ ծավալով ստացել է իր բուժօգնությունը եւ ստանում է, այստեղ էլ է շարունակում ստանալ, ներկա դրությամբ հիվանդի վիճակը կարել է գնահատել միջին ծանրության, կայուն: Ապարատային շնչառության չենք անցել, որովհետեւ  չունենք այդ ցուցումը: Խիստ հսկողության տակ է, ստանում է իր բուժումը: Հիվանդները բարեկամական կապ ունեն՝ փեսա, աներձագ են եւ ընդհանուր տեղ են կերակրվել, սնվել»:  Ըստ փոխտնօրենի, որպես բոտուլիզիմի առաջացման պատճառ տվյալ անձանց մոտ կարող էր լինել պահածոյացված բադրիջանի խավիարը»:

Մենք հիվանդանոցի փոխտնօրենից հետաքրքրվեցինք, թե սուր շնչառական վարակի ի՞նչ ցուցանիշ է արձանագրվում «Գյումրի բժշկական կենտրոն»-ում, մեզ հասած տեղեկություններով այսօր հիվանդների թիվը բավական ավելացել է: «Ասեմ, որ սուր շնչառական վարակով հիվանդներն ամեն օր էլ ընդունվում են, վարակներ եւ վարակի բարդությունները՝ թոքաբորբի տեսքով, ամեն օր էլ ընդունվում են, նաեւ դուրս են գրվում հին պառկած հիվանդները: Առավոտվա 10-ի դրությամբ ունենք 45 հիվանդներ, երկուսը վերակենդանացման բաժանմունքում  են, մնացած 43-ը թերապեւտիկ բաժանմունքում են: Մոտ 13-14-ի մոտ սուր շնչառական վարակ է, իսկ մնացածի մոտ թոքաբորբ, իհարկե այսօր եւս ընդունվել են հիվանդներ, հին հիվանդներից դուրս գրվածներ կան: Շարժը շատ ակտիվ է ե՛ւ դուրս են գրվում, ե՛ւ ընդունվում են, դրա համար ամեն ժամին թիվը կարող է տարբեր լինել»:

Հարցին՝ վարակը նահանջե՞լ է, հիվանդանոցի փոխտնօրենն ասաց. «Համենայնդեպս մենք ընդունում ենք հիվանդներ, դեռ ընդունում ենք եւ դա օրինաչափ է, որովհետեւ վիրուսային ինֆեկցիան, որքան էլ մենք հնարավորինս պայքարում ենք, վարակվելու հավանականությունը կա օդակաթիլային ճանապարհով, եւ դրանից, որպես կանոն, բարդություն՝ թոքաբորբ լինում է»:

Մեր դիտարկմանը, թե վճարովի դառնալը  փաստորեն հետ չի՞ պահում մարդկանց նման դեպքերում հիվանդանոց դիմելուց, Արմեն Խաչատրյանն ասաց, որ անվճարունակ հիվանդներին իրենք են օգնում հիվանդանոցային ֆոնդից, իսկ վճարունակները, բնականաբար, իրենք են վճարում բուժման գումարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29